Մելքոնյան Լևոն Մխիթարի
(1904-1993)
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս նահանգի Մուշի գավառի Դուգնուկ գյուղում, երկրագործի ընտանիքում, մահացել Երևանում 1993թ. ապրիլի 25-ին:
1914թ., առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո, ստիպված է եղել գաղթել Արևելյան Հայաստան և բնակություն հաստատել Ն. Ախտայի շրջանի Արզական, այնուհետև` Բջնի գյուղում։
1920-1926թթ.` կոմերիտմիության անդամ։ Ընտրվել է Հայաստանի կոմերիտմիության շրջանային և կենտրոնական կոմիտեի անդամ։
1925-1926թթ. սովորել է Երևանի կուսակցական դպրոցում։
1926 թվից` ՀԿ(բ)Կ անդամ։
1926-1927թթ.` ՀԿ(բ)Կ Ախտայի շրջկոմի հրահանգիչ։
1927թ. Թիբլիսիում ընդունվել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանի պատմության ֆակուլտետը, որն ավարտել է 1931թ.։ Վերադառնալով Հայաստան` աշխատել է նախ` Թալինի, Աշտարակի, ապա` Ղամարլուի (Արտաշատի) կուսշրջկոմներում` որպես կազմհրահանգչական բաժնի վարիչ, երկրորդ քարտուղար։
1934-1939թթ. աշխատել է որպես ՀԿԿ Կիրովականի շրջկոմի երկրորդ, ապա` առաջին քարտուղար։
1939թ. ապրիլին նշանակվել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի կազմակերպչական-հրահանգչական բաժնի վարիչ։ 1940թ. փետրվարին ազատվել է աշխատանքից, որից հետո դասավանդել է Երևանի պետհամալսարանում։
1941-1945թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։
Պարգևատրվել է “Հայրենական պատերազմի առաջին աստիճանի” երկու շքանշաններով (1944թ. և 1945թթ.), “Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի” (1944թ.), “Կարմիր աստղ” (1943թ.) շքանշաններով, “Կովկասի պաշտպանության համար”, “Քյոնիքսբերգի գրավման համար”, “Գերմանիայի դեմ հաղթանակի համար” մեդալներով։
Զորացրվելուց հետո, 1945-1954թթ., աշխատել է որպես Էջմիածնի Հ. Բաղրամյանի անվան սովխոզի դիրեկտոր։
1953թ. վերջին, Հայաստանի ղեկավարության փոխվելուց հետո, վերադարձել է Երևան: Հետագա 20 տարվա ընթացքում նա Հայաստանի կառավարության անդամ էր։
1954թ. Մոսկվայի համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսում սովխոզը իր նվաճումների համար պարգևատրվել է ավտոմեքենայով, իսկ ինքը` ցուցահանդեսի ոսկե մեծ մեդալով։
1955թ. հունվարից աշխատել է որպես Հայկական ԽՍՀ պետական վերահսկողության մինիստրի տեղակալ, իսկ 1956-1958թթ.` մինիստր։
1958-1961թթ. Սովետական վերահսկողության հանձնաժողովի նախագահն էր:
1961-1974թթ.` սոցիալական ապահովության մինիստր:
1938թ. ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին, 1959թ.` հինգերորդ և 1963թ.` վեցերորդ գումարումների դեպուտատ։ Տարբեր տարիների եղել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի անդամության թեկնածու, վերստուգիչ հանձնաժողովի անդամ, ինչպես նաև Հայաստանի Արհմիությունների խորհրդի անդամ։
1967թ. և 1971թ. պարգևատրվել է “Աշխատանքային կարմիր դրոշի” երկու շքանշաններով:
1974 թվից անհատական թոշակառու էր։