Սոցփաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվում են Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գրանցված, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից հաշվառված, սոցփաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվական էլեկտրոնային համակարգում (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) ընդգրկված և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հաշվառված զբոսաշրջային օպերատորները (այսուհետ` զբոսաշրջային օպերատոր): Զբոսաշրջային օպերատորների հաշվառման, էլեկտրոնային համակարգում ընդգրկման, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում զբոսաշրջային օպերատորների ցանկի հրապարակման և հաշվառված զբոսաշրջային օպերատորներին հաշվառումից հանելու գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված կարգին համապատասխան:
Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունները մատուցվում են`
1) զբոսաշրջային փաթեթներ և տուրեր ձևավորելու և իրացնելու միջոցով.
2) հանդես գալով հյուրանոցային տնտեսության օբյեկտ շահագործող անձանց անունից` առանձին հյուրանոցային ծառայություններ իրացնելու միջոցով:
Սոցփաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում զբոսաշրջային օպերատորի հետ կնքվող պայմանագրում պարտադիր նշվում են սոցփաթեթի շահառուի` հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու ամսաթիվը և ծառայությունից օգտվելու համար մատուցվող ծառայության վճարի չափը: Նշված պայմանագրի հիման վրա զբոսաշրջային օպերատորին փոխանցված սոցփաթեթի գումարը ենթակա է շահառուի կողմից օգտագործման (ծառայությունը պետք է մատուցվի զբոսաշրջային օպերատորի միջոցով)` ոչ ուշ, քան զբոսաշրջային օպերատորի հաշվեհամարին այն փոխանցվելուց հետո մեկամսյա ժամկետում:
Սոցփաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում` զբոսաշրջային օպերատորների հետ կնքված պայմանագրերի շրջանակներում սոցփաթեթի շահառուներին հանգստի ապահովման ծառայությունը ենթակա է պարտադիր մատուցման վերը նշված ժամկետում, այն է՝ ոչ ուշ, քան զբոսաշրջային օպերատորի հաշվեհամարին այն փոխանցվելուց հետո մեկամսյա ժամկետում:
Զբոսաշրջային օպերատորները կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն` կեղծ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգի խախտմամբ կնքված գործարքների կամ պայմանագրով նախատեսված ծառայությունները փաստացի շահառուին չմատուցելու, սակայն այն փաստաթղթերով՝ որպես մատուցված ծառայություն ներկայացնելու և սոցփաթեթի գումարներն այդ եղանակով կանխիկացնելու դեպքերում:
(Տե՛ս Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 2 հավելվածի N 4 ձևը)