Home Հարց ու պատասխան Հարց ու պատասխան/Սոցիալական աջակցություն

Հարց ու պատասխան/Սոցիալական աջակցություն

2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հարց 1. Ովքե՞ր ունեն պետական նպաստի իրավունք:

Պետական նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող և բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք` օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

Հարց 2. Պետական նպաստների ինչպիսի՞ տեսակներ կան:

1) ընտանեկան նպաստ,

2) սոցիալական նպաստ,

3) հրատապ օգնություն,

4) երեխայի ծննդյան միանվագ նպաստ,

5) մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ,

6) ժամանակավոր անաշխատունակության նպաստ,

7) մայրության նպաստ,

8) ծերության նպաստ,

9) հաշմանդամության նպաստ,

10) կերակրողին կորցնելու դեպքում նպաստ,

11) թաղման նպաստ: 

Հարց 3. Պետական նպաստ ստանալու համար որտե՞ղ պետք է դիմի քաղաքացին:

Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին պետք է դիմի իր փաստացի բնակության վայրի՝ պետական նպաստ տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին:

Հարց 4. Որտե՞ղ պետք է դիմի քաղաքացին ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստ և հրատապ օգնություն ստանալու համար:

Իրեն անապահով համարող ընտանիքի չափահաս անդամներից մեկը, մյուս չափահաս անդամների գրավոր համաձայնությամբ, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով դիմում է փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին)` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի անապահովության բնութագրիչների մասին ամբողջական տվյալները հավաստող փաստաթղթեր:

Հարց 5. Ո՞վ իրավունք ունի ստանալու ընտանեկան նպաստ:

Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:

Հարց 6. Ո՞վ իրավունք ունի ստանալու սոցիալական նպաստ:

Սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից:

Հարց 7. Ինչպե՞ս է հաշվարկվում ընտանեկան նպաստի չափը:

Ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է՝ ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող և ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:

Հարց 8. Սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց համար աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները որպես եկամուտ հաշվարկվում են, թ՞ե ոչ:

 Սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չեն մտնում:

Հարց 9. Ո՞րն է սեզոնային ժամանակավոր աշխատանքը:

Սեզոնային ժամանակավոր աշխատանք է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1480-Ն որոշման հավելվածով սահմանված աշխատանքներից որևէ մեկը և այդ մասին, համաձայն Աշխատանքային օրենսգրքի 100-րդ հոդվածի, գործատուի հետ կնքել է սեզոնային աշխատանքային պայմանագիր:

Սեզոնային է համարվում այն աշխատանքը, որը բնակլիմայական պայմանների պատճառով կատարվում է ոչ թե ամբողջ տարին, այլ ութ ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատվածում (սեզոնում): 

Հարց 10. Ո՞ր աշխատանքներն են մտնում սեզոնային ժամանակավոր աշխատանքների ցանկում:

Սեզոնային ժամանակավոր աշխատանքներն են՝

  1. Շահագործման մեջ գտնվող երթուղային գծերի, մերձատար և կայարանային
    ուղիների ձյունամաքրման աշխատանքներ,
  2. Ճանապարհների կառուցման հողային և ասֆալտապատման աշխատանքներ,
  3. Էլեկտրական կայանի կառուցման և կապիտալ վերանորոգման աշխատանքներ`

ա) քաղաքային հեռախոսային ցանցերն օդայինից ստորերկրյա մալուխային գծերի վերակառուցում, բետոնային կոյուղու մեջ դրա հետ կապված բետոնե իրերի պատրաստում,

բ) ստորերկրյա և ստորջրյա զրահապատ մալուխների անցկացում,

գ) օդային սյունային և կանգնած քաղաքային հեռախոսացանցերի և միջքաղաքային հեռագրական-հեռախոսային գծերի կառուցում,

դ) սյուների քիմիական հագեցում, որը կատարվում է բաց օդում.

  1. Անտառային տնտեսության և ծառայությունների մատուցման աշխատանքներ` տնկիների տնկում, անտառի վերականգնում, անտառամթերքների հավաքում.
  2. Ձկնորսական և լճային կենդանիների որսի աշխատանքներ և դրանց հետ կապված` ձկների և լճային կենդանիների որսի այլ արտադրանքների մշակման աշխատանքներ.
  3. Աշխատանքները շաքարի գործարաններում, որոնք անմիջականորեն կապված են ճակնդեղից շաքարավազ պատրաստելու հետ, ճակնդեղաչորանոցներում ճակնդեղի չորացման աշխատանքներ, քուսպաչորացման աշխատանքներ, որոնք կատարվում են շաքարավազի գործարաններում` շաքարի արտադրության ժամանակաշրջանում.
  4. Պտուղների և բանջարեղենի թթվեցման, պահածոյացման ու լցման աշխատանքներ.
  5. Գյուղատնտեսական աշխատանքներ` ներառյալ`

ա) նախացանքային աշխատանքները,

բ) գարնան գյուղատնտեսական աշխատանքները,

գ) բերքահավաքի աշխատանքները,

դ) հետբերքահավաքի աշխատանքները,

ե) գյուղատնտեսական կենդանիների ծնի կազմակերպումը,

զ) մատղաշի կերակրումը և խնամքը` մինչև 4 ամսական հասակը ներառյալ,

է) գյուղատնտեսական կենդանիների արոտային պահվածքը,

ը) խուզի կազմակերպումը.

  1. Տորֆային աշխատանքներ` ներառյալ տորֆի արդյունահանումը, չորացումն ու հավաքումը, բացի մեքենայացված ագրեգատների և ուժային սարքավորումների վրա (հիդրոտորֆ, ֆրեզերային և մեքենայական կաղապարման արդյունահանություն, աշխատանք կաղապարող թրթուրների վրա և այլն) կատարվող աշխատանքներից, որոնք կատարում են մշտական հանքերում գտնվող բանվորները.
  2. Գետային ու լճային հետախուզական աշխատանքներ.
  3. Ջրաբաշխման և մելիորատիվ աշխատանքներ, չորացման և ոռոգման աշխատանքներ.
  4. Յոդի արդյունաբերության մեջ` լճային ջրիմուռներ հանելու և այրելու բոլոր աշխատանքները և դրանց հետ կապված աշխատանքներ.
  5. Հողերի աղազերծման և վերականգնման աշխատանքներ.
  6. Կանաչ գոտու խնամողների (այգեպաններ) աշխատանքներ.
  7. Պետական արգելոցների հրշեջ-տեսուչների աշխատանքներ.
  8. Ճարտարագիտահետախուզական աշխատանքներ (տեղագրության տոպոգրաֆ) բանվորներ, հորատող հաստոցների բանվորներ).
  9. Սննդի բացօթյա օբյեկտներում աշխատանքներ.
  10. Ձմեռային զվարճանքների հետ կապված սպասարկման աշխատանքներ և ծառայություններ.
  11. Բացօթյա լողավազանների շահագործման հետ կապված սպասարկման աշխատանքներ.
  12. Բոնիֆիկատորի աշխատանք (մալարիայի կանխման միջոցառումներ իրականացնող աշխատողներ)։ 

Հարց 11. Ինչքա՞ն է կազմում սոցիալական նպաստի չափը:

Սոցիալական նպաստի չափը սահմանված է ամսական 18000 դրամ:

Հարց 12. Հրատապ օգնության ի՞նչ տեսակներ կան:

Հրատապ օգնության տեսակներն են`

1) միանվագ հրատապ օգնություն,

2) եռամսյակային հրատապ օգնություն:

Հարց 13.  Միանվագ հրատապ օգնության ի՞նչ ձևեր կան և որքա՞ն է դրանց չափը:

Միանվագ հրատապ օգնության չափերն ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում սահմանվել են.

