Ժողովրդագրություն, զբաղվածություն, իսկապես, մատչելի բնակարան. Արտեմ Ասատրյանի ամփոփումը

0
173

Անցնող տարին սոցիալական ոլորտի համար բարդ տարի էր, բայց և այնպես այն նշանավորվեց մի շարք կարևոր ծրագրերի ներդրմամբ և շարունակականությամբ, որոնք կարճաժամկետ ու երկարաժամկետ առումով կապահովեն սոցիալական ոլորտի զարգացումը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այս խառը օրերին ժամանակ գտավ Aysor.am-ի հետ տարեվերջյան հարցազրույցի համար:

Իհարկե, ցանկություն կար ամփոփել տարին ամբողջությամբ, բայց նախանշեցինք երեք հիմնական ուղղություն-ծրագիր, որոնք կյանքի են կոչվել Կառավարության կողմից և որոնք իսկապես կարևորագույն նշանակություն ունեն գրեթե յուրաքանչյուրիս կյանքում: Դրանք են՝ 3-րդ և ավելի երեխաների ծնունդը և ընտանիքի խրախուսումը, զբաղվածությունը, ինչպես նաև ժողովրդագրությունը, որը, օրինակ, լուծելու է այնպիսի կարևորագույն խնդիր, ինչպիսինն է, իսկապես, ՄԱՏՉԵԼԻ բնակարան ձեռք բերելը: Ի դեպ, նախարարը խոստացավ՝ առաջիկայում, իսկապես, լրջագույն օրենսդրական փոփոխություններ կարվեն, որոնք հնարավորություն կտան քաղաքացիներին ձեռք բերել մատչելի բնակարաններ ոչ միայն նոր կառուցվող շենքերում, այլև՝ երկրորդային շուկայում….

 

Ընտանեկան դրամագլուխ. Ի՞նչ արդյունքներ ունենք

 

2014թ հունվարից մինչև 2015 թ-ի նոյեմբերը ներառյալ շուրջ 6 մլրդ դրամ գումար է փոխանցվել ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխաների ծնունդի հետ կապված, որից օգտագործվել է շուրջ 200 մլն դրամը: Այս ընթացքում ստացել ենք բազմաթիվ քաղաքացիների առաջարկություններ, մասնավորապես գյուղական բնակավայրերից, որ երեք ուղղությունները, որոնք վերաբերում են սահմանված դրամագլխի ստացման գործընթացին, դրանք հնարավորություն չեն տալիս կամ ամբողջությամբ չեն հոգում կարիքների բավարարումը՝ հիփոթեքային վարկի մարումը, ուսման վարձի տրամադրումը, բժշկական ապահովագրությունը և այլն: Եվ այդ պատճառով Կառավարությունը որոշում կայացրեց դրամագլխի միջոցների օգտագործումն ընդլայնել ևս երկու ուղղություններով, որոշումն արդեն ընդունվել է:

 

Մասնավորապես, շուրջ 600 գյուղական համայնքներ՝ սահմանամերձ, բարձր լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող, որոնք ներառված են Կառավարության ցանկում, հնարավորություն տրվեց, որպեսզի այդ միջոցներն օգտագործվեն նաև անշարժ գույք ձեռք բերելու համար: Սա էական էր այն առումով, որ գյուղական բնակչության համար հիփոթեքով բնակարան գնելու գործընթացը մատչելի չէր և ըստ էության այդ ուղղությունը չէր աշխատում, քանի որ բանկերը վարկ տրամադրելու համար համապատասխան ընթացակարգեր ունեն և գյուղական բնակավայրերի բնակիչները հիմնականում չեն համապատասխանում դրանց: Ի դեպ, որոշումը կարևոր էր նաև այն իմաստով, որ տրված միջոցներով գյուղական համայնքներում հնարավոր է նաև անշարժ գույք ձեռք բերել:

 

Երկրորդ կարևոր ուղղությունը. այդ միջոցները հնարավորություն տրվեց ուղղել նաև գյուղատնտեսական վարկերի, որոնք սուբսիդավորվում են Կառավարության կողմից, մարմանը: Քանի որ ի սկզբանե ընտանեկան դրամագլխի ամբողջ նպատակը կայուն ընտանիքների ձևավորմանն ու զարգացմանը նպաստելն էր, կարծում ենք, որ այս երկու ուղղությունները ևս ուղիղ այս նպատակին են ուղղված և կաջակցի նշածս ընտանիքներին իրենց խնդիրները լուծելու, իրենց համար կենսական նշանակություն ունեցող հարցերը կարգավորելու համար: Առաջիկայում մենք կվերլուծենք, թե ինչպիսի ազդեցություն ունեցավ այս ծրագիրը և ինչքանով նպատակներին ծառայեց այն, և եթե անհրաժեշտություն լինի, ապա առաջարկությունները կներկայացնենք Կառավարությանը, որպեսզի այդ միջոցները նաև ընտանիքների համար հասանելի լինեն:

 

Զբաղվածության խնդիրների լուծում՝ Տավուշի մարզում ներդրված պիլոտային ծրագրի օրինակով

 

Զբաղվածության ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակներում, երբ կարևորեցինք զբաղվածության ապահովման խնդիրների լուծումը, Տավուշում ներդրվեց պիլոտային ծրագիրը, որի նպատակն էր պասիվ ծրագրերից անցում կատարել ակտիվ զբաղվածության ծրագրերի խթանմանը: Երկու հիմնական ուղղություն ենք ամրագրել. մեկը կայուն զբաղվածության ապահովումն է, մյուսը՝ ժամանակավոր զբաղվածության ապահովումը:

 

Իհարկե, մեր հիմնական թիրախն ու խնդիրը կայուն զբաղվածությունն ապահովելն է՝ այն առումով, որ աշխատաշուկայում անմրցունակ անձանց աջակցելով աշխատանք գտնել կարողանանք նրանց դարձնել կայուն զբաղվածություն ունեցող անձ և ոչ թե ժամանակավոր: Իսկ դրա համար էական ներդրում է պետք ու ճիշտ՝ կարիքը գնահատելը, մասնագիտական կողմնորոշման խնդիրներին անդրադառնալը, հասկանալը, թե արդյոք այդ մասնագիտությամբ աշխատաշուկայում հնարավոր է աշխատանք գտնել և դա արդյոք կապահովի կայուն զբաղվածություն, թե ոչ:

 

Ամենակարևորը, որ կարողանանք մեծացնել մեր իրականացվող ծրագրերի նպատակայնությունն ու արդյունավետությունը: Դրա համար ներմուծեցինք ցուցանիշ, որպեսզի մենք նաև մեր աշխատանքը գնահատենք՝ արդյոք ծրագրերում ընդգրկված անձը որևէ (դա կլինի մասնագիտական ուսուցում, գործատուին աջակցություն, աշխատավարձի փոխհատուցում, այլ վայր աշխատանքի գործուղում և այլն) ծրագրի ավարտվելուց հետո շարունակում է լինել զբաղված, թե դադարում զբաղված լինել: Որովհետև, կրկնում եմ, մեր նպատակը ոչ թե այդ ժամանակում զբաղվածությունն ապահովելն է, այլ որպեսզի հետագայում իրենք շարունակեն իրենց զբաղվածություն-աշխատանքը: Այս ցուցանիշը մենք ներմուծել ենք, որպեսզի, ինչու չէ, նաև մեր գործակալության աշխատողների պատասխանատվությունը բարձրացնենք, որ նաև նրանք կարողանան ավելի լիարժեք գնահատել կարիքը, ավելի ճիշտ որոշում կայացնել, թե որ անձին, որ ծրագրում ընդգրկեն կամ առաջարկեն, որ ընդգրկվի, քանի որ անձն ինքն է որոշում կայացնում ընդգրկվածության մասով:

 

Այս ամենի հիման վրա արված վերլուծությունը հնարավորություն տվեց օրենքում քաղաքականության փոփոխություններ առաջարկել, քանի որ նույն գործազրկության նպաստի պարագայում նպաստ ստացողների ընդամենը 6 տոկոսն էր, որ հետագայում աշխատում էր կամ շարունակում էր աշխատանք ունենալ: Դա նշանակում է, որ դա ուղղակի պասիվ նպաստ տրամադրելու ծրագիր էր, որը չէր ակտիվացնում քաղաքացուն, չէր դարձնում նրան ավելի մրցունակ և չէր ապահովում նրա հետագա կայուն զբաղվածությունը: Այս ծրագրերի ներքո, որ արդեն երկրորդ տարին իրականացվում է, ունենք տարածաշրջաններ, բնակավայրեր, որտեղ օբյեկտիվորեն հնարավոր չէ կայուն զբաղվածության ծրագրեր իրականացնել, ելնելով տվյալ տարածաշրջանի աշխատաշուկայի պահանջներից, առկա իրավիճակից, նաև աշխատանք փնտրող անձանց կարողություններից, կառուցվածքից և այլն: Դրա համար երկրորդ ուղղությունը ժամանակավոր զբաղվածություն ապահովող ծրագրերն են:

 

Հաշվի առնելով Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի համայնքների ամենատարբեր խնդիրները, այդ խնդիրներին լուծում տալու անհրաժեշտությունն ու նաև այդ համայնքներում բնակվող մեր քաղաքացիներին ժամանակավոր զբաղվածությամբ ապահովելու, նաև եկամուտ ապահովելու կարևորագույն նպատակները, ՀՀ Նախագահի հանձնարարականով, ՀՀ վարչապետի ցուցումով մենք իրականացրեցինք այս ծրագրերը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում: 44 համայնք ընդգրկվեցին այս ծրագրերում և շատ կարևորում եմ, որ նախապես մարզպետարանների հետ, համայնքների ղեկավարների հետ մեր գործակալությունը անհրաժեշտ աշխատանքներ իրականացրեց, որպեսզի յուրաքանչյուր համայնքի համար դուրս բերվի կարևորագույն ուղղությունը, ի վերջո խնդիրները բազմաբնույթ են, բայց այս կարճ ժամանակահատվածում իրականացվող ծրագրերը սահմանափակ հնարավորություններ ունեն: Այդ 44 համայնքներում դուրս բերվեցին խնդիրները, թե որոնք են ավելի շատ կարևորում, որպեսզի լուծում ստանան, և ըստ այդմ շուրջ 60 մլն դրամ հատկացվեց զբաղվածության ոլորտին ուղղված ծրագրերից դրանց իրականացմանը:

 

400 անձ անցած երեք ամիսների ընթացքում ժամանակավոր զբաղվածություն ունեցավ՝ օրական 7 հազար դրամ վճարով և լուծեցինք շատ կարևոր հարցեր՝ պաշտպանական նշանակության ինժեներական կառույցներ, ճանապարհների հետ կապված խնդիրներ, գերեզմանների բարեկարգման հարցեր, ջրագծերի, լուսավորության անցկացում և այլն: Այսինքն ՝ այն բոլոր խնդիրները, որոնք տվյալ համայնքի համար արդիական են համարվել:

 

Հիշեցնեմ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության նիստի ժամանակ ասաց, որ եթե այս ծրագիրը հաջողվի, ապա հաջորդ տարի նմանատիպ ծրագրեր կիրականացվեն ամբողջ հանրապետությունում և դրա համար պետական բյուջեում նախատեսվել են միջոցներ, որպեսզի 2016 թվականին այդ ծրագիրն իրականացնենք բազմաթիվ յալ համայնքներում և ՀՀ մյուս մարզերում:

 

Ժողովրդագրության խնդիրներ

 

2009 թվականին Կառավարությունը հաստատեց Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարություն 2009-35 թթ. համար: Դա առաջին փորձն էր ժողովրդագրական խնդիրներին համակարգված անդրադարձ կատարելուն Կառավարության կողմից: Այդ ռազմավարությամբ սահմանվեցին տարեկան ծրագրերի միջոցով իրականացվելիք գործողությունների անհրաժեշտությունը՝ յուրաքանչյուր տարի Կառավարությունը հաստատում է տարեկան ծրագիրը՝ ներառելով համապատասխան միջոցառումները, որպեսզի ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ առարկայական քայլեր արվեն ու արդյունքներ ունենանք:

 

2014 թվականին հաստատված Կառավարության ծրագրում ամրագրվեց ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի անհրաժեշտությունը և այս 1.5 տարվա ընթացքում նաև մեր գործընկերների հետ համագործակցությամբ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ու ոլորտի փորձատու ներկայացուցիչների հետ իրականացվեց համապարփակ ուսումնասիրություն, որի արդյունքում ունեցանք հիմնական խնդիրները վեր հանած վերլուծություն: Ըստ այդմ, հայտնի է, թե որ խնդիրների հետ կապված ինչ լուծումներ են առաջարկվում, որպեսզի և կարճաժամկետ, և միջնաժամկետ, և երկարաժամկետ ժողովրդագրական վիճակի բարելավում ունենանք:

 

Այս ամենը հիմքում ունենալով՝ մշակել ենք Ազգային ծրագիրը 2016-18 թվականների համար, որը երկու անգամ վարչապետի մոտ է քննարկվել և մյուս գերատեսչություններում: Արդեն ունենալով 2009-35թթ. ռազմավարությունը փորձել ենք ունենալ Ազգային ծրագիր, որի ներքո կփորձենք ավելի ամբողջական ու համակարգված լուծումներ տալ խնդիրներին ու առաջին հերթին քաղաքացիների զբաղվածության ապահովումը խթանելով: Բացի դա, առանձնացրել ենք բնակարանային ապահովության մատչելիությունը. Որոշակի խմբերի համար որոշակի ծրագրեր ենք առաջարկում, որպեսզի հնարավորություն ընձեռվի մեր քաղաքացիներին ձեռք բերել իսկապես մատչելի բնակարաններ: Սա շատ կարևոր հարց է, որը Կառավարության ուշադրության կենտրոնում է:

 

Պետությունը բավականին ծրագրեր իրականացնում է, բայց կարիքներն էլ շատ են: Այս բոլոր խնդիրները վեր հանելով, դրանց լուծումները նախանշելով՝ նաև հասկանում ենք, որ համապատասխան ռեսուրսներ են դրանց համար անհրաժեշտ, բայց շատ էական ու կարևոր եմ համարում, որ այս ծրագրերը նախապատրաստելով, ունենալով նաև իրենց իրականացման մեխանիզմները, ավելի պատրաստ ենք լինում դրանց իրականացմանը:

 

Ի դեպ, Ազգային ծրագրի նախագծում նախատեսել ենք Ժողովրդագրության հիմնադրամի ստեղծում, որպեսզի ռեսուրսներ կարողանանք ուղղել նշածս ծրագրերի իրականացմանը: Իհարկե, հասկանալի է, որ հնարավոր չի լինի միանգամից բոլոր ծրագրերը կյանքի կոչել, այն էլ միաժամանակ, բայց այդ ծրագրերի առկայությունը բերելու է դրանց իրականացմանը: Եվ առաջիկայում նախագիծը որոշակի վերամշակելով այն կներկայացնենք Ազգային ժողով՝ հանրային քննարկումների փուլն անցնելով:

 

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի