Շարունակվում են տարեցների ավանդույթ դարձած ամառային միջոցառումները

0
114

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը շարունակում է իր խնամյալների առօրյան դարձնել հագեցած ու հիշարժան: Պարբերաբար, իր մատուցած ծառայություններից օգտվողների համար կենտրոնը կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ՝ զբոսանքներ, այցելություններ թանգարաններ, թատրոններ, համերգներ, ինչպես նաև ակտիվ հանգիստ բնության գրկում:

 

Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի սպասարկվող տարեցները օգոստոսի 1-ին մասնակցել են «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կազմակերպված «Արմատներ» ազգագրական խմբի մենահամերգին: Գեղեցիկ կատարումները, հայրենասիրական երգերն ու պարերը մեծ բավականություն են պարգևել տարեցներին՝ նրանց ևս մասնակից դարձնելով միջոցառմանը: Խմբի կազմում եղել է նաև սպասարկվող տարեցներից Անահիտ Թորոսյանը, ում կատարումներն ավելի են ոգևորել ներկաներին: Նա հայտնվել է խմբի կազմում կենտրոնի սոցիալական աշխատողների հետևողական աշխատանքի շնորհիվ:

 

Հաջորդ օրը տարեցները մեկնել են Բյուրականի աստղադիտարան: Նրանք այցելել են թանգարան, այնուհետև Դղերի սուրբ Հովհաննես եկեղեցի: Նախորդ օրվա դրական լիցքերն իրենց շարունակությունն են գտել բնության գրկում:

 

Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը իրականացնում է Երևան քաղաքում բնակվող տարեց և հաշմանդամություն ունեցող մոտ 1500 անձի տնային խնամքը: Կենտրոնի նպատակը տնային պայմաններում տարեց և հաշմանդամ անձանց սոցիալ-հոգեբանական, բժշկական օգնության և կենցաղային սպասարկման կազմակերպումն է, խնամքի իրականացումը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն աջակցելը: