ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լրացուցիչ 77․334.000 դրամ կտրամադրվի «Դայակ պետության հաշվին» ծրագրում ներգրավված դայակների աշխատավարձի փոխհատուցման համար: Նախարարության բյուջեի վերաբաշխման մասին որոշումը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից:
Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրում նախորդ տարվանից ընդգրկված անձանց համապատասխան վճարումներ կատարելու և նոր շահառուների դիմելու հանգամանքով։
Ծրագրի իրականացման համար 2019 թվականի պետական բյուջեով նախատեսվել էր հատկացնել 242.000.0 հազար դրամ՝ 400 շահառուի համար։ Առաջին վեց ամիսներին ծրագրում ընդգրկվել է 267 շահառու:
Նախորդ տարի՝ 2018 թ.-ին, նույն ծրագրում նախատեսվել էր ընդգրկել 200 շահառու, սակայն պահանջարկից ելնելով՝ ընդգրկվել է 475 մարդ, որից 389-ի ֆինանսավորումն ամբողջությամբ անցել է այս տարի:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագիրը բավականին պահանջված է, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է բյուջետային վերաբաշխման գործընթաց՝ մինչև տարեվերջ ծրագրում արդեն իսկ ընդգրկված դայակների աշխատավարձերի տրամադրման, ինչպես նաև՝ ծրագրին արդեն իսկ դիմած և սպասման մեջ գտնվող 93 նոր շահառուների ներգրավվելու համար:
Նշենք, որ ծրագրի իրականացման ողջ ընթացքում դրանում ընդգրկված շահառուների ընդհանուր թիվը կազմել է 656: