Եթե աշխատողի հիմնական և համատեղությամբ աշխատանքները կատարվում են այնպիսի գործատուի մոտ, որը հանդիսանում է սոցփաթեթի շահառու կազմակերպություն, համատեղությամբ աշխատանք կատարող անձը սոցփաթեթից օգտվում է իր հիմնական աշխատավայրի գործատուի միջոցով։
Նշված դեպքում` աշխատողը համատեղության աշխատավայրի և այդ աշխատավայրում իր դրույքի (աշխատաժամանակի տևողության) վերաբերյալ փաստաթուղթ (տեղեկանք) է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետին համապատասխան սոցփաթեթի ամսական սահմանաչափը որոշելու (հաշվարկելու) համար: Այս դեպքում` աշխատողի աշխատաժամանակի տևողությունը հիմնական և համատեղությամբ աշխատավայրերում միասին` չպետք է պակաս լինի առնվազն կես դրույքից (նորմալ կամ կրճատ տևողությամբ աշխատաժամանակի առնվազն 50 տոկոսից):
Եթե սոցփաթեթի շահառու կազմակերպությունում համատեղությամբ աշխատողի հիմնական աշխատավայրի գործատուն չի հանդիսանում սոցփաթեթի շահառու կազմակերպություն, ապա այդ աշխատողը սոցփաթեթից օգտվում է համատեղությամբ աշխատանքային պայմանագիր կնքած գործատուի միջոցով` համատեղությամբ աշխատանքի դրույքին (աշխատաժամանակի տևողությանը) համապատասխան և սույն որոշմամբ սահմանված կարգով:
(Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 30-33-րդ կետեր)