Կներդրվի անձնական օգնականի ծառայություն

0
119415

Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացման նպատակով՝ կներդրվի անձնական օգնականի ծառայություն․ Կառավարությունն այսօր ընդունել է «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» որոշումը։

Անձնական օգնականի ծառայությունից կկարողանան օգտվել հենաշարժական, տեսողական և հոգեկան (մտավոր) խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, ում ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ունի 10-ից բարձր անապահովության միավոր։

Ծառայությունը կներառի հաշմանդամություն ունեցող անձի խնամքը, այդ թվում՝ աջակցություն՝

  • անձնական հիգիենան պահպանելու․
  • սեփական առողջությանը հետևելու, այդ թվում՝ դեղամիջոցներ ընդունելու, առողջ ապրելակերպ վարելու, բժշկական օգնություն ստանալու․
  • սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղերի գնումներ կատարելու․
  • կենցաղային աշխատանքներ կատարելու (սննդի պատրաստում, բնակարանի, օգտագործված իրերի, հագուստի մաքրություն)․
  •  այլ գործողություններ կատարելու և մի շարք այլ հարցերում, որոնք անձի կարիքներից ելնելով կամրագրվեն կնքված պայմանագրում։

Ծառայությունը հնարավորություն կտա նաև աջակցել հաշմանդամություն ունեցող անձին՝ հաղթահարելու միջավայրային արգելքները (այդ թվում՝ տեղաշարժվելու և հաղորդակցվելու):

Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ (այդ թվում՝ ընտանիքի անդամ), ով ունի անկախ կյանքի կենտրոնների կողմից անձնական օգնականի ծառայություն տրամադրելու համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների տիրապետումը հավաստող վկայական։ Որպես օգնական հաշվառվելու համարքաղաքացիները կմասնակցեն վերապատրաստումների և թեստավորման արդյունքում կստանան անձնական օգնականի ծառայություն տրամադրելու իրավունքը հավաստող վկայական:

Անձնական օգնական չի կարող լինել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման դատապարտված անձը,  քաղաքացին՝ ում նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում,  ում նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում և այլն։

Անձնական օգնականի ծառայությունը կմատուցվի սահմանված պայմանագրի հիման վրա` ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին։

Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, բայց մինչ այդ կիրականացվի համանման պիլոտային ծրագիր։