Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները ներկայացվել են Շիրակի մարզում

0
269

2017 թվականի մայիսի 30-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգի, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի «Տնային այցելություն կատարելու, սոցիալական դեպքի վարման մեթոդական ցուցումները և սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) աշխատողների կողմից կատարած տնային այցելությունների թվի մասին ամսական հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» հրամանի ներկայացման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շրջանակներում ՀՀ Շիրակի մարզպետարանում անցկացրել է սեմինար-խորհրդակցություն:

Սեմինար-խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, ՀՀ ոստիկանության համայնքային և անչափահասների գործերով բաժինների, կրթական և առողջապահական հաստատությունների, զինվորական կոմիսարիատների ներկայացուցիչները, ինչպես նաև մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) աշխատողները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ողջունելով ներկաներին,  նշեց, որ սկսվում է սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների 2-րդ փուլը, նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և իրականացվելու են բոլոր մարզերում:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաև ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, ով հանդիսանալով ՀՀ Շիրակի մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման աշխատանքների համակարգող, կարևորեց Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները:

Այնուհետև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ներկայացրեց տնային այցելությունների և սոցիալական դեպքի վարման վերաբերյալ մեթոդական ցուցումները, միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը, համագործակցության ձևաչափերը, համագործակցող կողմերի միջև փոխանակվող տեղեկությունների ծավալը, ինչպես նաև խնդրահարույց դեպքերի  և ազգային մակարդակում տարածաշրջանային ֆորումների կազմակերպմանն առնչվող այլ հարցեր:

Հանդիպման ընթացքում մասնակիցների կողմից տրվեցին հարցեր, որոնք պարզաբանվեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի կողմից:

Հանդիպման վերջում սոցիալական աջակցության Գյումրի 1 և Գյումրի 2 տարածքային բաժինների մեկական աշխատողներ ներկայացրեցին դեռևս ընթացքում գտնվող սոցիալական դեպքեր: Մանրամասն ներկայացվեց գնահատված սոցիալական կարիքները և այդ ուղղությամբ սոցիալական աշխատողի կողմից ձեռնարկված բոլոր միջոցառումները:

Ներկայացված սոցիալական դեպքերը ինտերակտիվ կերպով քննարկվեցին հանդիպման մասնակիցների կողմից: