Հանրապետության ծննդատներում մեկնարկել է երեխայի ծննդյան միանվագ նպաստը առցանց դիմումով ստանալու քարոզարշավը

0
125

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունը ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ մարտի 8-ից ապրիլի 7-ը Հայաստանի ծննդատներում կազմակերպում է լայնածավալ քարոզարշավ։

Քարոզարշավի նպատակը՝  առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը առցանց դիմումով ստանալու վերաբերյալ երիտասարդ մայրերի շրջանում իրազեկության բարձրացումն է:

Ծառայության աշխատակիցներից և կամավորներից  բաղկացած 12 խմբեր արդեն իսկ այցելում են հանրապետության ծննդատներ, մայրերին իրազեկում նոր համակարգի առավելությունների մասին և տեղում օգնում նրանց լրացնել ծննդյան միանվագ նպաստ ստանալու  առցանց դիմումներ`  ձերբազատելով նրանց  սոցիալական ապահովության  տարածքային բաժիններ այցելելու անհրաժեշտությունից:

Նոր համակարգի և առցանց դիմումի լրացման կարգի վերաբերյալ ծննդատներում տեղադրվում են տեղեկատվական պաստառներ և բաժանվում են բուկլետներ։

Հիշեցնենք՝ Սոցիալական ապահովության պետական ծառայությունը 2017թ. հունվարի 1-ից ներդրել է ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվող միանվագ նպաստի տրամադրման առցանց ծառայություն։ Առցանց դիմելու դեպքում գումարը հնարավոր է ստանալ տասը օրերի ընթացքում, անմիջապես բանկային հաշվին փոխանցելու կամ ուղղակի բանկ այցելելու միջոցով (առանց բանկային հաշվի առկայության):   Մինչդեռ տարածքային բաժին այցելելու և թղթային տարբերակով դիմում ներկայացնելու դեպքում՝ գումարը կարելի է ստանալ  մեկ ամսվա ընթացքում։