Հայաստանում առաջիկայում կմեկնարկի «Արժանապատիվ աշխատանք» քառամյա ծրագիրը

0
143

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  հունիսի 26-ին ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության  Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Մոսկվայի գրասենյակի տնօրեն տիկին Օլգա Կուլաևային:

Նախարար  Արտեմ Ասատրյանը բարձր է գնահատել ԱՄԿ-ի հետ երկարամյա համագործակցությունը և վստահություն հայտնել, որ   Մոսկվայի գրասենյակի տնօրենի ղեկավարությամբ համագործակցությունը  շարունակական և արդյունավետ կլինի:

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սկսել «Արժանապատիվ աշխատանք»  ծրագրի իրականացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերոնշյալ   ծրագրի մշակման և իրականացման աշխատանքները:  Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կատարելագործել  Հայաստանի Հանրապետությունում զբաղվածության կարգավորմանն ուղղված պետական քաղաքականությունը,  աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները, հզորացնել Գործատուների միության և Արհմիությունների կարողությունները:

Տիկին Օլգա Կուլաևայի խոսքով  աշխատանքային խումբը, որը բաղակացած է  լավագույն մասնագետներից, այս շաբաթ հանդիպում կունենա նախարարության համապատասխան պաշտոնյաների հետ: Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ  համատեղ աշխատանքների արդյունքում կարաձանագրվեն լավագույն արդյունքներ:

Բացի այդ տիկին Կուլաևան իր խոսքում ընդգծել է , որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ միշտ  հնարավոր է գտնել զբաղվածություն ապահովող բացառիկ և հետաքրքիր  ծրագրեր, ինչում նա համոզվել է նախարարության հետ   համատեղ իրականացրած աշխատանքների ընթացքում:

Հանդիպմանը քննարկվել են նաև ԱՄԿ Գլխավոր տնօրեն պարոն Գայ Ռայդերի Հայաստան այցի կազմակերպման հետ կապված հարցեր: