Համաժողով` աշխատաշուկայի վերաբերյալ

0
100

2007 թ. դեկտեմբերի 18-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Աշխատաշուկան Հայաստանում. միտումներն ու մարտահրավերները» թեմայով համաժողով, որին մասնակցում էին մոտ երկու հարյուր ներկայացուցիչներ և փորձագետներ ՀՀ կառավարությունից, հասարակական կազմակերպություններից և գործարար հատվածից:
Քննարկվեցին աշխատաշուկայի մարտահրավերներն ու զարգացող միտումները, աշխատուժի նեքին և արտաքին շարժը, Եվրոպական ինտեգրման գործընթացները և զբաղվածության ուղեցույցներն ու ցուցանիշները և այլ խնդիրներ:
-Վերջին տարիներին մեր կայուն տնտեսական աճը և կյանքի որակի փոփոխությունները ստիպում են անդրադառնալ աշխատաշուկայում տիրող իրավիճակներին, դրա միտումներին: Առանց այս ոլորտում որոշակի պետական քաղաքականության, անհնար է ապահովել բնակչության բարեկեցությունը: Ես հույս ունեմ, որ այս կոնֆերանսը կնպաստի այս ոլորտի կարևոր խնդիրների մասին իրազեկմանը և համաձայնության կայացմանը շահագրգիռ կողմերի միջև, – նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պրն. Վարդանյանը.
Վերջին տարիներին գործազրկությունը նվազել է, էապես ավելացել է առևտրի և սպասարկման ոլորտներում, շինարարությունում զբաղվածների թիվը:
ԱՄՆ ՄԶԳ Հայաստան, սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրեն տիկին Հըրշին նշեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն խրախուսում է աշխատաշուկայի մասին տվյալները գիտական գրապահարանից գործնական ծրագրավորման գրասեղանին հայտնվելու ուղղությամբ կատարվող աշխատանքը:
Կոնֆերանսը կազմակերպել էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստան, Սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման (ՍՊՀՀ) ծրագիրը, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստան (ԵՀՀ) ծրագիրը և Զբաղվածության պետական ծառայություն գործակալությունը (ԶՊԾԳ):