Նարինե Բալայան

Բալայան Նարինե Միսակի

1940 թ. հունիսի 30
Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում:
1957-1962թթ.
Սովորել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում:
1962-1969թթ.
Աշխատել է Երևանի կաշվե գործարանում, որպես տեղամասի վարպետ:
1965 թ.
Դարձել է Կոմունիստական կուսակցության անդամ:
1966-1970թթ.
Վերապատրաստվել է Մոսկվայի թեթև արդյունաբերության տեխնոլոգիական ինստիտուտում և ստացել ինժեներ-կաշվեգործի որակավորում:
1969-1970թթ.
Աշխատել է Երևանի Շահումյանի անվան կաշվե արտադրական միավորման տեխնիկական վերահսկողության բաժնի պետ:
1970-1976թթ.
Եղել է նույն միավորման կուսակցական կազմակերպության ազատված քարտուղար:
1974-1977թթ.
Սովորել է Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցում (ներկայումս` հասարակական գիտությունների ակադեմիա):
1976-1982թթ.
Եղել է Հայաստանի տեքստիլ և թեթև արդյունաբերության աշխատավորների հանրապետական արհմիութենական կոմիտեի նախագահ:
1982-1985թթ.
Եղել է Հայաստանի հանրապետական արհմիութենական խորհրդի քարտուղար:
1985-1990թթ.
Աշխատել է Հայաստանի սոցիալական ապահովության նախարար:
1990թ.
Ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, գլխավորել սոցիալական հարցերի ենթահանձնաժողովը:
1995-1997թթ.
Աշխատել է Ռուսաստանի երկրաբանական փորձաքննության գլխավոր տնօրենի տեղակալ սոցիալական հարցերով:
2000-2006թթ.
Աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն:
2006 թ.-ից
Աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական:
Նարինե Բալայանը պետական աշխատանքը համատեղել է հասարակական գործունեության հետ:
1983-1991թթ.
Եղել է Ասիական և Աֆրիկական երկրների համերաշխության սովետական կոմիտեի նախագահի տեղակալ:
1992 թ.-ից
Եղել է ՙԱպավեն՚ հասարակական բարեգործական կազմակերպության նախագահ (գթության և առողջության հիմնադրամ):
Պարգևատրվել է “Ժողովուրդների բարեկամության”, “Պատվո նշան” շքանշաններով, մեդալներով, պատվոգրերով,շնորհակալագրերով: Ստացել է միջազգային կազմակերպությունների կողմից տրված հավաստագրեր:
Ամուսնացած է, ունի երկու որդի, չորս թոռնիկ:
Նարինե Բալայանի նախարար և պատգամավոր եղած ժամանակահատվածում կառուցվել են մի շարք շինություններ` Խուլ-համրերի մշակույթի և սպորտի պալատը, Խարբերդի մանկատունը, Պրոթեզավորման Գերմանական կենտրոնը, Կարմիր Խաչի միջազգային սպինալ կենտրոնը, Բժշկական վերականգնողական կենտրոնը “Արտմեդ”, Քիթ-կոկորդ-ականջի հիվանդանոցը, Պատերազմի և աշխատանքի վետերանների տուն-ինտերնատը և մի շարք արտադրական ձեռնարկություններ կույրերի և խուլերի համար:
Հեղինակ է մի շարք աշխատանքների. 1987թ.` “Սոցիալական ապահովության նորմատիվ ակտեր” ժողովածու, 1998թ.` “Գթության և առողջության հայկական հիմնադրամի գործունեությունը 1992-1997թթ.” գիրք, 2002թ.` “Սոցոլոգիա” ուսումնական օժանդակ ձեռնարկ (համահեղինակ), 2003թ.` մեթոդական ուղեցույց “Տարեցների և հաշմանդամների հետ աշխատող սոցիալական աշխատողների համար”, 2004թ.` մեթոդական ուղեցույց “Երեխաների և նրանց ծնողների հետ տարվող սոցիալական աշխատանքը”, 2005թ.` “Սոցիալական աշխատանքն ընտանիքում” մեթոդական ուղեցույց:
ՀՀ նախագահի 2010թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, երկարամյա և անբասիր պետական-հասարակական գործունեության համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Նարինե Միսակի Բալայանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով: