Արամ Մանուկյան

Մանուկյան Արամ (Հովհաննիսյան Սարգիս) Հարությունի
(1879-1919)

Ծնվել է Ղափանի Զեյվա գյուղում, արհեստավորի ընտանիքում: Մահացել է 1919թ. հունվարի 29-ին, Երևանում` բծավոր տիֆից:
ՀՀԴ և Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհրդի անդամ:
Շուշիում դերձակություն անող եղբոր օգնությամբ ավարտել է Ագուլիսի ծխական ուսումնարանը և 1890-ին ընդունվել Շուշիի թեմական դպրոցը: Դաշնակցության ազդեցությունը շատ մեծ էր աշակերտության մեջ, և Արամը իր ընկերների հետ հաճախ էր ըմբոստանում տնօրինության դեմ: Ի վերջո, խռովահույզ ցույցերից հետո, ընկերների հետ վտարվել է դպրոցից և ընդունվել Երևանի թեմական դպրոցը:
1901թ. ավարտել է Երևանի թեմական դպրոցը, մեկնել Բաքու` բանվորության մեջ աշխատելու, ուր և ծավալել է դաշնակցական գործունեություն:
1903թ., եկեղեցական կալվածների գրավման օրերին, Բաքվի կենտրոնական կոմիտեի կողմից ուղարկվել է Գանձակ` ինքնապաշտպանության գործով, ապա` Կարսի շրջան:
1904թ. աշնանը մեկնել է Վան, ուր սկսվել է նրա գործունեությունը Վասպուրականում, որտեղ էլ նրան անվանել են Վանի Արամ:
1911թ. մեկ տարի անց է կացրել Ժնևում, ապա վերադառնալով Վան` ստանձնել է Վասպուրականի դաշնակցության ղեկավարումը: Վասպուրականում նա ամեն ինչ էր` և դպրոց, և մամուլ, և ազգային հաստատություններ, և երիտասարդական շրջաններ, և հարաբերություններ կառավարության հետ և այլն:
Առաջին աշխարհամարտը սկսվելուն պես ղեկավարել է Վանի հերոսամարտը, որով 1915-ին Վանը փրկվեց ջարդից, և Արամը հռչակվեց նահանգապետ: Դա տևեց չորս ամիս: Նա միակ մարդն էր, որ հեղինակություն ուներ ամենքի մոտ` թե հակառակորդների, թե կողմնակիցների:
1916-1917թթ. անց է կացրել Թիֆլիսում, մասնակցել է Ազգային բյուրոյի և ՀՅԴ բյուրոյի աշխատանքներին, բայց առավելապես զբաղվել է Վասպուրականի և այլ վայրերի գաղթականների հարցերով:
1917թ. վերջից եղել է Երևանի ազգային խորհրդի փաստացի ղեկավար: Այդ խորհրդի կազմից առանձնացած Հատուկ կոմիտեն վերափոխվեց Վարիչների մարմնի, որի նախագահը և պաշտպանության գործերի վարիչը Արամ Մանուկյանն էր: Նրա արտակարգ կազմակերպական շնորհքի և մեծ կամքի շնորհիվ` Երևանի ուղղությամբ թուրքական նվաճողների հարձակումը ետ է մղվել: Նա Սարդարաբադի հերոսամարտի կազմակերպիչներից էր:
Արամ Մանուկյանը Հայաստանի Հանրապետության առաջին կառավարության ներքին գործերի և պարենավորման նախարարն էր, իսկ աշխատանքի և խնամատարության նախարար Կարճիկյանի սպանությունից հետո, մոտ մեկ ամիս` 15.11.1918թ.-13.12.1918թ., հանրային խնամատարության և աշխատանքի նախարարի պաշտոնակատարը: Շատերը Արամին համարում են Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր: