Հայաստանի գործատուների 90 տոկոսը շուտով թեթևացած շունչ կքաշի

0
122

Կառավարությունը մտադիր է թեթևացնել Հայաստանի շուրջ 50 հազար փոքր ձեռնարկությունների կյանքը. «Աշխատանքային օրենսգրքում» կատարվել են փոփոխություններ, որոնք վերաբերում են Հայաստանի գործատուների 90 տոկոսին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը Aysor.am-ին ասաց, որ կատարված փոփոխություններով սահմանվում են ճկուն հարաբերություններ փոքր ձեռնարկատիրության ղեկավարի ու նրա աշխատողի միջև:

Ավետիսյանի խոսքով՝ մինչև 5 աշխատող ունեցող ձեռնարկություններին չեն պարտադրելու ունենալ ներքին կարգապահական կանոններ, աշխատողներին ու գործատուները միմյանց հետ աշխատանքային հարաբերությունները կկարգավորեն հենց իրենք:

«Նախատեսվում է, որ կսահմանվի աշխատանքային պայմանագրի օրինակելի ձև, որպեսզի ավելի հեշտացնի աշխատանքային հարաբերությունների ծագումը: Այսինքն՝ պայմանագրի օրինակելի ձևով իրենք շատ հանգիստ կարող են աշխատողներ ընդունել աշխատանքի: Բացի այդ, նախատեսված է, որ կողմերի՝ գործատուի և աշխատողի փոխհամաձայնությամբ իրենք կարող են որոշել աշխատավարձերի հավելավճարների չափը», – ասաց Ավետիսյանը:

Նկատենք, որ «Աշխատանքային օրենսգրքով» գիշերային աշխատաժամի դեպքում հավելավճարը հաշվարկվում է 30 տոկոս, իսկ արտաժամյա աշխատաժամի դեպքում՝ 50 տոկոս: Նոր փոփոխությամբ փոքր ձեռնարկություններն իրենք են որոշելու հավելավճարի չափը:

Հարցին, թե արդյոք այս փոփոխությունն ուղղված է գործատուների կողմից ստվերային աշխատուժ պահելու դեմ, Ավետիսյանը պատասխանեց. «Ինչ-որ չափով այո, որովհետև եթե պարզեցվում են հարաբերությունների ձևավորման ընթացակարգերը, այո, դա կարող է նպաստել, որ այդ հարաբերությունները ձևավորվեն օրինական դաշտում»:

Նախարարության պաշտոնյայի խոսքով՝ նախաձեռնությունը կառավարության գործունեության ծրագրի մաս է և շահագրգիռ կողմերի հետ հանրային քննարկումներից հետո, այժմ նախագիծը գտնվում է Արդարադատության նախարարությունում՝ քննարկման:
Արդարադատության նախարարությունում քննարկումներից հետո այն կուղարկվի կառավարություն հաստատման: