Սոցփաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցները (ազատ են համարվում այն դրամական միջոցները, որոնք ենթակա չեն ուղղման սոցփաթեթի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց վճարումների հնարավոր է կանխիկացնել միայն հետևյալ դեպքերում`
1) աշխատողի` կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու և սոցփաթեթից օգտվելու իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 20-24-րդ կետերով սահմանված կարգով, դադարեցվելուց հետո, երբ նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցփաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել): Այս դեպքում սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար անձը՝ սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ է ներկայացնում իր կենսաթոշակի վկայականը կամ կենսաթոշակառու հանդիսանալու մասին լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը, որի պատճենը պահվում է բանկում.
2) սոցփաթեթի շահառուի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու ժամանակ, որի դեպքում ժառանգը սոցփաթեթի հաշիվն սպասարկող բանկ է ներկայացնում ժառանգության իրավունքի վկայագիր, որի պատճենը պահվում է բանկում.
3) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա՝ որպես կատարված սոցիալական վճարների փոխհատուցում, սոցփաթեթի հաշվում ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա ընթացքում ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փոխանցված սոցիալական վճարների չափը: Նշված դեպքում սոցփաթեթի շահառուն, յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, իր սոցփաթեթի հաշվում առկա համապատասխան չափով դրամական միջոցները կանխիկացնելու համար բանկ է ներկայացնում դիմում՝ նախորդ տարվա ընթացքում իր կողմից ստացման ենթակա աշխատավարձից և ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փաստացի մասնակիցների ռեեստր վարողին փոխանցված սոցիալական վճարների չափի մասին հարկային մարմնից տեղեկատվություն ստանալու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից համապատասխան տեղեկատվությունն ստանում է բանկը` առցանց եղանակով կատարված հարցման միջոցով: Բանկը՝ սույն հարցման պատասխանի հիման վրա սոցփաթեթի շահառուի՝ նախորդ տարիների ընթացքում կուտակված սոցփաթեթի գումարները կանխիկ վճարում է սոցփաթեթի շահառուին, բայց ոչ ավելի, քան տեղեկանքում նշված` հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների չափը:
(Տե՛ս Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 36-րդ կետը)