1) երեխայի ծննդյան դեպքում` 50 հազար դրամ,

2) երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25 հազար դրամ,

3) ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 հազար դրամ:

Հարց 14. Ո՞վ իրավունք ունի դիմելու եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար:

Եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (արտակարգ իրավիճակների և կարճատև ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում: 

Հարց 15. Ո՞վ է նշանակում եռամսյակային հրատապ օգնությունը:

Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակում է սոցիալական աջակցություն տրամադրող տարածքային մարմինը` համակարգող խորհրդի առաջարկության հիման վրա: 

Հարց 16. Ի՞նչ չափով և որքա՞ն է նշանակվում եռամսյակային հրատապ օգնությունը:

Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է սոցիալական նպաստի չափով` երեք ամիս ժամկետով (եռամսյակով): 

Հարց 17. Ո՞վ ունի երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնության իրավունք:

Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի անդամներից մեկն ունեցել է երեխա և դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք:

Հարց 18. Ե՞րբ է նշանակվում երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնություն:

 Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի ծնվելու օրվանից սկսած՝ վեց ամսվա ընթացքում: 

Հարց 19. Ո՞վ ունի երեխայի` առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք:

Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:  

Հարց 20. Ե՞րբ է նշանակվում երեխայի` առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը:

Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստ ստանալու իրավունք:  

Հարց 21. Ո՞վ ունի ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ  օգնության իրավունք:

Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեցող անձ չհամարվող անդամներից մեկը մահացել է և դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք: 

Հարց 22. Ե՞րբ է նշանակվում ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնություն:

Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է մահվան օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք: 

ՆԱԽԿԻՆ ԽUՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽUՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՆԵՐԴՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Հարց 1. Ովքե՞ր ունեն նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ hանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք:

 

Նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեն՝

1) մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակից անձինք,

3) մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ զոհված (մահացած) կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:

 

Հարց 2. Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող     անձինք հաշվառման նպատակով որտե՞ղ պետք է դիմեն:

 

Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք հաշվառման նպատակով պետք է դիմեն  բնակության վայրը (բնակչության պետական ռեգիստրում հաշվառված՝ բնակության վայրի հասցեն) սպասարկող միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն:

Հարց 3. Ո՞վ կարող Է ներկայացնել դիմում`  ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու համար:

 

Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու համար դիմումը ներկայացնում է ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձը` անձամբ կամ իր օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով:

 

Հարց 4. Ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար ի՞նչ փաստաթղթեր է ներկայացնում միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն:

 

Ավանդի փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման համար սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) ներկայացնում է դիմում և հետևյալ փատաթղթերը.

1) ավանդատուի անձը հաստատող փաստաթուղթ.

2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին.

3) ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում).

4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված և մասնաճյուղի կնիքով կնքված)՝ ավանդատուի (նաև մահացած ամուսնու) բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին.

5) ըստ անհրաժեշտության, ներկայացվում է նաև`

ա. ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտի գրանցման բաժնից՝ ամուսնության գրանցման մասին, առկայության դեպքում՝ մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաև ամուսնու մահվան վկայականը, եթե դիմումը ներկայացվել է մահացած ամուսնու անունով ներդրված ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար,

բ. ավանդատուի անունը և (կամ) ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի սպասարկման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում և խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը,

գ. Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը,

դ. նոտարի կողմից տրամադրված` զոհվածի անունով մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդի ժառանգության իրավունքի վկայագիրը,

ե. տեղեկանք զինկոմիսարիատից` 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ,

զ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրված տեղեկանքը՝ զինծառայողի կամ կամավորականի՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորելու մասին,

է. ավանդատուի օրինական ներկայացուցիչ հանդիսանալը հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացնում է ավանդատուի օրինական ներկայացուցիչը,

ը. ավանդատուի տված լիազորագիրը, եթե դիմումը ներկայացնում է նրա լիազորած անձը.

6) հայտարարություն՝ փոխհատուցումը կանխիկ կամ անկանխիկ եղանակով ստանալու վերաբերյալ։

7) դիմումատուի անձը հաստատող փաստաթուղթը, եթե նա ավանդատուն չէ։

 

 

Հարց 5. Ո՞ր ժամանակահատվածում ներդրված դրամական ավանդերի դիմաց է տրվում փոխհատուցումը:

 

Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք փոխհատուցում կարող են ստանալ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց:

 

Հարց 6. Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք կարո՞ղ են փոխհատուցում ստանալ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում 1993 թվականի հունիսի 10-ից հետո ներդրված ավանդերի դիմաց:

 

1993 թվականի հունիսի 10-ից հետո նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրված ավանդը փոխհատուցման ենթակա չէ: 

 

Հարց 7. Կարո՞ղ է արդյոք ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձը ստանալ մահացած ամուսնու կողմից ներդրված ավանդի փոխհատուցման գումարը:

 

Եթե ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձի ավանդատու հանդիuացող ամուuինը մահացած է և մահացած ամուuնու անունով ավանդը ներդրվել է նրանց համատեղ ամուuնական կյանքի ընթացքում, ապա այն դիտարկելով ավանդի նկատմամբ մահացածի հետ ընդհանուր համատեղ սեփականություն, ողջ ամուսնու համար փոխհատուցման իրավունքը ճանաչվում է մահացած ամուսնու ավանդի 50 տոկոսի դիմաց:

 

 

Հարց 8. Ե՞րբ է ավանդատուի` Հայաuտանի Հանրապետության նկատմամբ    փոխհատուցում uտանալու գույքային իրավունքը համարվում դադարած:

 

Ավանդատուի` Հայաuտանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում uտանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ` վճարմամբ, կամ ավանդատուի մահով: 

 

Հարց 9. Կարո՞ղ է արդյոք ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող մահացած անձի փոխարեն գումարը վճարվել մեկ այլ անձի:

 

Ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձի փոխհատուցումը կարող է վճարվել ժառագության իրավունքը ճանաչած անձին միայն այն դեպքում, երբ ավանդատուի տվյալները ընդգրկվել են տվյալ ամսվա փոխհատուցման վճարման ցուցակում և ավանդատուն մահացել է վճարման ցուցակների ձևավորման օրվա և դրան հաջորդող օրերի ընթացքում:

 

Հարց 10. Հնարավո՞ր է արդյոք բացառության կարգով ստանալ ավանդի փոխհատուցում:

 

Հնարավոր չէ, քանի որ ոլորտը կարգավորող իրավական ակտերով բացառություններ սահմանող դրույթներ նախատեսված չեն:

 

Հարց 11. Ինչպե՞ս են կատարվում ավանդների փոխհատուցման վճարումները:

 

Ավանդների փոխհատուցումը վճարվում է ավանդատուի ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով:

Փոխհատուցումը կանխիկ եղանակով վճարվում է Հայփոստի բաժանմունքի սպասարկող անձի կողմից (փոստատար)` տուն առաքելու միջոցով (ավանդատուի պահանջով այն կարող է վճարվել նաև բաժանմունքում), իսկ անկանխիկ եղանակով՝ բանկերի միջոցով:

 

Հարց 12. Ինչպե՞ս է հաշվարկվում ավանդի փոխհատուցման գումարը:

 

Ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարի չափը հաշվարկելիս ավանդատուի` մեկից ավելի ավանդների (ներառյալ մահացած ամուսնուն պատկանող ավանդի 50 տոկոսը) գումարները գումարվում են, և անձին հասանելիք փոխհատուցումը հաշվարկվում է ընդհանուր գումարի նկատմամբ:

Փոխհատուցման գումարի չափը հաշվարկվում է համաձայն «2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 4-րդ կետի՝ ըստ ստորև բերված սանդղակի.

 

Ավանդի գումարի չափը
(
խորհրդային ռուբլով)
Տրամադրվող փոխհատուցման գումարը (ՀՀ դրամով)
1000-ից ոչ ավելի Ավանդի գումարը x 84
1001-ից մինչև 3000 (ներառյալ) 84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 29.4)
3001-ից մինչև 5000 (ներառյալ) 142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 16.8)
5001-ից մինչև 10000 (ներառյալ)  176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին   գերազանցող գումարը x 8)
10000-ից ավելի 216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 4)
callback_small.png
requestacallback_caps.png
contact_us_caps.png