Զբաղվածության նոր ծրագրերը կնպաստեն աշխատաշուկայում երիտասարդ մայրերի մրցունակության բարձրացմանը

0
184

ՀՀ սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանը, արտագաղթի կանխարգելմանն ու երիտասարդ մայրերի աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանն ուղղված զբաղվածության նոր պետական ծրագրերի ներդրման նպատակով ՀՀ կառավարության 28.09.2017թ. հերթական նիստում հավանությանն է արժանացել «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծով սահմանվում է երիտասարդ մայրերի համար բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալուն նախապատրաստման աջակցության իրավունքը, ինչպես նաև երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունքը:

Նախագծով առաջարկվող լրացումները նպատակ են հետապնդում զբաղվածության կարգավորման պետական նոր ծրագրերի ներդրմամբ՝

1) ապահովել առաջին երեխայի ծննդյան ժամանակ մոր միջին տարիքի աստիճանական նվազումը և մեծացնել երեխաներ ունեցող` մինչև 24 տարեկան երիտասարդ կանանց աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունները,

2) մեծացնել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների՝ երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու և երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունները: