ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր մեր հանդիպման ֆորմալ առիթը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, բայց բնականաբար, միշտ ուրախ եմ ձեզ տեսնել և քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանի Հանրապետությունում: Ընդհանուր առմամբ, պետք է խոստովանել, որ այդ խնդիրները շատ են, բայց գլխավոր հարցը, որ ծագում է, հետևյալն է. ինչպե՞ս պետք է մոտենալ այդ խնդիրներին, որպեսզի դրանց հեղեղի մեջ չկորչել: Կարծում եմ, որ հիմնական մեթոդը պետք է լինի այդ խնդիրների դասակարգումն ըստ առաջնահերթության և փորձել քայլ առ քայլ լուծել դրանք: Ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, այլև որևէ այլ ոլորտում եթե մենք փորձենք միանգամից բոլոր հարցերը լուծել՝ ավելի մեծ հավանականությամբ կխճճվենք և արդյունքներ չենք ունենա, ուստի ավելի ճիշտ է ըստ առաջնահերթությունների դասակարգել խնդիրները և ունենալ դրանց լուծման ճանապարհային քարտեզ: Հույս ունեմ, որ այսօրվա մեր հանդիպումը կծառայի այդ նպատակին»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերը: Մասնավորապես, նախարարությունը վերջին ամիսների ընթացքում վերանայել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմամբ զբաղվող հանձնաժողովի աշխատակարգը, մշակման փուլում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին օրենքը, մշակվել է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման մոդել: Շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ այսուհետ հաշմանդամություն ունեցող անձանց տեխնիկական սարքավորումները տրամադրվելու են և ծառայությունները մատուցվելու են հավաստագրի միջոցով:
«Քաղաքացին ինքը կարող է ընտրել այն տեխնիկական միջոցն ու ծառայությունը, որն իրեն անհրաժեշտ է: Այսինքն, դրանք այլևս պետական գնումների միջոցով չեն լինի: Այսպիսով մի կողմից կստեղծվի ազատ մրցակցություն այդ ծառայությունները տրամադրողների միջև, մյուս կողմից՝ մարդիկ կունենան ընտրության հնարավորություն՝ իրենց անհրաժեշտ ծառայություններն ընտրելիս»,- ասել է փոխնախարարը:
Զարուհի Բաթոյանը նշել է, որ նախարարությունը պարբերաբար թեմատիկ քննարկումներ է անցկացնում շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ և հավելել, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները հիմնականում վերաբերվում են ծառայությունների բացակայությանը, անմատչելի միջավայրին, ֆիզիկական, տեղեկատվական ոչ մատչելի պայմաններին, համապատասխան տրանսպորտային միջոցների բացակայությանը:
Փոխնախարարը նշել է, որ կառավարության քայլերն ուղղված են լինելու հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի և մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը բոլոր ոլորտներում, որտեղ մարդն ունի աջակցության կարիք:
Այնուհետև տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում բարձրացվել են հաշմանդամություն ունեցող անձանց հուզող տարբեր խնդիրներ, որոնց վերաբերյալ տրվել են պարզաբանումներ, իսկ վարչապետի պաշտոնակատարի կողմից՝ կոնկրետ հանձնարարականներ: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խիստ վերահսկողության տակ պահել նորակառույց շենքերում, միջմարզային և քաղաքային տրանսպորտում հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ պայմանների ապահովման խնդիրներն ու հարցերը:
Անդրադարձ է կատարվել նաև աուտիզմով հիվանդ երեխաների խնդիրներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ երեխաների համար մասնագիտացված ժամանակակից կենտրոնի ստեղծման ուղղությամբ և հորդորել ՀԿ-ների ներկայացուցիչներին ներկայացնել առաջարկություններ:
Աղբյուրը՝ primeminister.am