Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շրջանակներում ՀՀ Տավուշի մարզում անցկացվել է սեմինար-խորհրդակցություն

0
166

2017 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ Տավուշի մարզպետարանում անցկացվել է հերթական սեմինար-խորհրդակցությունը` Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շրջանակներում:

Սեմինար-խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, ՀՀ ոստիկանության համայնքային և անչափահասների գործերով բաժինների, կրթական և առողջապահական հաստատությունների, զինվորական կոմիսարիատների, մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների ներկայացուցիչներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ սկսվում է սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների 2-րդ փուլը և նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:

Այնուհետև, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ներկայացրել է տնային այցելությունների և սոցիալական դեպքի վարման վերաբերյալ մեթոդական ցուցումները, միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը, համագործակցության ձևաչափերը, համագործակցող կողմերի միջև փոխանակվող տեղեկությունների ծավալը, ինչպես նաև խնդրահարույց դեպքերի  և ազգային մակարդակում տարածաշրջանային ֆորումների կազմակերպմանն առնչվող այլ հարցեր:

Հանդիպման ընթացքում մասնակիցների կողմից բարձրացվել են համակարգին վերաբերող հարցեր, որոնց վերաբերյալ պարզաբանումներ են տրվել նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանի և սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի կողմից:

Հանդիպման վերջում սոցիալական աջակցության Իջևանի և Նոյեմբերյանի տարածքային գործակալությունների ներկայացուցիչները ներկայացրել են դեռևս ընթացքի մեջ գտնվող սոցիալական դեպքեր: Մանրամասն ներկայացվել է այդ դեպքերի գնահատված սոցիալական կարիքները և այդ կարիքների բավարարման ուղղությամբ ձեռնարկված բոլոր միջոցառումները:

Ներկայացված սոցիալական դեպքերը քննարկվել են հանդիպման մասնակիցների կողմից: