«Մարդիկ, հիվանդություն ունենալով, հիմնականում ձգտում են հաշմանդամություն ձեռք բերել»

0
158

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի շրջանակում խոսել է հաշմանդամության խումբը որոշող հանձնաժողովի կայացրած որոշումների վերաբերյալ քաղաքացիների դժգոհությունների հիմնական պատճառների մասին:

– Նախ ասեմ, որ պարբերաբար աշխատանքներ են տարվում, որպեսզի այս ոլորտը բարելավվի: Դժգոհությունները, իմ կարծիքով, հիմնականում բխում են նրանից, որ չափորոշիչները թույլ են տալիս մասնագետներին սուբյեկտիվ եւ տարանջատ մոտեցում ցուցաբերել: Այս առումով կարող եմ ասել, որ արդեն երկար ժամանակ է, ինչ նախարարարությունը միջազգային կառույցների, տեղական, հասարակական կազմակերպությունների հետ աշխատում է` հաշմանդամության գնահատման նոր մոդել ստեղծելու ուղղությամբ, որի աշխատանքներից մեկը հենց չափորոշիչների վերանայումն է: Այսինքն` այնպիսի չափորոշիչի մշակումը, որը սուբյեկտիվիզմի տեղիք չի տա և մարդու կարիքները բազմակողմանի կգնահատի: Իհարկե, հանձնաժողովները մշտական վերահսկողության տակ են, որի համար պատասխանատուներ են նշանակվել, բայց նաեւ դժգոհությունների մեծ ալիքը գալիս է նրանից, որ այս տարի բավականին հստակեցվեցին չափորոշիչները, եւ հստակ տարանջատում դրվեց «հաշմանդամություն» եւ «հիվանդություն» հասկացությունների միջեւ:

Շատ դեպքերում, մարդիկ, հիվանդություն ունենալով, հիմնականում ձգտում են հաշմանդամություն ձեռք բերել` սոցիալական արտոնություններից օգտվելու համար: Սակայն, այս տեսանկյունից մենք խնդիրը պետք է այլ դաշտ տեղափոխենք: Երբ մարդը դժվարին սոցիալական վիճակում է, չպետք է այն միայն հաշմանդամության հետ կապենք, նա պետք է այդ աջակցությունը ստանա նպաստների կամ դրամական օգնությունների կարգով եւ այլն, բայց ոչ հաշմանդամություն ստանալով:

Այս հարցն անընդհատ քննարկվում են ՀՀ առողջապահության նախարարության հետ, եւ արդեն կա մշակված իրավական ակտ, որը գտնվում է ՀՀ կառավարությունում: Եթե այն ընդունվի, թույլ կտա մարդուն հաշմանդամ չճանաչվելու, բայց անհրաժեշտության դեպքում` ստանալ անվճար բժշկական ծառայություն` անկախ հաշմանդամության հիմքից: Այս պարագայում կարծում եմ` մարդկանց դժգոհությունը եւ հանձնաժողովների մոտեցումն ավելի բարյացակամ կդառնա եւ մարդուն ոչ թե կենսաթոշակ կնշանակվի, այլ կտրամադրվի այն ծառայությունը, որի կարիքը նա ունի: Ասեմ, որ սա եւս կոռուպցիոն ռիսկերի պայքարի մի ձեւ է: