Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N 2
Հանրապետական եռակողմ հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) նիստի
2011 թվական, հուլիսի 15, ժամը` 11:00
Նախագահում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը
Մասնակցում էին`
Հանձնաժողովի անդամներ`
Շամամ Հարությունյան | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության <<Զբաղվածության պետական ծառայություն>> գործակալության պետ |
Արթուր Հովհաննիսյան | ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության պետ |
Բորիս Խարատյան | Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ |
Ժանետա Թորոսյան | Մշակույթի և ԶԼՄ-ների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ |
Շմավոն Մկրտչյան | Առևտրի և հասարակական սննդի, սպառկոոպերացիայի և ձեռներեցության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ |
Կարինե Ալոյան | <<Էլեկտրաարհմիություն>> արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միության նախագահ |
Գագիկ Մակարյան | Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն |
Սուրեն Չիբուխչյան | Հայաստանի գործատուների հանրապետական միության <<Արմենպակ>> ճյուղային միության նախագահ |
Շուշանիկ Բարսեղյան | Հայաստանի գործատուների հանրապետական միության սոցիալական գործընկերության հարցերով փորձագետ |
Հանձնաժողովի քարտուղար` | |
Արփինե Սարգսյան | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատանքի բաժնի գլխավոր մասնագետ |
Հրավիրվածներ` | |
Արայիկ Պետրոսյան | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ |
Հակոբ Մանուկյան | ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետ |
Աշոտ Հարությունյան | ՀՀ աշխատանքի պետական տեսչության աշխատանքի պայմանների վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ |
Նարինե Բալայան | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական |
Թադևոս Ավետիսյան | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ |
Հասմիկ Խաչատրյան | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ |
Անահիտ Մարտիրոսյան | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ |
Գագիկ Քոչարյան | ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ |
Կարինե Մադոյան | Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատակազմի սոցիալ-տնտեսագիտական և աշխատանքի պաշտպանության բաժնի վարիչ |
Բացակայում էին` | |
Հանձնաժողովի անդամներ | |
Սուրեն Կարայան | ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Արա Պետրոսյան | ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Համլետ Դանիելյան | Մեքենաշինարարների և սարքաշինարարների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ |
Պողոս Գաբրիելյան | Հայաստանի գործատուների հանրապետական միության Արագածոտնի տարածքային միության նախագահ |
Էդուարդ Կիրակոսյան | Հայաստանի գործատուների հանրապետական միության <<Տաքսի ծառայությունների ասոցիացիա>> ճյուղային միության գործադիր տնօրեն |
ՕՐԱԿԱՐԳ
- ՀՀ աշխատանքի պետական տեսչության 2010 թվականի տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվության ներկայացում և քննարկում:
- Ճյուղային և կազմակերպությունների մակարդակով կոլեկտիվ պայմանագրերի կնքման առկա իրավիճակը:
- ՀՀ կողմից վավերացված ԱՄԿ-ի կոնվենցիաներով և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով պահանջվող հաշվետվությունների, զեկույցների և այլ անհրաժեշտ նյութերի նախապատրաստման ընթացիկ իրավիճակը և գործընթացում առկա խնդիրները:
- Այլ հարցեր:
Օրակարգի 4-րդ այլ հարցերի շրջանակում Բ. Խարատյանի կողմից առաջարկվեց քննարկել 2011 թվականի հուլիսի 7-ին Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ անցկացված <<Եռակողմ սոցիալական երկխոսություն Հայաստանի Հանրապետությունում. Դեպի նոր սկիզբ>> Եռակողմ Համաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում սոցիալական գործընկերության հետագա զարգացման և ամրապնդման նպատակով ներկայացված առաջարկությունները` Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկման առարկա դարձնելու, անհրաժեշտության դեպքում համապատասխան լուծումներ գտնելու համար ՀՀ կառավարություն կամ ՀՀ վարչապետին դիմելու նպատակով:
Վերոնշյալ առաջարկությունն ընդունվեց Հանձնաժողովի` նիստին ներկա անդամների կողմից:
- Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետ Հ. Մանուկյանը:
Հ. Մանուկյանը հակիրճ ներկայացրեց ՀՀ աշխատանքի պետական տեսչության 2010 թվականի տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Նշվեց, որ ՀՀ աշխատանքի պետական տեսչությունն օրենսդրության կիրարկման վերաբերյալ առավել արդյունավետ միջոցներ և մեթոդներ տրամադրելու, խախտումները կանխարգելելու նպատակով 2010 թվականին Երևան քաղաքում և ՀՀ մարզերում կազմակերպել է համապատասխան սեմինար-խորհրդատվություններ, որոնց մասնակիցների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է: Օրենսդրական փոփոխությունների հետ կապված ավելացել է նաև տեսչությունում կազմակերպվող սեմինարների հաճախականությունը:
2010 թվականից տեսչությունում ներդրվել է քաղաքացիների էլեկտրոնային դիմումների ընդունման, քննարկման կարգ: 2010 թվականի ընթացքում քաղաքացիներից ստացված դիմումներն հիմնականում առնչվել են աշխատավարձի չվճարման, վերջնահաշվարկ չհաշվարկելու և չվճարելու, աշխատանքից անօրինական ազատման, արձակման նպաստի, առողջությանը պատճառած վնասի հատուցման գումարների չվճարման, աշխատանքից ազատելու վերաբերյալ ծանուցման ժամկետները խախտելու հետևանքով տուժանքների չհաշվարկման և չվճարման հարցերին: Նախորդ տարվա համեմատ դիմումների աճը կազմել է 37 տոկոս:
Իրականացվել է 640 ստուգում և ուսումնասիրություն, որոնց արդյունքում նշանակվել է 150,221,000 դրամ վարչական տուգանք: Նախորդ տարվա համեմատությամբ ստուգումների և ուսումնասիրությունների քանակը կրկնակի նվազել է:
2010 թվականի ընթացքում արձանագրվել է 18 դժբախտ դեպք, որից 7-ը` մահվան ելքով: Գործատուների կողմից դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների վերաբերյալ բոլոր դեպքերը և ծառայողական քննության արդյունքները վերլուծվել են ՀՀ աշխատանքի պետական տեսչությունում: Դժբախտ դեպքերի կանխարգելման նպատակով դրանց պատճառների վերաբերյալ վերլուծական տեղեկատվություն է ուղղարկվել նույն ոլորտում գործունեություն ծավալող գործատուներին:
Հաշվետվության մեջ հանգամանորեն ներկայացված էին նաև սոցիալական գործընկեների, միջազգային կառույցների հետ համագործակցության կայացման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Զեկույցին հաջորդեցին հարցերը: Մասնավորապես Բ. Խարատյանի, Շ. Մկրտչյանի, Գ. Մակարյանի կողմից բարձրացվեցին այն հարցերը, թե ինչով են պայմանավորված նախորդ տարվա համեմատ քաղաքացիների դիմումների աճը, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի` ՀՀ աշխատանքի պետական տեսչության հաշվետվությունում ամրագրված թվի տարբերությունը Ազգային վիճակագրական ծառայության թվի համեմատ, անօրինական աշխատանքի դեպքերի կրկնակի աճը:
Բարձրացված բոլոր հարցերին Հ. Մանուկյանը տվեց սպառիչ պատասխաններ:
Հաշվետվության ներկայացնելուց հետո Գ. Մակարյանի և Բ. Խարատյանի կողմից նշվեց, որ ուրախալի է այն փաստը, որ ՀՀ աշխատանքի պետական տեսչության աշխատանքները դարձել են առավել թափանցիկ, առավել ակտիվացել է տեսչության համագործակցությունը սոցիալական գործընկերների հետ:
Օրակարգի 1-ին հարցի վերաբերյալ Հանձնաժողովը որոշեց.
ՀՀ աշխատանքի պետական տեսչության 2010 թվականի տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունն ընդունել ի գիտություն:
- Օրակարգի 2-րդ հարցի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բ. Խարատյանը և Հայաստանի գործատուների հանրապետական միության սոցիալական գործընկերության հարցերով փորձագետ Շ. Բարսեղյանը:
Ելնելով այն բանից, որ Ճյուղային և կազմակերպության մակարդակներում կոլեկտիվ պայմանագրերի կնքման առկա իրավիճակի մասին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից կազմված տեղեկանքը արդեն իսկ տրամադրված եղել է նիստի ներկաներին` Բ. Խարատյանը միանգամից անդրադարձավ կոլեկտիվ պայմանագրերի կնքման գործում առկա խնդիրներին: Մասնավորապես նշվեցին հետևյալ խնդիրները.
- Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 51-րդ հոդվածի` հանրապետական, ճյուղային և տարածքային կոլեկտիվ պայմանագրի գրանցումն իրականացնում է պետական լիազոր մարմինը` համապատասխան դիմումը և կոլեկտիվ պայմանագիրը ներկայացնելու դեպքում: Սակայն այսօր նշված իրավական նորմը դեռևս գործնականում չի կիրառվում:
- Շատ դեպքերում կոլեկտիվ պայմանագրի, կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների դերը կազմակերպությունում թուլանում է պայմանավորված այն հանգամանքով, որ դեռևս աշխատանքային շատ հարցեր լուծվում են անհատական, բարեկամական հարաբերությունների հիմքի վրա:
- Երբեմն գործատուները իրազեկ չլինելով աշխատանքային հարաբերություններում կոլեկտիվ պայմանագրի դերի և նշանակության մասին, հրաժարվում են կոլեկտիվ պայմանագիր կնքել, կամ արհեստականորեն ձգձգում են բանակցությունների վարման գործընթացը:
- Այսօր դեռևս չկա կնքված ճյուղային կոլեկտիվ պայմանագիր: Խնդիրն այն է, որ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության ճյուղային միությունների ոլորտները տարբեր են և անհամադրելի, որի հետևանքով անհնարին է դառնում ճյուղային կոլեկտիվ պայմանագրերի կնքումը: Այս մասով նշվեց, որ ներկայումս կա բանավոր պայմանավորվածություն Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև` էներգետիկայի և առողջապահության ոլորտներում ճյուղային կոլեկտիվ պայմանագրեր կնքելու հարցի շուրջ` այս երկու ճյուղերում գործատուների ճյուղային միություններ ստեղծելուց հետո, ինչը մոտ ապագայում լուծում կստանա:
Անդրադառնալով ներկայացված խնդիրներից առաջինին Ս. Հարությունյանը նշեց, որ այդ առումով անհրաժեշտ է հանդես գալ համապատասխան առաջարկությամբ` հարցին օրենսդրական լուծում տալու, և կոլեկտիվ պայմանագրերի գրանցման ինստիտուտ ձևավորելու նպատակով:
Ներկայացված առաջին խնդրի կապակցությամբ Գ. Մակարյանի կարծիքով նախ անհրաժեշտ է մշակել համապատասխան փաստաթուղթ, որում կնշվեն կոլեկտիվ պայմանագրերի գրանցման արդյունքում ակնկալվող արդյունքները, այն թե ինչ կտա կոլեկտիվ պայմանագրերի գրանցումը, այս ամենի մոնիտորինգի արդյունքում նոր գալ այն գաղափարին, թե արդյոք անհրաժեշտ է կոլեկտիվ պայմանագրերի գրանցումը:
Վերոնշյալ խնդիրների շարքում Ժ. Թորոսյանի կողմից կարևորվեց մեկ հանգամանք ևս. 2009 թվականի ապրիլի 27-ին կնքված Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը ըստ էության շարունակում է մնալ ինքնին փակ փաստաթուղթ, քանի որ դրա մասին կարելի է ասել տեղյակ են միայն Հանձնաժողովի անդամները և այն անձինք, որոնք այս կամ այն չափով առնչվում են Հանձնաժողովի աշխատանքներին: Ժ. Թորոսյանի կողմից առաջարկվեց Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի պատճեններն ուղարկել ներքև` Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության ճյուղային միություններին` Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի դրույթների վերաբերյալ վերջիններիս իրազեկվածությունն ապահովելու նպատակով:
Այնուհետև Շ. Բարսեղյանը ևս լրացնելով վերևում ասվածը ներկայացրեց սոցիալական գործընկերության ոլորտում առկա հետևյալ խնդիրները.
- Սոցիալական գործընկերության բոլոր մակարդակներում գործընկերների փորձի պակասը կոլեկտիվ բանակցությունների վարման, փոխադարձ խորհրդակցությունների անցկացման, կոլեկտիվ պայմանագրերի կատարումն ապահովող համապատասխան հանձնաժողովների ստեղծման և դրանց աշխատակարգի կազմման, միմյանց տեղեկատվության տրամադրման կարգին և պայմաններին վերաբերող, սոցիալական գործընկերության հիմնական սկզբունքների պահպանման հարցերում:
- Սոցիալական գործընկերության և սոցիալական երկխոսության ոչ բավարար լուսաբանումը, մասնավորապես Հ2 հեռուստաընկերության <<Սոցիալական երկխոսության ժամ>> հաղորդաշարի ժամանակ:
- Հատկապես մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների և աշխատողների ներկայացուցիչների անիրազեկությունը սոցիալական գործընկերության մասին:
- Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, լինելով երիտասարդ կառույց, չունի ՀՀ տնտեսության բոլոր ճյուղերում ճյուղային միություններ:
- Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան չունի բավարար թվով տարածքային միություններ, այդ պատճառով տարածքային մակարդակով կոլեկտիվ բանակցություններ վարելը նույնպես ներկա պահին հանրապետության բոլոր տարածքներում/ մարզերում հնարավոր չէ:
- Կազմակերպության մակարդակով կնքած կոլեկտիվ պայմանագրերը երբեմն ձևական բնույթ են կրում: Կազմակերպության մակարդակով չկան համապատասխան արհմիութենական առաջնորդներ, որոնք կարողանան գործատուի հետ հավասար մակարդակով վարել բանակցություններ և կնքել իրատեսական կոլեկտիվ պայմանագրեր:
Ամփոփելով ներկայացված խնդիրները, հիմք ընդունելով ներկայացված առաջարկությունները` Հանձնաժողովի նախագահ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը նշեց, որ ընդհանուր առմամբ սոցիալական գործընկերության կայացման, զարգացման և ամրապնդման, կոլեկտիվ պայմանագրերի կնքման գործընթացում ներկայումս խնդիրներն իսկապես բազմազան են, իրականում ներկայումս կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք աշխատում են առանց կոլեկտիվ պայմանագրերի: Այս առումով անչափ կարևոր է իրազեկման, համապատասխան տեղեկատվության տրամադրման խնդիրը:
Հիմք ընդունելով բարձրացված խնդիրները, համապատասխան քննարկումներն ու առաջարկությունները` օրակարգի 2-րդ հարցի վերաբերյալ Հանձնաժողովը որոշեց.
- Հանձնաժողովի հաջորդ նիստին հրավիրել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների` Հանձնաժողովի աշխատանքները լուսաբանելու, սոցիալական գործընկերության վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով:
- Հ2 հեռուստատեսությամբ հեռարձակվող <<Սոցիալական երկխոսության ժամ>> հաղորդաշարի առաջիկա երկու հաղորդումները նվիրել սոցիալական գործընկերության թեմային:
- Օրակարգի 3-րդ հարցի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ Ա. Մարտիրոսյանը:
Ներկայացվեց ՀՀ կողմից վավերացված ԱՄԿ-ի կոնվենցիաներով և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով պահանջվող հաշվետվությունների, զեկույցների և այլ անհրաժեշտ նյութերի նախապատրաստման ընթացիկ իրավիճակը և գործընթացում առկա խնդիրները:
Մասնավորապես նշվեց, որ գործընթացում առկա հիմնական խնդիրներից է վիճակագրական և պրակտիկ տվյալների բացակայությունը, ինչը հնարավոր է լինում լրացնել լրացուցիչ հետազոտությունների և վերլուծությունների միջոցով:
Անդրադառնալով վերևում նշված գործընթացում ծագող վիճակագրական և պրակտիկ տվյալների բացակայության խնդրին` Գ. Մակարյանը նշեց, որ այստեղ բավականին կարևոր է Ազգային վիճակագրական ծառայության դերը: Մինչդեռ ԱՎԾ-ն երբեմն չի տիրապետում անհրաժեշտ տեղեկատվութանը, իսկ շատ դեպքերում էլ ԱՎԾ տվյալներն ու վիճակագրական ձևերը հնացած են: Այս առումով Գ. Մակարյանի կողմից առաջարկություն ներկայացվեց անդրադառնալ վերոնշյալ խնդրին` դիմելով այս հարցում ՀՀ կառավարության աջակցությանը:
Օրակարգի 3-րդ հարցի վերաբերյալ Հանձնաժողովը որոշեց.
Ներկայացված տեղեկատվությունն ընդունել ի գիտություն:
- Հանձնաժողովի քարտուղար Ա. Սարգսյանը օրակարգի 4-րդ հարցի շրջանակներում ներկայացրեց 2011 թվականի հուլիսի 7-ին Աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ անցկացված <<Եռակողմ սոցիալական երկխոսություն Հայաստանի Հանրապետությունում. Դեպի նոր սկիզբ>> Եռակողմ Համաժողովի ընթացքում ներկայացված առաջարկությունների հիման վրա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` Եռակողմ համաժողովին մասնակցած անձանց կողմից մշակված և սոցիալական գործընկերների հետ համաձայնեցված Հայաստանի Հանրապետությունում սոցիալական գործընկերության հետագա զարգացման և ամրապնդման վերաբերյալ առաջարկությունները` Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկման առարկա դարձնելու, անհրաժեշտության դեպքում համապատասխան լուծումներ գտնելու համար ՀՀ կառավարություն կամ ՀՀ վարչապետին դիմելու նպատակով:
Դրանք են.
- Հանրապետական եռակողմ հանձնաժողովի գործունեության ամրապնդում
- Վերանայել հանձնաժողովի աշխատակարգերը` աշխատանքի մեթոդը, կառուցվածքը, ֆինանսավորումը և քննարկվող հարցերի շրջանակը
- Քարտուղարության աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ստեղծել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի քարտուղարի վճարովի հաստիք
- Ակտիվացնել սոցիալական գործընկերությանը և սոցիալական երկխոսությանը նվիրված աշխատանքների իրազեկումը` արդյունավետ օգտագործելով ձևավորված եռակողմ սոցիալական գործընկերության վեբ կայքը (www.social-dialogue.am), ինչպես նաև Հ2 ծրագրով նախարարության համար նախատեսված ժամերը
- Եռակողմ մասնակիցների կարողությունների զարգացում և ամրապնդում (միջազգային փորձագետներ և ուսուցողական այցեր)
- Աշխատանքի միջազգային չափորոշիչների վերաբերյալ խորհրդատվությունների տրամադրման (ԱՄԿ 144-րդ կոնվենցիա) ուժեղացում
- Մյուս առանցքային նախարարությունների հետ սոցիալական երկխոսության ակտիվացում
- Աջակցություն երկկողմ սոցիալական երկխոսությանը և կոլեկտիվ բանակցություններին
- Ճյուղային և ձեռնարկության մակարդակներում կոլեկտիվ բանակցություններն ակտիվացնելու և խթանելու նպատակով բարելավել օրենսդրական դաշտը
- Ամրապնդել սոցիալական գործընկերների կարողությունները և բանակցելու ունակությունները
- Իրականացնել կոլեկտիվ բանակցությունների վարման փորձնական ծրագիր որևէ ճյուղում
- Ստեղծել սոցիալական գործընկերության տեղեկատվական բազա
- Քննարկել կոլեկտիվ պայմանագրերի գրանցման գործնակնա կիրառման հարցը
- Քննարկել աշխատանքային վեճերի գրանցման նպատակահարմարության հարցը:
Միաժամանակ նշվեց, որ ներկայացված առաջարկությունները իրացնելու, Հայաստանի Հանրապետությունում սոցիալական գործընկերությունը կայացնելու և զարգացնելու հարցում Աշխատանքի միջազգային կազմակերպության գործուն աջակցությունն ապահովելու նպատակով այդ առաջարկությունները ներկայացվել են նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության Ազգային համակարգողի գրասենյակ` բարձրացված հարցերը <<Արժանապատիվ աշխատանք>> 2012-2014թթ. ծրագրի նախագծում ներառելու նպատակով:
Օրակարգի 4-րդ հարցի վերաբերյալ հանձնաժողովը որշեց.
Ներկայացված առաջարկություններն հիմք ընդունել և հանձնաժողովի աշխատանքների հետագա կազմակերպման ժամանակ առաջնորդվել նաև դրանցով: