Պետական նպաստների համակարգի փոփոխությունները

0
86

2008 թվականի հունվարի 22-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հրավիրված մամլո ասուլիսում նախարարի տեղակալ Ա. Ասատրյանը ներկայացրեց պետական նպաստների համակարգի փոփոխությունները: 2008թ. պետական բյուջեից այս ծրագրի իրականացման համար հատկացվել է 29,4մլրդ դրամ: Նպաստների համակարգում կառավարության կողմից կատարած փոփոխությունները խիստ անհրաժեշտ են հասարակության խոցելի խմբերի սոցիալական խնդիրների լուծման գործընթացում: Փոխվել են պետական նպաստների չափերը, 2008թ. ընտանեկան նպաստի հաշվարկման կարգը, ընտանեկան նպաստ ստանալու իրավունքի ձեռք բերման չափանիշները, միանվագ դրամական և հրատապ օգնության չափերը:
Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք կարող են ձեռք բերել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 30.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքները:
18 տարին չլրացած անդամ չունեցող ընտանիքում ընտանեկան նպաստի չափը` 8000 դրամ է, իսկ 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքում ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է հատուկ բանաձևերով:
Ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքները կարող են դիմել հրատապ օգնություն ստանալու համար, որը նույնպես 8000 դրամ է: Ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար միանվագ օգնության չափը դարձել է 300.000 դրամ:
Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին ներկայացվող դիմում-հայտարարագիրը կազմված է երկու օրինակից, որը լրացնելուց հետո մեկը մնում է տարածքային մարմնում, իսկ մյուսը քաղաքացու մոտ` հետագա անճշտություններից խուսափելու համար:
Կատարված փոփոխությունները կնպաստեն ընտանեկան նպաստի համակարգին առնչվող խնդիրների և հարցերի կարգավորմանը: