Եռօրյա աշխատանքային քննարկում՝ գենդերային հավասարության նոր ռազմավարության մշակման վերաբերյալ

0
134

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և «Թայեքս» փորձագիտական խմբի ներկայացուցիչների ներգրավմամբ՝ տեղի է ունեցել գենդերային հավասարության նոր ռազմավարության մշակմանն ուղղված եռօրյա աշխատանքային քննարկում։ Այն իրականացվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզով սահմանված միջոցառումների շրջանակում։

Քննարկումների ընթացքում ներկայացվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ոլորտային ծրագրերը, իրավիճակային խնդիրները, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև կանխարգելման և իրազեկման աշխատանքները։ Շեշտվել է նաև Էկոնոմիկայի նախարարության ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ իրականացված կանանց տնտեսական զորեղացման Աքսելերատոր ծրագրի դերը։   

Անդրադառնալով գենդերային քաղաքականության ոլորտում սահմանված առաջնահերթություններին ու սկզբունքներին՝ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդգծել է կյանքի բոլոր ոլորտներում  կանանց մասնակցային դերի բարձրացմանը, հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովմանն ուղղված շարունակական աշխատանքների կարևորությունը։

Նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը ներկայացրել է գործող գենդերային ռազմավարության շրջանակում իրականացվող աշխատանքներն ու 2024-2026թթ․ համար մշակվող նոր ռազմավարության գերակայություններն ու նպատակները։ Այս գործընթացում կարևորվել է միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ նաև փորձի փոխանակման, նոր մեխանիզմների և գործիքակազմի կիրառման համատեքստում։

 «Թայեքս» փորձագիտական խմբի ներկայացուցիչները խոսել են գենդերային հավասարության ոլորտում իրենց երկրների փորձի մասին՝ մանրամասնելով Լիտվիայի և Սլովենայի պետական քաղաքականության մաս կազմող  գենդերային հավասարությանն ուղղված ծրագրերը՝ մայրության պաշտպանության, կանանց զբաղվածության, երեխաների խնամքի կազմակերպման ուղղություններով և այլն։

Եռօրյա հանդիպումներն ընթացել են ինտերակտիվ ձևաչափով․ մասնակիցներն անդրադարձել են ոլորտային անելիքներին, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրներին և լուծումներին։