Պատմական ակնարկ

0
125

Հայաստանի առաջին հանրապետության երկրորդ կառավարության վերակազմավորման ժամանակ 1918թ. նոյեմբերին, ստեղծվել է հանրային խնամատարության նախարարությունը, իսկ 1919 թվականի ապրիլի 8-ին վերանվանվել է “հանրային խնամատարության և աշխատանքի նախարարություն”: Մինչև 1919թ. հուլիսի 5-ը երկրում մթերքների հայթայթումը և բաշխումը կազմակերպելու աշխատանքով զբաղվում էր պարենամթերման նախարարությունը: 1919թ. հուլիսի 5-ին վերջինիս լուծարումից հետո այդ գործառույթներն անցան հանրային խնամատարության և աշխատանքի նախարարությանը: 1920թ. հունվարի 8–ին նախարարությունը վերանվանվել է “հանրային խնամատարության և վերաշինության նախարարություն”: Այն ունեցել է հետևյալ բաժինները` որբանոցային, գաղթականական, աշխատանքի կազմակերպման, բժշկասանիտարական, աշխատանքի պաշտպանության, ճարտարապետական, շինարարական:

1918-1920թթ. ծանր տարիներ էին. 1915թ. եղեռնից և առաջին համաշխարհային պատերազմից հետո հարյուր հազարավոր գաղթականներ ու կարոտյալներ, տևական պատերազմ թուրքերի հետ և այլն: Հայ ժողովուրդը ստացավ դարերով երազած անկախությունը, ստեղծվեց առաջին Հայաստանի Հանրապետությունը ու կանգնեց բազմաթիվ դժվարությունների առաջ: Չնայած այդ ամենինª հանրային խնամատարության ու վերաշինության նախարարությունը իր ներկայացուցիչներն ուներ թե° Վրաստանում, թե° Ադրբեջանում և հատուկ միջոցներ էր հատկացնում վիրահայության, ադրբեջանահայության կարիքները հոգալու համար: Այդ շրջանում մի նախարարը երբեմն ղեկավարել է մեկից ավելի նախարարություն, քանի որ, բացի հանրապետության ներքին խնդիրներից, առաջանում էին սահմանների պաշտպանության, զենքի ձեռքբերման, արտաքին հարաբերություններին առնչվող հարցեր: Այդ ժամանակաշրջանի նախարարները հիմնականում ունեցել են բարձրագույն կրթություն, եղել կիրթ ազգային գործիչներ:
Հայաստանի խորհրդայնացումից հետո այդ նախարարներին փոխարինեցին բոլշևիկ ժողկոմները, որոնցից առաջինները գաղափարականացված, բարձրագույն կրթություն ստացած ազգային գործիչներ էին, որոնք հետագայում ավելի բարձր պաշտոններ զբաղեցրեցին, ապա գնդակահարվեցին 1937թ.:
1920թ© դեկտեմբերի 8-ին նախարարությունը կազմակերպվել է որպես խնամատարության և վերաշինության կոմիսարիատ, այնուհետև, դեկտեմբերի 21-ին, սոցիալական ապահովության ժողկոմատ: 1925-ի մարտի 12-ին վերանվանվել է “աշխատանքի և սոցիալ ապահովության ժողկոմատ”: 1946-ին վերակազմվել է ՀՍՍՀ սոցիալական ապահովության մինիստրությունը:
Մինիստրության կազմի մեջ էին մտնում կենսաթոշակների ու նպաստների, աշխատանքի տեղավորման և կենցաղի կազմակերպման, վերստուգիչ, վերահսկիչ, բժշկաաշխատանքային փորձաքննության, ֆինանսական« պլանային, կապիտալ շինարարության, վարչատնտեսական բաժինները, կենտրոնական հաշվապահությունը և անհատական կենսաթոշակառուների տեսչությունը:
Մինիստրության ենթակայության տակ էին կենսաթոշակների և նպաստների հաշվարկման և վճարման, նաև ինֆորմացիոն հաշվողական հանրապետական կենտրոնները, հաշմանդամների, տարեցների և մանկական տուն-ինտերնատները, փորձարարական-արտադրական պրոթեզաօրթոպեդիկ ձեռնարկությունը, բժշկաաշխատանքային փորձաքննության և պրոթեզավորման հիվանդանոցը, հանրապետական, միջշրջանային, շրջանային բժշկաաշխատանքային փորձաքննության հանձնաժողովները, կույրերի, խուլ-համրերի միավորումները, ժողդեպուտատների շրջանային և քաղաքային սովետների գործկոմների սոցիալական ապահովության բաժինները:

Ետխորհրդային շրջանում, 1990թ., ՀՀ սոցիալական ապահովության մինիստրությունը վերակազմավորվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության:
1995-ի ԱԺ-ի ընտրություններից հետո ՀՀ Նախագահի հրամանագրով փոփոխություն կատարվեց կառավարության կառուցվածքում. նախարարությունը վերակազմավորվեց սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերով նախարարության:
1996թ. ՀՀ Նախագահի հրամանագրով կառավարության կառուցվածքի նոր փոփոխություն տեղի ունեցավ. 1996թ. նոյեմբերի 8-ին նախարարությունը վերակազմավորվեց սոցիալական ապահովության նախարարության:
2000թ. փետրվարի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, նախարարությունը միաձուլման ճանապարհով վերակազմավորվեց ՀՀ առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության:
2000թ. մայիսի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նախարարությունը տարանջատման ճանապարհով վերակազմավորվեց ՀՀ սոցիալական ապահովության նախարարության: 2003թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նախարարությունը վերանվանվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Անցումային շրջանի առաջին տարիները անասելի ծանր էին ժողովրդի համար: Չէին վերացել 1988 թվականին հանրապետության տարածքի մեկ երրորդն ավերած և մոտ 25 հազար մարդու կյանք խլած երկրաշարժի հետևանքները, երբ նոր հիմնախնդիրներ գումարվեցին` շրջափակում, բռնի տեղահանվածների ներգաղթ, էներգետիկ ճգնաժամ, գործազրկություն և այլն:
1992 թվականին պաշտոնապես հայտարարվեց, որ հանրապետությունում աղքատությունը 94 տոկոս է: Սա նշանակում է, որ ժողովուրդը հայտնվել էր անելանելի կացության մեջ, իսկ նորանկախ պետության համար շատ դժվար էր միայնակ հաղթահարել սոցիալ-տնտեսական դժվարությունները:
Այդ տարիներին ՀՀ կառավարությունը տնտեսական բարեփոխումներ էր իրականացնում, ընթացքի մեջ էր օրենսդրական դաշտի ձևավորումը: Առաջնահերթությունների շարքում էր մարդասիրական օգնությունը: ՀՀ Նախագահը հանձնարարեց ՀՀ կառավարությանը` ստեղծել մի համակարգ, որը պետք է կազմակերպեր մարդասիրական օգնության հասցեագրված բաշխման աշխատանքները: Ձևավորվեց աշխատանքային խումբ, ներգրավվեցին համապատասխան մասնագետներ, մշակվեց հստակ կանոնակարգ, և ստեղծվեց “Փարոս” համակարգը:
Այդ կառույցն աշխատեցնելու համար ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունում ձևավորվեց սոցիալական ծառայությունների ինստիտուտª իր տարածքային կառույցներով, որի շնորհիվ հնարավոր դարձավ կյանքի կոչել “Փարոս” համակարգը: Այն կոչված էր ոչ միայն հստակորեն ճշտելու ընտանիքների անապահովության աստիճանը, այլև օպերատիվ և անաչառ կազմակերպելու մարդասիրական օգնության բաշխման աշխատանքները:
Սոցիալական ծառայությունների ֆինանսավորումը կատարվում էր պետական բյուջեի միջոցների հաշվին: Շահառուներն սպասարկվում էին անվճար: Ծառայությունների աշխատանքները համակարգում, միասնական քաղաքականությունը վարում, ինչպես նաև մեթոդական և կազմակերպչական օգնությունն իրականացնում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը: