Կառավարության այսօրվա որոշմամբ՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կբարձրանան կենսաթոշակների ու նպաստների չափերը՝
- աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21,000 դրամ (18,000 դրամի փոխարեն),
- զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 20,000 դրամ (18,000 դրամի փոխարեն),
- նվազագույն կենսաթոշակի չափը՝ 30,500 դրամ (28,600 դրամի փոխարեն),
- պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`
1․ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար` 45,000 դրամ (43,000 դրամի փոխարեն),
2․ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար` 35,000 դրամ (33,000 դրամի փոխարեն),
3․ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 32,000 դրամ (30,000 դրամի փոխարեն),
- պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում՝ զինվորական կենսաթոշակի չափը՝ 32,000 դրամ (30,000 դրամի փոխարեն)։
Արդյունքում՝ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կավելանա շուրջ 3,100 դրամով, իսկ զինվորական կենսաթոշակները՝ 5,200 դրամով: Այսպիսով՝ կենսաթոշակների միջին ամսական չափը կավելանա շուրջ 7%-ով։
Բարձրացվում է նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 30,500 դրամ (28,600 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 39,000 դրամ (37,000 դրամի փոխարեն)։