Մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովման նպատակով՝ 2016 և 2020 թթ․ պատերազմական գործողություններին մասնակցած, գործազուրկ քաղաքացիները պետության կողմից աջակցություն կստանան․ նախագիծն այսօր արժանացել է Կառավարության հավանությանը։
Ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչից՝ շահառուն հնարավորություն կունենա անցնել մասնագիտական ուսուցում՝ մինչև 5 ամիս տևողությամբ՝ գործատուի մոտ կամ վերջինիս կողմից ընտրված ուսումնական հաստատությունում կամ Միասնական սոցիալական ծառայության կողմից առաջարկվող ուսումնական հաստատությունում, գործատուի մոտ աշխատանքային փորձառության կազմակերպում՝ 3 ամիս տևողությամբ, շահառուի հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում՝ միանվագ փոխհատուցման տրամադրում գործատուին։
Առաջին բաղադրիչի շրջանակում շահառուն հնարավորություն կունենա անցնել մասնագիտական ուսուցում՝ մինչև 5 ամիս տևողությամբ։ Ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին կտրամադրվի ուսման վարձի փոխհատուցում՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50,000 դրամի չափով, բացի այդ կտրամադրվի նաև կրթաթոշակ` նվազագույն ամսական աշխատավարձի 50%-ի չափով (ներկայումս՝ 34,000 դրամ)։Մասնագիտական ուսուցման դասընթացի ավարտական վկայականն ստանալուց հետո շահառուի հետ մեկ տարի ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր, որի շրջանակում գործատուին կտրամադրվի ամսական առավելագույնը 50,000 դրամ՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար։
Երկրորդ բաղադրիչի շրջանակում պատերազմին մասնակցած քաղաքացին հնարավորություն կունենա գործատուի մոտ աշխատանքային փորձառության անցնել՝ 3 ամիս տևողությամբ։ Այդ նպատակով կտրամադրվի փոխհատուցում՝• շահառուի աշխատավարձի վճարման համար` նվազագույն աշխատավարձի չափով՝ ամսական կտրվածքով, 3 ամիս ժամկետով, •շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար՝ երեք ամիս ժամկետով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 25,000 դրամի չափով և ինն ամիս ժամկետով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50,000 դրամի չափով։
Երրորդ բաղադրիչի շրջանակում, շահառուի հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում, գործատուին կտրամադրվի 300,000 դրամի չափով միանվագ փոխհատուցում (գործատուի ցանկությամբ՝ կամ աշխատանքային հարաբերությունների սկզբից կամ 12 ամիսը լրանալուց հետո), եթե վերջինս առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքի 2016 և 2020 թթ․պատերազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց հետ։
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։