Նախարար Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը

0
613

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը, որի կազմում եղել են Եվրոպայի և Ասիայի գործերով ԱՄՆ ՄԶԳ ղեկավարի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և ԱՄՆ ՄԶԳ Արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող Մայք Լամբրայթը:   

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացում համագործակցության ուղղությունները։  

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող աշխատանքները։ Առկա մարտահրավերներին առավել պատշաճ արձագանքելու գործընթացում նախարարն ընդգծել է միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորությունն ու շնորհակալություն հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը Հայաստանի կողքին լինելու և աջակցելու պատրաստակամության համար։   

«Այս պահի դրությամբ՝ Հայաստանում ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100,000 անձ կա, որոնց առաջնային կարիքների բավարարումից հետո սոցիալական աջակցության տարբեր ծրագրեր են իրականացվելու։ Առաջնային հարցերից է նաև նրանց զբաղվածության ապահովումը, և մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որպեսզի մեր հայրենակիցներն առաջիկայում ունենան կայուն աշխատանք և դառնան ինքնաբավ»,- նշել է նախարարը։  

Ալեքսանդր Սոկոլովկին ևս շնորհակալություն է հայտնել նախարարության հետ համագործակցության համար և վերահաստատել պատրաստակամությունը՝ մասնակցություն ունենալ ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացում։ Վերջինիս խոսքով՝ իրենք արդեն հանդիպել են ԼՂ-ից տեղահանված անձանց հետ՝ լսել նրանց խնդիրների ու կարիքների մասին։  

«Մենք վերահաստատում ենք մեր շարունակական հանձնառությունը՝ աջակցելու հայ ժողովրդին՝ ճգնաժամում գտնվող անձանց խնդիրների լուծման նպատակով։ Պատրաստակամ ենք քննարկել և համագործակցել նաև երկարաժամկետ ծրագրերի իրականացման շուրջ»։  

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել կարճ ժամանակում ընթացք տալ քննարկված ծրագրերին։