Արտաշես Բաբալյան

Բաբալյան Արտաշես Ադամի
(1887-1959)

Ծնվել է նոյեմբերի 17-ին, Շուշիում, մահացել օգոստոսի 1-ին, Թեհրանում:
ՀՀԴ անդամ, բժիշկ, Հայաստանի առաջին և երկրորդ խորհրդարանների անդամ:
Սովորել է Շուշիի ռեալական դպրոցում, պատանեկան տարիքից անդամակցել է ՀՀԴ աշակերտական խմբերին, մասնակցել կուսակցական մի շարք կարևոր ձեռնարկների: Հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է Ղարաբաղի ինքնապաշտպանության գործին:
1906թ. Բաքվում մեկ տարի աշխատել է նավթարդյունաբերական մի ընկերությունում` իբրև գործակատար:
1907թ. մեկնել է Շվեցարիա և սովորել Ժնևի բժշկական համալսարանում` մասնակցելով նաև ՀՀԴ ուսանողական միության աշխատանքներին, անդամակցել է ՙՈւսանող՚ հանդեսի խմբագրական կազմին, օգնել ՙԴրոշակ՚-ի հրատարակությանը:
1912թ. ավարտել է ուսումը, վերադարձել Շուշի` դոկտորի աստիճանով, ապա մեկնել է Պետերբուրգ, աշխատել Օբուխովի հիվանդանոցում` միաժամանակ պատրաստվելով պետական քննության, Ռուսաստանում բժշկությամբ զբաղվելու թույլտվություն ստանալու համար:
1913թ. ՀՀԴ Ռուսաստանի ուսանողական խորհրդի կողմից ընտրվել է ՀՀԴ Ընդհանուր ժողովի պատգամավոր:
1914թ. աշխատել է Խարկովի Տրուդովսկու հիվանդանոցում, մասնակցել պետական քննություններին, ստացել համապատասխան վկայական բժշկական ազատ գործունեության համար:
1915թ. կամավորական գնդերի հետ շարժվել է դեպի Վան` իբրև գնդի գլխավոր բժիշկ: Վանի գրավումից հետո մասնակցել է հիվանդանոցներ հիմնելու աշխատանքին, աշխատել է ժամանակավոր կառավարությունում, նշանակվել առողջապահության բաժնի պետ, քաղաքապետության անդամ: Վանի նահանջից հետո պարգևատրվել է Գևորգյան Խաչով և մեդալով` իր խնամքին հանձնված վիրավորների և հիվանդների փոխադրության գործը անձնազոհությամբ կատարելու համար:
1917թ. ամբողջովին նվիրվել է քաղաքական գործունեությանը, Հայոց Ազգային ժողովի անդամ, ՙՔաղաքների Միության՚ մեջ կատարել է իր ստանձնած պարտականությունները, Սեյմի կազմավորումից հետո մասնակցել է ընտրապայքարին` որպես ԿԸՀ անդամ:
1918թ. մեկնել է Պոլիս, իբրև ՀՀ կառավարության խորհրդական:
1919թ. հոկտեմբեր 31-ից 1920թ. մայիս 5-ը` հանրային խնամատարության և աշխատանքի, ապա` հանրային խնամատարության և վերաշինության նախարար: Այնուհետև, մինչև 1920թ. սեպտեմբերը, նույն նախարարությունում աշխատել է նախարարի պաշտոնակատար:
1920թ. Ղարաքիլիսայում մասնակցել է բոլշևիկյան ապստամբության ճնշնամը, աշնանը, հայ թուրքական պատերազմը սկսվելուն պես, ուղարկվել է Կարս` որպես կառավարության լիազոր, հոկտեմբերին գերի է ընկել թուրքերին, մի տարի անցկացրել բանտերում` Կարսում ու Կարինում:
1921թ. հոկտեմբերին, ազատվելով գերությունից, մեկնել է Իրան` Թավրիզ, ուր հետագայում փոխադրվել են կինն ու երեխան:
1928թ. փոխադրվել է Թեհրան, նշանակվել ՙՓահլավի՚ զինվորական հիվանդանոցի մեկ բաժանմունքի վարիչ, աշխատել մինչև 1938-ը:
1943թ. սեպտեմբերին անակնկալ ձերբակալվել է Իրան ներխուժած խորհրդային ուժերի պահանջով, ազատվել 1945-ի հունիսին:
1959թ. օգոստոսի մեկին Թեհրանում մահացել է սրտի հիվանդությունից: