Հաճախ տրվող հարցեր և պատասխաններ
աշխատանքային օրենսդրության կարգավորումների վերաբերյալ
Հարց 1. Ու՞մ կողմից են ընդունվում կազմակերպության ներքին կարգապահական կանոնները:
Գործատուի:
(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդված)
Հարց 2. Ո՞րն է աշխատանքային պայմանագրի կնքման կարգը:
Գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:
Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաև կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ: Էլեկտրոնային ստորագրությամբ կնքված աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը էլեկտրոնային եղանակով փոխանցվում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:
Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:
Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված օրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված օրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար:
(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդված)
Հարց 3. Սովորաբար առավելագույնը ի՞նչ ժամկետ է նախատեսված փորձաշրջանի համար:
Փորձաշրջանի ժամկետը աշխատանքային պայմանագրում հիմնականում սահմանվում է մինչև երեք ամիս: Նախքան փորձաշրջանի ժամկետի լրանալը աշխատանքային պայմանագիրը հնարավոր է լուծել՝ առնվազն 3 օր առաջ ծանուցելով:
(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 92-րդ և 93-րդ հոդվածներ)
Հարց 4. Ե՞րբ է թույլատրվում փոփոխել աշխատանքի էական պայմանները:
Աշխատանքի վայրի, աշխատանքի վարձատրության չափի և (կամ) այն որոշելու ձևի, արտոնությունների, աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմի, տարակարգերի և պաշտոնների անվանումների, աշխատանքային պայմանագրի տեսակի և (կամ) գործատուի փոփոխման դեպքում թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները: Փոփոխելու դեպքում գործատուն պետք է գրավոր ծանուցի մինչև 1 տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, 1-5 տարի աշխատողին` 35 օր առաջ, 5-10 տարի աշխատողին` 42 օր առաջ, 10-15 տարի աշխատողին` 60 օր առաջ:
(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ և 115-րդ հոդվածներ)
Հարց 5. Ինչպե՞ս է լուծվում աշխատանքային պայմանագիրը կողմերի համաձայնությամբ:
Աշխատանքային պայմանագիրը կողմերի համաձայնությամբ լուծելիս, մի կողմը գրավոր առաջարկում է մյուս կողմին լուծելու պայմանագիրը: Համաձայնության դեպքում մյուս կողմը 7 օրվա ընթացքում պետք է ծանուցի առաջարկ ներկայացրած կողմին, որից հետո կնքվում է գրավոր համաձայնագիր:
(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդված)
Հարց 6. Ծանուցման ի՞նչ ժամկետ է նախատեսված աշխատանքային պայմանագիրը՝ գործողության ժամկետը լրանալու հիմքով լուծելիս:
Աշխատանքային պայմանագիրը գործողության ժամկետը լրանալու պատճառով լուծելիս, աշխատողը կամ գործատուն պետք է առնվազն 10 օր առաջ ծանուցի մյուս կողմին: Եթե ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվում և աշխատանքային հարաբերությունները շարունակվում են, ապա պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:
(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդված)
Հարց 7. Ո՞ր դեպքերում է կարող գործատուն իր նախաձեռնությամբ լուծել աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:
1) Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում.
2) արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում.
3) աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում.
4) աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում.
5) աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում.
6) աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում.
7) աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով).
8) աշխատողի կողմից ոգելից խմիչքների, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ աշխատավայրում գտնվելու դեպքում.
9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում.
10) պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելու կամ խուսափելու դեպքում.
11) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով.
12) օտարերկրացու կացության կարգավիճակն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու դեպքում.
13) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 108-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքում աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում:
(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդված)
Հարց 8. Գործատուն իր նախաձեռնությամբ ո՞ր դեպքերում չի կարող լուծել աշխատանքային պայմանագիրը:
Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է`
1) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում, բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերի,
2) աշխատողի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում,
2.1) հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.
2.2) երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեսված դեպքերի.
3) գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունելուց հետո և գործադուլի ընթացքում, եթե աշխատողն այդ գործադուլին մասնակցում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով,
4) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աշխատողի վրա դրված պարտականությունների կատարման ժամանակահատվածում, բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի,
5) տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում, եթե, այդ դեպքերով պայմանավորված, աշխատողը չի ներկայացել աշխատանքի.
6) ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում, եթե մինչև տասներկու տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողը չի ներկայացել աշխատանքի:
Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) հետևանքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս չեն կիրառվում 114-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները:
(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդված)
Հարց 9. Ի՞նչ է նշվում աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման մեջ:
Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման մեջ նշվում են` աշխատանքից ազատելու հիմքը և պատճառը, իսկ աշխատողին այլ աշխատանք առաջարկելու դեպքում` նաև պաշտոնի անվանումը, աշխատավարձի չափը կամ այլ աշխատանք առաջարկելու հնարավորության բացակայության մասին, աշխատանքից ազատելու տարին, ամիսը, ամսաթիվը:
(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդված)
Հարց 10. Ե՞րբ է տրամադրվում աշխատողին ընդմիջում:
Աշխատանքային օրվա (հերթափոխի) կեսի ավարտից հետո, սակայն ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո, հանգստանալու և սնվելու համար աշխատողներին տրամադրվում է 2 ժամից ոչ ավելի և կես ժամից ոչ պակաս տևողությամբ ընդմիջում:
(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 152-րդ հոդված)
Հարց 11. Որքա՞ն է ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը:
Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:
(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդված)
Հարց 12. Ե՞րբ է թույլատրվում աշխատողին ամենամյա արձակուրդից հետ կանչել:
Ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ:
(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդված)
Հարց 13. Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձը ե՞րբ է վճարվում:
Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ, իսկ եթե դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդն սկսելու՝ աշխատողի դիմումում նշված ժամկետից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե աշխատողի համար հաշվարկված աշխատավարձը սահմանված ժամկետում չի վճարվում աշխատողից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է այնքան օրով, որքան օրով երկարաձգվել է աշխատավարձի վճարումը, և երկարաձգված ժամանակի համար վճարումը կատարվում է այնպես, ինչպես ամենամյա արձակուրդի համար:
(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ hոդված)
Հարց 14. Ինչպե՞ս է աշխատող կանանց տրամադրվում հղիության և ծննդաբերության արձակուրդ:
Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ՝ 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության), 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության, 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում: Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:
Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ` որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական (երկու և ավելի նորածին որդեգրելու կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական) դառնալը:
Փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին (երեխայի կենսաբանական մորը) տրամադրվում է արձակուրդ երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական (երկու և ավելի նորածին երեխա ծնվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական) դառնալը:
(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդված)
Հարց 15. Ե՞րբ է տրամադրվում երեխայի խնամքի համար արձակուրդ:
Երեխային փաuտացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողն այն կարող է ստանալ հերթականությամբ:
(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդված)
Հարց 16. Գիշերային աշխատանքի համար որքա՞ն հավելում է սահմանված:
Գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:
(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184-րդ hոդված)
Հարց 17. Արտաժամյա աշխատանքի համար որքա՞ն հավելում է սահմանված:
Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով:
(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 184-րդ hոդված)
Հարց 18. Աշխատանքի ժամանակացույցով չնախատեսված հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքի համար որքա՞ն հավելում է սահմանված:
Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:
(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ hոդված)
Հարց 19. Աշխատանքի ժամանակացույցով նախատեսված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքի համար որքա՞ն հավելում է սահմանված:
Աշխատանքի ժամանակացույցով օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով:
(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ hոդված)
Հարց 20. Աշխատավարձը ի՞նչ պարբերականությամբ և ժամկետներում պետք է վճարվի:
Աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը: Գործատուն կարող է ամսական աշխատավարձ վճարել մեկ անգամից ավելի պարբերականությամբ:
(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ hոդված)
Հարց 21. Որքա՞ն տուժանք է վճարում գործատուն աշխատավարձի ժամկետանց վճարման դեպքում:
Եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:
(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ hոդված)
Հարց 22. Ե՞րբ է աշխատողը կրում նյութական պատասխանատվություն:
Աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնաuը, որն առաջացել է`
1) գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետևանքով,
2) նյութերի գերածախu թույլ տալու հետևանքով,
3) աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիu այլ անձանց պատճառված վնաuը գործատուի կողմից հատուցելու դեպքերում,
4) գործատուին պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախuերից,
5) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետևանքով,
6) անորակ արտադրանքի թողարկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետևանքով:
(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 237-րդ հոդված)
Հարց 23. Ինչպիսի՞ աշխատանքներում չեն կարող ներգրավվել մինչև տասնութ տարեկան անձինք:
ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև oրենքով սահմանված այլ դեպքերում:
(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 257-րդ հոդված)
Հարց 24. Ի՞նչ կարգով են լուծվում աշխատանքային վեճերը:
Աշխատանքային վեճերը ենթակա են քննության դատական կարգով` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Կոլեկտիվ աշխատանքային վեճերը լուծվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով:
Աշխատանքային վեճերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, կարող են հանձնվել արբիտրաժային տրիբունալի լուծմանը, եթե աշխատողի և գործատուի միջև կնքվել է համաձայնություն, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված է վեճն արբիտրաժին հանձնելու հնարավորություն։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով նախատեսված աշխատանքային վեճերը կարող են հանձնվել արբիտրաժային տրիբունալի լուծմանը նույն հոդվածով սահմանված ժամկետում։ Արբիտրաժային համաձայնությունը չի սահմանափակում աշխատողի աշխատանքային պայմանագրից բխող վեճը դատարան հանձնելու իրավունքը, բացառությամբ եթե արբիտրաժային համաձայնությունը կնքվել է վեճը ծագելուց հետո, և կողմերն անվերապահորեն համաձայնել են վեճը հանձնել արբիտրաժային տրիբունալի լուծմանը:
(ՀՀ աշխատանքային օրենսգրքի 264-րդ հոդված)
Հարց 25. Որքա՞ն է նվազագույն աշխատավարձի չափը Հայաստանի Հանրապետությունում:
ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված է 75000 դրամ:
(«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդված)
Հարց 26. ՀՀ օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի մեջ մտնու՞մ են հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:
Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատողների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և լրավճարները:
(«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդված)
Ծանոթություն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔ | ԱՐՁԱԿՄԱՆ ՆՊԱՍՏ | ԾԱՆՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏ |
կազմակերպության լուծարման | Մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով | Ոչ ուշ, քան 2 ամիս առաջ |
աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման | ||
աշխատողին նախկին աշխատանքում վերականգնման | Նախապես չի ծանուցվում | |
աշխատողի` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու | մինչև 1 տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով, 1-5 տարի՝ քսանհինգապատիկի, 5-10 տարի՝ երեսնապատիկի, 10-15 տարի՝ երեսունհինգապատիկ, 15 և ավել՝ քառասունչորսապատիկի | մինչև 1 տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, 1-5 տարի աշխատողին` 35 օր առաջ, 5-10 տարի աշխատողին` 42 օր առաջ, 10-15 տարի աշխատողին` 60 օր առաջ |
աշխատողի երկարատև անաշխատունակության | ||
աշխատողի՝ տարիքային կենսաթոշակի իրավունք ունենալու | ||
աշխատանքի Էական պայմանները փոփոխվելու | ||
աշխատողի՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու |
Հաճախ տրվող հարցեր և պատասխաններ
Զբաղվածության օրենսդրության կարգավորումների վերաբերյալ
Հարց 1. Ո՞վ է համարվում աշխատանք փնտրող անձ։
Աշխատանք փնտրող է համարվում 16 տարին լրացած այն անձը, որը, անկախ զբաղվածություն համարվող գործունեության որևէ տեսակով զբաղված լինելու հանգամանքից, օրենքով սահմանված իր իրավունքներն իրացնելու նպատակով դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
Հարց 2. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ աշխատանք փնտրող անձի հաշվառման համար։
Աշխատանք փնտրող անձի հաշվառումը և հաշվառումից հանելն իրականացվում է նրա փաստացի բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնի կողմից։ Հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերն են.
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական ապահովության քարտ,
- կրթությունը, մասնագիտական որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթեր` դրանց առկայության դեպքում,
- աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ, եթե աշխատանք փնտրող անձը գործատուների հետ գտնվել է կամ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ,
- զինվորական գրքույկ՝ զինված ուժերում և այլ զորքերում կամավոր (պայմանագրային) հիմունքներով զինվորական ծառայություն անցած կամ անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի (այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատություններ կամ համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած) զինծառայողները, իսկ ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցած անձինք` ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո 6 ամսվա ընթացքում տարածքային կենտրոն դիմելու դեպքում,
- գրավոր դիմում` նշելով հետադարձ ծանուցման հասցեն և իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն):
Հաշմանդամություն ունեցող՝ աշխատանք փնտրող անձի հաշվառման համար, նշված փաստաթղթերից բացի, տարածքային կենտրոնը հաշվի է առնում նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող անձին տրված վերականգնողական անհատական ծրագիրը:
Հարց 3. Ո՞վ է համարվում գործազուրկ։
Գործազուրկ է համարվում տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած աշխատանք փնտրող և զբաղվածություն համարվող գործունեության որևէ տեսակով չզբաղված անձը, որն աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում, պատրաստակամ է անցնելու հարմար աշխատանքի և ստացել է գործազուրկի կարգավիճակ։
Տարածքային կենտրոնն աշխատանք փնտրող անձին տալիս է գործազուրկի կարգավիճակ՝ որպես աշխատանք փնտրող հաշվառվելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Հարց 4. Որո՞նք են զբաղվածություն համարվող գործունեության տեսակները։
Զբաղվածություն համարվող գործունեության տեսակներն են.
- գործատուների մոտ վարձու աշխատանքային գործունեությունը (այդ թվում` ՀՀ օրենքներով նախատեսված ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը, բացառությամբ վարձատրություն չնախատեսող դեպքերի),
- քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների կատարումը,
- անհատ ձեռնարկատիրական և նոտարի գործունեությունը,
- արտոնագրային վճար վճարողի գործունեությունը,
- ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը,
- ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցումը:
Հարց 5. Ո՞րն է համարվում հարմար աշխատանք։
- Աշխատանք փնտրող անձի համար հարմար է համարվում այն աշխատանքը, որը համապատասխանում է անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը կամ պահանջում է լրացուցիչ մասնագիտական ուսուցում:
- Մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող՝ աշխատանք փնտրող անձի համար, որին հնարավոր չի եղել լիազորված մարմին դիմելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, տեղավորել առաջին կետով նախատեսված հարմար աշխատանքի, հարմար է համարվում այն աշխատանքը, որը պահանջում է որակավորման բարձրացում կամ համապատասխանում է վերամասնագիտացման շնորհիվ ձեռք բերված մասնագիտությանը: Մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող՝ աշխատանք փնտրող անձի համար, որը հրաժարվել է սույն կետով նախատեսված ուսուցումից, հարմար է համարվում մասնագիտական կրթություն և որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:
- Մասնագիտական կրթություն և որակավորում չունեցող, ինչպես նաև մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող, սակայն ստացած մասնագիտությանը համապատասխան վերջին 5 տարվա ընթացքում աշխատանքային գործունեություն չիրականացնող՝ աշխատանք փնտրող անձի համար հարմար է համարվում վարձատրվող ցանկացած աշխատանք, որը չի պահանջում մասնագիտական կրթություն և որակավորում կամ պահանջում է մինչև վեց ամիս ժամկետով` Միասնական սոցիալական ծառայության կողմից կազմակերպվող մասնագիտական կամ վարպետային ուսուցում: Մասնագիտական կրթություն և որակավորում չունեցող՝ աշխատանք փնտրող անձի համար, որը հրաժարվել է սույն կետով նախատեսված ուսուցումից, հարմար է համարվում մասնագիտական կրթություն և որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:
- Հարմար աշխատանքի պայմանները բնութագրող չափանիշները սահմանված են ՀՀ կառավարությունը 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 2 հավելվածով` հաշվի առնելով վերը նշված կետերով սահմանված պահանջները, ինչպես նաև աշխատավայրի տրանսպորտային մատչելիությունը:
Հարց 6. Ո՞վ է համարվում աշխատաշուկայում անմրցունակ գործազուրկ։
Գործազուրկը ճանաչվում է անմրցունակ, եթե՝
- անձն ունի հաշմանդամություն կամ «հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ,
- անձի ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ,
- անձը 16-30 տարիքային խմբում է և երեք ամսվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում,
- անձը 31-63 տարիքային խմբում է և մեկ տարվանից ավելի գտնվում է գործազուրկի կարգավիճակում,
- անձը վերադարձել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից ու վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում հաշվառվել է տարածքային կենտրոնում,
- անձը վերադարձել է ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառող հիմնարկներից ու վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում հաշվառվել է տարածքային կենտրոնում,
- անձը հաշվառված է արտահիվանդանոցային նարկոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում և գտնվում է դադարի (ռեմիսիայի) շրջանում,
- անձը թրաֆիքինգի զոհ է,
- անձը փախստական է,
- անձը բնակվում է կամ սահմանամերձ կամ լեռնային կամ բարձրլեռնային վայրերում,
- անձն առնվազն 90 օր անընդմեջ գտնվել է արտերկրում և վերադառնալուց հետո վեց ամսվա ընթացքում չի կարողացել դառնալ զբաղված,
- անձը չունի մասնագիտություն, նախկինում չի աշխատել կամ աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ,
- անձն ունի մասնագիտություն, նախկինում չի աշխատել իր մասնագիտությամբ (որակավորմամբ) կամ իր մասնագիտությամբ (որակավորմամբ) աշխատել է մինչև մեկ ամիս տևողությամբ կամ տարածքային կենտրոնում հաշվառվելուց հետո երեք ամսվա ընթացքում աշխատաշուկայում համապատասխան պահանջարկի բացակայության դեպքում կենտրոնին չի հաջողվել նրան տեղավորել հարմար աշխատանքի` անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը համապատասխան,
- անձը խնամում է իր` մինչև երեք տարեկան երեխային կամ հաշմանդամություն ունեցող երեխային,
- անձն ունի դատվածություն, այդ թվում` պատիժը կրում է բաց ուղղիչ հիմնարկում,
- անձը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտ է,
- նա սոցիալական դեպքի վարման շրջանակներում ուղղորդված անձ է,
- անձը Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) է,
- անձը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող է:
Հարց 7. Ե՞րբ է դադարեցվում անձի գործազուրկի կարգավիճակը։
Տարածքային կենտրոնի կողմից դադարեցվում է անձի գործազուրկի կարգավիճակը, եթե.
- գործազուրկը դարձել է զբաղված, բացառությամբ ժամանակավոր զբաղվածություն ապահովող ծրագրերում ընդգրկվելու արդյունքում՝ անձի գործազուրկի կարգավիճակը կասեցվելու դեպքի,
- լրացել է գործազուրկի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը,
- գործազուրկը դատական կարգով ճանաչվել է անգործունակ,
- գործազուրկի կողմից փաստաթղթերով ներկայացված տեղեկություններում հայտնաբերվել են ոչ հավաստի տվյալներ, որոնց հիման վրա տրվել է գործազուրկի կարգավիճակ,
- գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի առաջարկից,
- գործազուրկը անհարգելի պատճառով տարածքային կենտրոնի հրավերով երկու անգամ չի ներկայացել հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար, ընդ որում` տարածքային կենտրոն գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառները սահմանում է ՀՀ կառավարությունը,
- գործազուրկը զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելուց հետո հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից,
- դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով գործազուրկն ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրում է ազատազրկման վայրում կամ ուղարկվել է հարկադիր բուժման, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների,
- գործազուրկը մահացել է: