Ռաֆայել Անդրանիկի Բագոյան
Ծնվել է 1948թ.:
1967թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, իսկ 1973թ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը:
1973-1990թթ. աշխատել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ճարտարապետական եւ հատակագծման վարչությունում` որպես ինժեներ, գլխավոր ինժեներ, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի տեղակալ, միաժամանակ ղեկավարել է Երևանի քաղաքաշինական խորհրդի ինժեներական հարցերի հանձնաժողովի աշխատանքը:
1990թ. ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1991թ.` Երևանի Էրեբունու շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ:
1993թ. նշանակվել է ՀՀ պետական նախարար և կոորդինացրել վարչատարածքային կառավարման մարմինների, սոցիալական ապահովության նախարարության, փախստականների հարցերի պետական կոմիտեի, կենսաթոշակային հիմնադրամի աշխատանքները` միաժամանակ ղեկավարելով ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի, ՀՀ կառավարության և ՀՀ Գերագույն խորհրդի կապի ապահովման, ՀՀ կառավարության և հասարակական կազմակերպությունների գործունեության, անչափահասների և երիտասարդների հարցերի ու թմրամոլության և թմրաբիզնեսի դեմ տարվող աշխատանքների հանձնաժողովների գործունեությունը:
1995-1996թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարար:
1996-1997թթ. աշխատել է ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի նախագահ:
1993-1997թթ., ակտիվորեն համագործակցելով Միացյալ ազգերի կազմակերպության Հայաստանյան գրասենյակի, Եվրահամայնքի ներկայացուցչության, USAID, TASIS, ՀՕՖ և բազմաթիվ այլ միջազգային կազմապերպությունների հետ, մշակվել և գործարկվել են ինչպես սոցիալական ոլորտին վերաբերող մի շարք օրենքներ ու նախագծեր, այնպես էլ ձևավորվել է սոցիալական ծառայությունների ինստիտուտն` իր տարածքային կառույցներով, եւ կյանք է ստացել ընտանիքների անապահովության գնահատման ՙՓԱՐՈՍ՚ համակարգը, որոնք հնարավորություն են ընձեռել կազմակերպելու և իրականացնելու սոցիալապես անապահով ընտանիքների մարդասիրական օգնության և այլ նպաստների հասցեագրված, օպերատիվ և արդարացի բաշխման գործընթացը:
1997թ. հոկտեմբերից ընտրվել է Հայաստանի սպառողական ընկերությունների միության վարչության նախագահ եւ լուրջ վերափոխման նախաձեռնումներ է իրականացրել ողջ համակարգի վերակառուցման, դեմոկրատացման, տնտեսությունը շուկայական հարաբերությունների ժամանակաշրջանի պահանջներին հարմարացնելու, հանրապետության տնտեսության զարգացման գործում միության լուման ներդնելու համար:
1999 թվից ղեկավարում է Միջազգային կոոպերատիվ ալյանսի (ՄԿԱ), Co-op Network Scandinavia կազմակերպությունների եւ Օլոֆ Պալմեի անվան միջազգային հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ՙԿովկասյան տարածաշրջանի սպառողական կոոպերացիայի ժողովրդավարություն և զարգացում՚ ծրագրի ազգային կառավարման խորհուրդը, որում Հայաստանը հանդես է գալիս որպես բազային երկիր:
Home Ռաֆայել Բագոյան