ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 13.07.2017 թ. հերթական նիստում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագիրը:
Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության ծրագրի համաձայն, որով հստակ ներկայացվել է այն մոտեցումը, որ պետք է ապահովել յուրաքանչյուր երեխայի ընտանիքում ապրելու իրավունքը:
Ռազմավարական ծրագիրը և համապատասխան միջոցառումներն ընդգրկում են սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության, մշակույթի և սպորտի, անչափահասների և արդարադատության ոլորտները:
Ծրագրում ներկայացված են այն հիմնական միջոցառումները, որոնք թույլ կտան ուժեղացնել ընտանիքների հնարավորությունները, որպեսզի երեխաները բացառապես սոցիալական կամ աղքատության պատճառով չհայտնվեն ընտանիքից դուրս, կամ շուրջօրյա խնամքի հաստատություններում: Այդ առումով, այլընտրանքային խնամքի ծառայությունների զարգացումն ապահովելու նպատակով, նախատեսված են համապատասխան ծրագրային միջոցառումներ:
Առաջին ուղղությունը գնահատված կարիքների համաձայն՝ ըստ մարզերի, գործող մեծ հաստատությունների վերակազմակերպումն է սոցիալ-վերականգնողական կենտրոնների: Ուղղություններից է նաև խնամակալության ուժեղացումը, խնամակալության հոգաբարձության մարմինների կարողությունների հղորացումը, խնամատարության ընտանիքի ինստիտուտի և ցերեկային կենտրոնների հզորացումը, որոնք հնարավորություն կտան երեխաներին հնարավորինս պահել կենսաբանական ընտանիքում և դրա անհնարինության դեպքում միայն այլ փոխարինող ընտանիքներում, իսկ հաստատությունները դիտարկել բացառապես որպես երեխայի վերջին հանգրվան՝ դրանք փոխարինելով փոքր տների գաղափարով: