ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ
Հարց 1. Որո՞նք են Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի հիմնական գործառույթները:
Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնն իր կանոնադրական գործառույթների շրջանակում հիմնականում իրականացնում է.
- հանրակրթության համակարգում, մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառողների, կրթության համակարգից դուրս մասնագիտության, աշխատանքի և զբաղմունքի հարցերում հստակ կողմնորոշում չունեցող, վերամասնագիտացման և վերաորակավորման, աշխատաշուկայի արագ փոփոխվող պայմաններին հարմարցվելու կարիք ունեցող անձանց` տարիքային առանձնահատկություններով տարբերակված մասնագիտական կողմնորոշման մեթոդաբանության մշակում,
- նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, համալիր սոցիալական ծառայությունների և զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում, սոցիալական այլ ծառայություններ իրականացնող կառույցներում մասնագիտական կողմնորոշման և կարիերայի խորհրդատվության համակարգի ներդրման մոդելների և մեթոդաբանության մշակում և աջակցություն,
- մասնագիտական ուսումնական հաստատություններում կարիերայի կենտրոններին մեթոդաբանական և խորհրդատավական աջակցության ցուցաբերում,
- մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ծառայություններ իրականացնող մասնագետների վերապատրաստման ծրագրերի մշակում, նրանց կարողությունների շարունակական գնահատում և զարգացում, վերապատրաստված մասնագետների կողմից անցկացվող աշխատանքների մշտադիտարկում, մասնագիտական և մեթոդական աջակցություն և խորհրդատվություն (սուպերվիզիա),
- ՀՀ զբաղմունքների միասնական դասակարգչի, մասնագիտական կրթական չափորոշիչների և այլ նորմատիվ իրավական ակտերի հենքի վրա մասնագիտական կողմնորոշման և կարիերայի կառավարման վերաբերյալ հանրամատչելի նյութերի մշակում և տարածում,
- ՀՀ մասնագիտական կողմնորոշման և կարիերայի քաղաքականության, ռազմավարության, իրականացման ձևերի ու մեթոդների բարելավման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում:
Հարց 2. Որո՞նք են հիմնական թիրախները:
Հանրակրթության համակարգ. Մասնագիտական կողմնորոշման առաջնային և հիմնարար օղակը հանրակրթությունն է, որտեղ սկսվում են անձի մասնագիտության ընտրության և ինքնորոշման աշխատանքները:
Մասնագիտական կրթություն և ուսուցման (ՄԿՈՒ) համակարգ. ՄԿՈՒ համակարգում բարեփոխումների ծրագիրը մեկնարկել է կարիերայի ստորաբաժանումների ստեղծման ու զարգացման ուղղությամբ՝ կարևորելով դրանց դերը ուսանողների մասնագիտական կողմնորոշման և կարիերայի խորհրդատվության աշխատանքների անցկացման հարցում:
Բարձրագույն ուսումնական հաստատություններ. Բուհերը ևս համարվում են մասնագիտական կողմնորոշման համակարգի հիմնական օղակներից մեկը, ուստի դիտարկելով իրավիճակը՝ պետք է փաստել, որ բոլոր բուհերում բոլոնյան գործընթացի շրջանակներում ստեղծված են կարիերայի կենտրոններ՝ համապատասխան մասնագետներով:
Զբաղվածության տարածքային կենտրոններ. Ողջ կյանքի ընթացքում մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ծառայությունների շարունակականություն ապահովելու տեսանկյունից հաջորդ օղակը համալիր սոցիալական ծառայությունների և զբաղվածության տարածքային կենտրոններն են (ՀՍԾ և ԶՏԿ):
Հարց 3. Ո՞րն է մեթոդաբանական հիմքը:
Կենտրոնի կողմից մշակված և առաջարկվող մեթոդաբանության հիմքը շուկայամետ տնտեսության կողմից ներկայացվող պահանջն է: Եթե կրթության համակարգը մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ծառայությունները դիտարկում է կարճաժամկետ խնդրի լուծման տեսանկյունից, ապա սոցիալական ապահովության տեսանկյունից մասնագիտական կողմնորոշման հիմքը ոչ թե կյանքի ընթացքում մեկ մասնագիտության ճիշտ ընտրությունն է, այլ տեղեկացվածությունը, առանցքային կոմպետենցիաների (արդյունավետ հաղորդակցման, զբաղունակության, ձեռներեցության և այլն) զարգացումը և ինքնորոշումը՝ տարբեր տարիքում և սոցիալ-աշխատանքային իրավիճակներում: Մանկավարժության, անդրագոգիկայի, հոգեբանության և այլ գիտությունների վրա հիմնված մեթոդիկաները լրացվում են հիմնականում իրավիճակային հետազոտությունների արդյունքներով՝ աշխատաշուկայի, երիտասարդ աշխատուժին ներկայացվող պահանջների, անձի մոտիվացիայի, առանձին մասնագիտությունների կամ զբաղմունքների և այլ թեմաներով: