ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի շրջանակում պատասխանել է հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայություններին, հավաստագրերի հիման վրա սայլակների եւ լսողական սարքերի տրամադրման նախագծին վերաբերող մեր ընթերցողների հարցերին:
ՀԱՇՄԱՆԴԱՄԻՆ ՍԱՅԼԱԿՆԵՐ ԿՏՐԱՄԱԴՐՎԵՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
– Տիկին Հակոբյան, ամիսներ շարունակ հաշմանդամները բողոքում էին սայլակներ ստանալու համար գոյացող հերթերից, քաշքշուկներից: Այսօր որեւէ փոփոխություն կա՞ այս գործընթացում: (ՏԻԿԻՆ ԳՈՀԱՐ)
– Այս տարի, իրոք, նախարարության գործառույթից անկախ, ձգձգվեց հաշմանդամի սայլակների տրամադրման գործընթացը, քանի որ կազմակերպությունների կողմից բողոքարկվել էր գնումների գործընթացը: Բայց մենք մեկ այլ լուծում ենք գտել. նախագիծ ենք մշակել, համաձայն որի՝ սայլակները կտրամադրվեն հավաստագրերի հիման վրա, ոչ թե մրցույթների արդյունքում: Այսինքն՝ քաղաքացուն կտրամադրենք որոշակի գումարի հավաստագիր, եւ նա ինքը կարող է դիմել ցանկացած կազմակերպության ու այդ գնի սահմաններում սայլակ ձեռք բերել: Հավաստագրով սայլակ ստանալու առավելությունն այն է, որ եթե ուզում են ավելի թանկարժեք սայլակ, որի ֆունկցիոնալությունն ավելի բարձր է եւ այլն, հավելավճարը կատարելով` կարող են ձեր նախընտրածը ձեռք բերել: Մենք սրա փորձն ունենք. լսողական սարքերն արդեն երեք տարի է, ինչ այս մեխանիզմով ենք տրամադրում, եւ արդյունավետությունն ավելի բարձր է:
ԱՅՍ ՏԱՐԻ ՁԵՌՔ ԿԲԵՐՎԻ 600 ՍԱՅԼԱԿ, 2018-ԻՆ` 450 – Լսել եմ Ձեր հարցազրույցը, որտեղ ասել էիք, որ նախարարությունը պատրաստվում է 95 հազար դրամանոց սայլակներ ձեռք բերել: Քանի՞ այդպիսի սայլակ եք նախատեսում գնել, որպեսզի բավարարի պահանջարկը: (ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ)
– Նախ ասեմ, որ կառավարության որոշմամբ է սահմանված այդ գումարը: Մեր աշխատակիցները հաճախել են մի շարք խանութներ, ուսումնասիրել են գների շուկան, եւ այդ գինը ձեւավորվել է կատարված ուսումնասիրության արդյունքում: Պետական միջոցներով 2017 թվականի համար նախատեսել ենք ձեռք բերել 600 սայլակ, իսկ 2018-ին` 450: Մենք այդ քանակները որոշում ենք` ուսումնասիրելով նախորդ տարիների տվյալները: Այսինքն, եթե սայլակը տրամադրվում է 3 տարի ժամկետով կանխատեսում ենք, որ առաջին անգամ դիմողներից զատ, նաեւ երեք տարի առաջ սայլակ ստացած մարդիկ կարող են գալ, ստանալ նոր սայլակներ: Իհարկե, այդ թվերն ամեն տարի փոխվում են` կախված ուսումնասիրության արդյունքներից: Միեւնույն ժամանակ ասեմ, որ նախարարությունը նաեւ հումանիտար օգնության միջոցով է սայլակներ ստանում, որոնք նույնպես կտրամադրվեն, բայց ոչ թե առաջին խմբի հաշմանդամություն ունեցողներին, այլ՝ դրա կարիքն ունեցող մարդկանց, որոնք կներկայացնեն բժշկի համապատասխան տեղեկանք:
«ԵՐԵՔ ՏԱՐԻՆ ՄԵԿ ՄԱՐԴԸ ԿԱՐՈՂ Է ՍՏԱՆԱԼ ԻՐ ՀԱՍԱՆԵԼԻՔ ՆՈՐ ՍԱՅԼԱԿԸ»
– Գիտեմ, որ պատրաստվում եք նոր սայլակներ ձեռք բերել: Կարո՞ղ է՝ հները տրամադրեք կարիքավորներին, թե՞ դրանք ընդհանրապես հանվելու են շրջանառությունից: (ԱՐՓԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ)
– Ինչպես նշեցի, այս պահին կառավարության որոշման նախագիծ ենք շրջանառության մեջ դրել եւ տարբեր շահագրգիռ նախարարությունների կողմից կարծիքներ ստանալուց հետո` դրանք կամփոփվեն եւ կներկայացնենք գործադիրին: Այս նախագծում նման մի կետ ենք մշակել, ըստ որի, ցանկության դեպքում` մարդը կարող է վերադարձնել իր հին սայլակը եւ ստանալ նորը: Մինչդեռ այսօր քաղաքացին իր հին, օգտագործված սայլակը չի վերադարձնում եւ դրա փոխարեն ստանում է նորը` սահմանված ժամկետներում: Երեք տարին մեկ մարդը կարող է ստանալ իր հասանելիք սայլակը: Բնականաբար, հին սայլակների տրամադրման համար էլ նախատեսել ենք կարգ, թե ում ենք տրամադրելու, ինչպես ենք տրամադրելու եւ ինչպիսի ժամկետներում, որի համար դեռ չափորոշիչներ կմշակենք: Սակայն, նշեմ, որ սայլակն ինքնանպատակ չի տրվում: Շատ դեպքերում այն կարող է վնասել մարդուն, ով դեռեւս կարող էր այլ պարագաների օգնությամբ վերականգնել իր շարժունակությունը: Իսկ սայլակի վրա նստելու դեպքում այդ շանսը կկորցնի: Այս առումով, միգուցե մասնագետի եզրակացություն պահանջենք կամ ժամկետներ կնշենք:
– Նախարարությունը որեւէ քայլ ձեռնարկո՞ւմ է, որ գոնե փողոցում հայտնված հաշմանդամ մուրացկանները ունենան սայլակներ: (ԱՐՄԻՆԵ, ք. Երեւան)
– Նախարարությունը սայլակ տալիս է այն մարդկանց, ովքեր դիմում են: Եթե մենք հայտնաբերում ենք, բնականաբար, մեր սոցիալական աշխատողների եւ մյուս մասնագետների միջոցով` փորձում ենք օգնել: Եթե փողոցում հայտնված հաշմանդամի մասին որեւէ մեկը տեղեկություն ունի եւ տեղեկացնում է մեզ, աջակցում ենք, բայց իրավական հիմքը ապահովելով, որովհետեւ անձը իր որոշմամբ սայլակ չի կարող ունենալ: Սայլակի անհրաժեշտությունը պետք է երաշխավորի մասնագետը` ընդգծելով, թե արդյոք տվյալ անձի քայլելու ֆունկցիան այնքա՞ն է խանգարված, որ վերականգնելու հույս եւ շանսեր չկան:
Եթե մարդու շարժունակությունը ներում է, ապա քայլակների, հենակների միջոցով պետք է փորձել վերականգնել այն: Այսինքն` միանշանակ չէ, որ փողոցում հայտնված մարդը սայլակի կարիք ունի եւ պետք է տրամադրել: Մենք դրա համար պետք է ունենանք պահանջվող բոլոր փաստաթղթերը, այդ թվում` վերականգնողական անհատական ծրագիր:
63-ԻՑ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ
– Սայլակ եւ լսողական սարք ձեռք բերելու համար պարտադի՞ր պայման է, որ անձը հաշմանդամության կարգ ունենա: (ԱՆՆԱ, ք. Էջմիածին)
– Հավաստագրի հիման վրա մինչեւ 18 տարեկան երեխաներին լսողական սարքեր տրամադրում ենք` անկախ հաշմանդամությունից: Ընդ որում, տրամադրում ենք բավականին որակյալ՝ եվրոպական արտադրության լսողական սարքեր: Այսինքն` հաշմանդամություն չունեցող մինչեւ 18 տարեկան երեխան կարող է դիմել նախարարություն, ներկայացնել բոլոր փաստաթղթերը, որոնք պահանջվում են, եւ իրեն կտրամադրենք հավաստագիր: Ասեմ, որ այդ փաստաթղթերի ցանկը եւ այն կազմակերպությունները, որոնք տրամադրում են լսողական սարքեր, ինչպես նաեւ մյուս սարքերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը մեր նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված է:
Ինչ վերաբերում է 18-30 տարեկան եւ ավելի բարձր տարիք ունեցողներին, այո՛, հաշմանդամության հիմքը դեռեւս պարտադիր է, որպեսզի լսողական սարք կամ սայլակ ստանան: Մենք, իհարկե, այս մոտեցումները վերանայում ենք, եւ առաջիկայում կսահմանվեն նաեւ այն դեպքերը, երբ մարդն առանց հաշմանդամություն ունենալու կարող է որեւէ պարագա ձեռք բերել` լինի սայլակ, թե լսողական սարք, պրոթեզներ եւ այլն: Իսկ 63-ից բարձր` կենսաթոշակի տարիքի անձինք, նույնպես անկախ հաշմանդամությունից, եթե ունեն համապատասխան մասնագետի եզրակացություն, որ լսողության կորուստ ունեն, կարող են ձեռք բերել այդ սարքերից: Սա արդեն ոչ հավաստագրով, թեպետ նախատեսում ենք այս դեպքում եւս անցնել հավաստագրերի: