ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Հոգեկան և ֆիզիկական առողջության բարձրագույն ստանդարտներից օգտվելու յուրաքանչյուրի իրավունքի հարցերով ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում խոցելի խմբերի՝ մասնավորապես հաշմանդամություն և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը: Հանդիպմանը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի դրույթների կիրառման ապահովումը Հայաստանում:
Այնուհետև նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինտեգրված սոցիալական համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ընդգծել այդ համակարգում սոցիալական աշխատողի դերակատարության կարևորությունը:
Արտեմ Ասատրյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է հաշմանդամության ոլորտում իրականացվող հաշմանդամության սահմանման նոր մոդելին՝ ՖՄԴ-ին, որով առողջապահական մոդելից անցում է կատարվում սոցիալական ներառմանը:
Նախարարը կարևորել է նաև խոցելի խմբերի համայնքահեն ծառայությունների զարգացումը և նշել, որ Սպիտակ քաղաքում արդեն գործում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի փոքրիկ տներ, որտեղ այդ անձինք սոցիալապես ընտելանալու հնարավորություն են ստանում և «ընտանեկան» մթնոլորտում պատրաստվում են ինքնուրույն կյանք վարելուն:
Դաինիուս Պուրասին շնորհակալություն է հայտնել ոլորտի բարեփոխումները մանրամասն ներկայացնելու համար՝ հատկապես կարևորելով սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի մեծ հաստատությունների ապաինստիտուցիոնալացումը՝ միաժամանակ ողջունելով Սպիտակի խնամքի տունը որպես լավագույն արդյունք:
Հանդիպման ավարտին պարոն Պուրասին հայտնել է, որ Հայաստանում գտնվելու ընթացքում կատարած այցերի արդյունքում իր դիտարկումները և առաջարկությունները կզետեղվեն զեկույցում, ինչը, ըստ նրա, օգտակար կլինի ոլորտում հետագա աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար: