ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը 2017 թվականին առաջին անգամ իրականացրել է «ԼՂՀ գործատուների հիմնախնդիրների վերհանում և լուծումների առաջադրում» հետազոտությունը: Հետազոտության արդյունքները հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը:
Տնօրենի խոսքով՝ հարցումն իրականացվել է ԼՂՀ տարածքում հաշվառված, գործունեություն իրականացնող թվով 423 գործատուների շրջանում:
«Կազմակերպությունների հիմնադրման տարեթվերի վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք ունեն միջինը 12.8 տարվա գործունեության ժամկետ։ 423 կազմակերպություններում աշխատում են ընդհանուր 17961 աշխատող (միջինը մեկ կազմակերպությունում մոտ 42 աշխատող), որոնց 35.7%-ն ունեն բարձրագույն կրթություն, 27.7%-ը՝ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական, իսկ 36.6%-ը չունեն մասնագիտական կրթություն: Աշխատողների 48%-ը կանայք են, 52%-ը՝ տղամարդիկ»,-նշել է Արման Սարգսյանը:
Ըստ հետազոտության արդյունքների՝ գործատուների զգալի մասի` 72.3 տոկոսի համար, հիﬓական սպառման շուկան Արցախն է: Նրանց 14.8 տոկոսը սպառում իրականացնում է և Արցախում, և Հայաստանում, իսկ 1.9 տոկոսը ՀՀ տարածքում և արտերկրում, 0.6 տոկոսը` արտերկրում: Տնօրենի խոսքով՝ դեպի արտերկիր ծավալը քիչ տոկոս է կազմում, սակայն դրական տեղաշարժ կա: Գործատուներն ապրանք են արտահանում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Հունաստան, Իրան, Կուբա և այլ երկրներ: Հիﬓականում արտահանում են կոնյակ, գինի, օղի, պահածոներ, մսամթերք, գորգեր, մանրատախտակ:
«Գործատուների 24 տոկոսը տվել է դրական կանխատեսում` նշելով, որ առաջիկայում սպառման շուկաները կընդլայնվեն: Ընդհանուր առմամբ, 2014 և 2015 թվականներին գործատուներն իրենց կազմակերպությունում առավելապես արձանագրել են աշխատողների թվաքանակի աճի ավելի բարձր տեմպեր: Հատկանշական է, որ շինարարության, մշակող արդյունաբերության, հանքարդյունաբերության, ֆինանսական, ապահովագրական և անշարժ գույքի ոլորտներում 2017 և 2018 թվականների համար գործատուները կանխատեսել են աշխատողների թվաքանակի աճի ավելի բարձր տեմպեր, տարեկան 3-11 տոկոսային կետով»,-ընդգծել է բանախոսը:
Անդրադառնալով թափուր աշխատատեղերին` Արման Սարգսյանը նշել է, որ դրանք հիﬓականում ﬕջին մասնագիտական կրթություն պահանջող աշխատատեղերն են, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում որակյալ էլեկտրիկի, ատաղձագործի, բանվորական ուժի կարիք միշտ կա: Գործատուներից 65-ը նշել են, որ վերջին երեք տարիներին ունեցել են կադրերով համալրման դժվարություններ, և կադրերով համալրման ժամանակ գործատուների հիմնական խնդիրը եղել է որակյալ, փորձ ունեցող մասնագիտական կարողություններով զինված աշխատողներ գտնելը:
Հարցման պահին առավել շատ են եղել թափուր աշխատատեղերը մեծածախ և մանրածախ առևտրի, կացության և հանրային սննդի կազմակերպման, հանրությանը մատուցվող այլ ծառայությունների ոլորտում, կրթության, գիտության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում:
Թափուր աշխատատեղերի համալրման առավել տարածված միջոց է ծանոթների կամ բարեկամների միջոցով համալրումը հեռուստատեսությամբ հայտարարությունները, կրթական հաստատությունների հետ համագործակցությունը: Հարցմանը մասնակցած 423 կազմակերպություններից 114-ում աշխատում են հաշմանդամություն ունեցող անձինք: Ընդ որում, աշխատող հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր թիվը այդ կազմակերպություններում կազմել է 612 աշխատող (միջինը մեկ կազմակերպությունում 4.25 աշխատող) :
«Գործատուների կողմից բարձրացված խնդիրները հիմնականում կապված են սոցիալական հարցերով պայմանավորված սպառողական շուկայի փոքր լինելու, շուկայում մատչելի վարկերի պակասության հետ: Այդ բլոլոր խնդիրները վերհանվել են, համակարգվել, դրանց հետ կապված առաջիկայում կներկայացվեն կոնկրետ առաջարկություններ»,-ամփոփելով` նշել է Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը: