Հայաստանում մտադիր են ծերերի համար ակտիվ ու առողջ ծերացում ապահովել

0
224

Հայաստանի կառավարությունում շրջանառության մեջ է դրվել Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությունը և դրանից բխող 2017-21 թվականների միջոցառումների ծրագիրը: Այս փաստաթղթով կառավարությունը մտադիր է Հայաստանի ծերերի համար ակտիվ ու առողջ ծերացում ապահովել՝ խնամքի ծառայություններից անցում կատարելով ակտիվ ծերացում:

Այսպիսով, նոր ծրագրով առաջարկվում է փոխել ծերացման խնդիրների մոտեցումները, շեշտը դրվում է այլընտրանքային ծառայությունների վրա՝ ծերերին սոցիալականացնելու համար:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այլընտրանքային ծառայությունները չեն լինելու այնպիսին, ինչպիսին ներկայիս տուն-ինտերնատներն են, այլ՝ փոքր ընտանեկան տիպի խնամքի տներ, առողջ ապրելակերպի ակումբներ, նոր ծառայություններ տարեցների համար, նրանց համայնքային մասնակցության, դերի բարձրացում: Նաև ներդրվելու է վճարովի և համավճարով ծառայությունների համակարգ այն մարդկանց համար, ովքեր ի վիճակի են վճարելու իրենց մատուցվող ծառայությունների դիմաց: Բացի այդ կազմակերպիչները նախատեսում են ներդնել ծերաբույժի (տարեց հիվանդներին խնամող, բուժօգնություն ցուցաբերող մասնագետ) ինստիտուտ:

«Այսինքն՝ նախատեսում ենք այնպես անել, որ ծերերը առողջ ու ակտիվ կյանք վարեն, առողջ ծերացում ունենան», -ասաց Անահիտ Գևորգյանը:

Հարցին, թե արդյոք այս ռազմավարության թիրախում են լինելու միայն ընտանիքների կողմից լքված ծերերը, Անահիտ Գևորգյանը պատասխանեց, որ ծրագիրը վերաբերում է բացառապես բոլոր ծերերին:

«Ընտանիքում ապրող ծերերն էլ կարող են գնալ իրենց օրն անցկացնել առողջ ապրելակերպի ակումբներում, պարտադիր չէ, որ լքված լինի: Միայնակ, լքված ծերերի համար դարձյալ կշարունակեն գործել սովորական խնամքի հաստատությունները, այլ կերպ ասած՝ տուն-ինտերնատները», – նշեց Գևորգյանը:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք ռազմավարության իրականացումը թանկ չի՞ նստի պետական բյուջեի վրա, Գևորգյանն ասաց, որ ռազմավարության գործողությունների ծրագրում կան միջոցառումներ, որոնց ֆինանսավորման աղբյուրները տարբեր են՝ կան ծրագրեր, որոնք կիրականացվեն պետբյուջեի հաշվին, կան ծրագրեր էլ, որոնք կարող են իրականացվել հասարակական կազմակերպությունների, համայնքի և միջազգային դոնորների հաշվին:

«Սակայն, այս պահին աղբյուրները հստակեցված չեն, իհարկե», – նկատեց Գևորգյանը:

Նրա խոսքով՝ ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակման անհրաժեշտությունը առաջացել է Ծերացման ռազմավարության մասին Մադրիդյան միջազգային փաստաթղթից, որին միացել է նաև Հայաստանը: