Հայաստանում ընտանիքների սոցիալական վիճակի գնահատման մեթոդների փոփոխության շուրջ 2016-ից սկիզբ առած քննարկումները սկսում են կյանքի կոչվել: Օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի կառավարության կողմից հաստատված ընտանիքների անապահովության գնահատման նոր կարգը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն սեպտեմբերին սոցիալական աջակցության նպաստների վճարման ցուցակները կկազմվեն նոր կարգով գնահատված միավորների հիման վրա:
«Ընտանեկան նպաստը համարվում է ամենապասիվ ծրագիրը և միշտ գնահատման կարգն այնպիսին է եղել, որ աշխատունակության տեսանկյունից պասիվ ու մեծամասամբ երեխա ունեցող ընտանիքներն են ընդգրկվել այդ ծրագրում: Բայց երեխա ունեցող ընտանիքում կա աշխատունակ տարիքի անձ, և փոփոխությունների նպատակը տնտեսապես ակտիվ, բայց դեռևս աշխատանք չունեցող գործազուրկ անձանց մոտիվացնել փորձելն է, որ նրանք աշխատանքային շուկա գնալու, զբաղված լինելու մոտիվացիա ունենան», – ասաց Մինասյանը:
Սոցիալական աջակցության ծրագրի թիրախում, ըստ պաշտոնյայի, լինելու են 4 տարբեր խմբի անձինք՝ ամենացածր միավորներով չաշխատող մարդիկ, աշխատանք փնտրող և գործազուրկի կարգավիճակ ունեցող անձինք, առանձին խմբի գործազուրկներ, որոնք աշխատանքի տեղավորման տեսանկյունից անմրցունակ են, 35 տարեկանից բարձր անձինք, որոնք գործազուրկ են ու նրանց համար դժվար է աշխատանք գտնելը:
«Կատարվել է նաև փոփոխություն, որը հենց երեխաներին է վերաբերում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մանկական աղքատությունը ավելի բարձր է, երեխա ունեցող ընտանքիների աղքատ լինելու հավանականությունը ավելի բարձր է: Դրա համար դրել ենք բազմազավակության գործակից, որի դեպքում երեխաների թվով պայմանավորված միավորները բարձրանում են: Փորձել ենք հավասարակշռություն դնել աշխատանքի մոտիվացիայի և աղքատության հավասարակշռության պահպանման մեջ», -ներկայացրեց Աստղիկ Մինասյանը:
Մյուս փոփոխությունը, որ կատարվել է այս համակարգում, վերաբերում է սահմանային տվյալներին, որոնք էլեկտրոնային համակարգով հնարավոր է ստանալ սահմանային անցակետերից:
«Ընտանիքի կազմը մեզ համար նշանակություն ունի միավորի որոշման տեսանկյունից, և սահմանը կտրած-հեռացածների մասին տեղեկությունը հայտնաբերելու հնարավորություն է: Մինչ այժմ ընտանիքների բացակա անդամներին զուտ տնային այցելություններով էինք որոշում, իսկ նման համակարգով տվյալների ստացումը հավաստի ինֆորմացիա է», – նկատեց Ա. Մինասյանը:
Ի պատասխան հարցին՝ հնարավո՞ր է, որ նոր կարգի գործելու պարագայում անապահով ընտանիքների թիվն ավելանա, Մինասյանը չբացառեց.
«Գիտեք, բոլոր դեպքերում նպաստի համակարգ հաշվառվելու համար դիմում է իրեն աղքատ համարող ընտանիքը, այսօր նման ընտանիքների թիվը 127 հազար է: Խստացրել ենք աշխատանքի ցանկություն չունեցող, ստվերում աշխատող մարդկանց համար: Բայց հաշվի առնելով, որ այդ ընտանիքում երեխա կա՝ մենք, որպեսզի երեխաները չտուժեն, դրա համար միավորները մեծացրել ենք: Փորձել ենք հավասարակշռությունը պահպանել»:
Այդուհանդերձ, ըստ նախարարության պաշտոնյայի, անապահով ընտանիքների թվի ավելացումը միայն գնահատման կարգով չէ, այլ՝ կենսական պայմաններով. այսինքն՝ երբ տնտեսությունը սկսում է աճել, աշխատատեղեր են ավելանում, ապա մարդկանց կենսական պայմանները բարելավվում են, և դիմումների քանակն էլ է կրճատվում, իսկ երբ կյանքը դժվարանում է՝ անկախ գնահատման համակարգի խստացումից, միևնույն է, մարդիկ դիմում են նպաստ ստանալու համար:
Ինչ վերաբերում է սոցիալական աջակցության նպաստների բաշխման հարցում սողանցքներին, երբ բավական բարելավված պայմաններում ապրող ընտանիքները պետությունից նպաստներ են ստանում, ապա տիկին Մինասյանի խոսքով, 100 տոկոսանոց համակարգ որևէ երկրում չի լինում ու տարեց տարի համակարգում աշխատանքներն այնպես են արվում, որ այդ սողանցքները գոնե նվազագույնի հասցվեն: