Սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ` Սլովենիայում․ այցելությունների երրորդ փուլին կկարողանան մասնակցել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները

0
503

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Սլովենիայի «Մարդկային անվտանգության խթանում» (ITF) կազմակերպության տնօրեն Տոմաժ Լովրենչիչին, ում ղեկավարած կառույցն արդեն երկրորդ տարին է, ինչ հյուրընկալում է ԼՂ-ի, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ համայնքների երեխաներին։  

Ծրագրի շրջանակում երեխաները հնարավորություն են ունեցել Սլովենիայի Կարմիր Խաչի Առողջության և երիտասարդության հանգստավայրում մասնակցել կրթական և ուսուցողական տարբեր ծրագրերի և միջոցառումների։

Նախարար Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Լովրենչիչին՝ երեխաներին հյուրընկալելու համար՝ նշելով, որ իրականացված այցերի շրջանակում սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների տրամադրումն երեխաների համար դրական ազդեցություն է ունեցել․ միաժամանակ նախարարն առաջարկել է ծրագրի նոր փուլում ընդգրկել  ԼՂ-ից բռնի տեղահանված և ԼՂ-ում տեղի ունեցած պայթյունից տուժած ընտանիքների երեխաներին ևս։ 

Տոմաժ Լովրենչիչը ներկայացրել է «Մարդկային անվտանգության խթանում» կազմակերպության կողմից այս պահին իրականացվող ծրագրերն ու այդ համատեքստում կարևորել խոցելի խմբերի երեխաների լիարժեք ներառմանն ուղղված աշխատանքների կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի շրջանակում երրորդ այցի կազմակերպման, մասնավորապես՝ շահառուների շրջանակին, իրականացման ժամկետներին առնչվող մի շարք հարցեր ևս։ Անդրադարձ է կատարվել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերին, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։