Ի՞նչ է պետությունն առաջարկում գործազուրկներին

0
119

2014 թվականին, երբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնամուխ եղավ օրենսդրական լուրջ փոփոխություններով վերաիմաստավորել Զբաղվածության գործակալության աշխատանքներն ու գործառույթները, մեծաթիվ քաղաքացիների շրջանում դժգոհության ալիք բարձրացավ: Դժգոհություն բարձրացնողներն այն մարդիկ էին, ովքեր, տարիներ շարունակ գրանցված լինելով գործազուրկների բազայում, օգտվում էին ամենամսյա 18000-ական դրամ գործազրկության նպաստից: Ինչը ինչի դիմաց էր առաջարկում նախարարությունն ամենատարբեր տարիքի, տարբեր մասնագիտության տեր գործազուրկների բազմությանը, նախարար Արտեմ Ասատրյանի կողմից՝ ներկայացվեց խորհրդարանական լսումների ժամանակ, բազմիցս գրվեց ու լուսաբանվեց:

 

Բայց այսօր էլ, երբ ոլորտի բարեփոխումներին զուգընթաց առաջարկվող ծրագրերը տալիս են շոշափելի արդյունքներ, միեւնույն է՝ հասարակության մի զանգված շարունակում է մնալ անտեղյակ՝ ինչ ծրագրեր է առաջարկում պետությունը զբաղվածության ապահովման համար: Զբաղվածության պետական գործակալության կողմից իրականացվող ծրագրերը 13-ն են, որոնք առաջարկվում են 3 հիմնական ուղղություններով՝ ըստ նպատակայնության՝ կայուն զբաղվածություն ապահովող, ժամանակավոր զբաղվածություն ապահովող եւ զբաղվածությանն աջակցող:

 

Կայուն զբաղվածություն ապահովող խմբին պատկանող ծրագրերում ընդգրկված անձն ապահովվում է աշխատանքով՝ նվազագույնը 1, առավելագույնը 3 տարի ժամկետով՝ կախված, թե որ ծրագրում է նա ընդգրկվել:

 

Ժամանակավոր զբաղվածություն ապահովող ծրագրերը 2-ն են՝ գյուղացիական տնտեսություններին աջակցություն եւ վարձատրվող հասարակական աշխատանքներ: Առաջին ծրագրի առավելագույն տեւողությունը 6 ամիս է, երկրորդինը՝ 3: Ծրագրերն իրականացվում են մարզերում՝ որտեղ աշխատանք փնտրողի համար շատ ավելի դժվար է գտնել աշխատանք:

 

Զբաղվածությանն աջակցող խմբի՝ Զբաղվածությանն աջակցող ծրագրերի նպատակն անձին աշխատաշուկայում մրցունակ դարձնելն է՝ նրա կարողությունները, հմտությունները ավելացնելու, նրան իրազեկելու ճանապարհով: Այս խմբին պատկանող ծրագրերը երեքն են՝ աշխատանքային պրակտիկա, մասնագիտական ուսուցում եւ աշխատանքի տոնավաճառ:

 

Աշխատանքային պրակտիկայի ծրագիրն ուղղված է այն երիտասարդներին, ովքեր ստացել են կրթություն, սակայն մասնագիտությամբ աշխատանք չեն գտել՝ փորձ չունենալու պատճառով: Ծրագրի տեւողությունը 3 ամիս է, որի ընթացքում երիտասարդը ձեռք է բերում աշխատանքային փորձ, հաղթահարում աշխատանքային միջավայրում ինտեգրվելու դժվարությունները, որից հետո նրա համար աշխատանք գտնելը դառնում է շատ ավելի դյուրին: Ինչպես վկայում է վիճակագրությունը՝ ծրագրում ընդգրկվածների շուրջ 20 տոկոսը ծրագրի ավարտից հետո՝ 3 ամսվա ընթացքում, տեղավորվում է աշխատանքի եւ շատ հաճախ հենց պրակտիկա կազմակերպող գործատուի մոտ: Այս փաստը վկայում է, որ ծրագիրը նույնքան պահանջարկված է գործատուների համար:

 

Մասնագիտական ուսուցման ծրագրի նպատակն անձի որակավորման բարձրացումն է կամ վերամասնագիտացումը՝ աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան: Ծրագրի տեւողությունը մինչեւ 3 ամիս է, կրթություն չունեցող անձանց համար կազմակերպվում է նաեւ արհեստագործական ուսուցում՝ մինչեւ 6 ամիս տեւողությամբ:

 

Օրենսդրությամբ սահմանված ուսուցման ծառայությունների ձեռքբերման գործընթացը երկարատեւ է (միջինը 2 ամիս) եւ առանձին դեպքերում հարուցում է գործազուրկների դժգոհությունը՝ խնդիրներ ստեղծելով նաեւ գործակալության համար: Ծրագիրը կազմակերպվում է 2014թ. ապրիլի 17-ի ՀՀ կառավարության 534-Ն որոշման հավելված 11-ով եւ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգերի համաձայն: Յուրաքանչյուր մասնագիտության գծով զբաղվածության տարածքային կենտրոններում ձեւավորվում են ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց ցուցակներ, որոնք ներկայացվում են գործակալություն: Գործակալությունում յուրաքանչյուր մասնագիտության համար ձեւավորվում է մեկ հայտ: Յուրաքանչյուր հայտի համար հայտարարվում է մրցույթ:

 

Սակայն լինում են դեպքեր, երբ մեկ կամ մի քանի մասնագիտությունների գծով շահող կազմակերպություն չի ընտրվում, կամ ընտրված կազմակերպություններն ունենում են որոշակի ֆինանսական պարտավորություններ, ինչի պատճառով ուսուցման ծրագրում ընդգրկված անձինք դուրս են մնում մրցույթի գործընթացից:

 

Նման դեպքերում, սահմանված ընթացակարգի համաձայն, հայտարարվում է կրկնակի մրցույթ, որի արդյունքում եւս կարող է չլինել շահող կազմակերպություն:

 

Մասնագիտական ուսուցման ծրագրի համար հատկացված գումարների չիրացված մասը տարեվերջին, օրենսդրությամբ սահմանված կարգով, վերադարձվումէ պետական բյուջե:

Նյութի աղբյուրը՝ aravot.am