ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 29-ին մասնակցել է «Սոցիալական աշխատանքի և դեպքի վարման հիմնախնդիրները Հայաստանում» խորագրով աշխատաժողովին:
Աշխատաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ նախարարը մասնավորապես ասել է.
«Ողջունում եմ բոլորիդ և շատ կարևորում այսօրվա սոցիալական աշխատանքի հիմնահարցերին նվիրված այս աշխատաժողովը:
Մենք կարևոր փուլում ենք գտնվում, սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների առումով՝ նաև շրջադարձային փուլում, քանի որ այն գործընթացը, որը սկսել ենք մի քանի տարի առաջ մի նպատակ ունի՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կայացնել սոցիալական աշխատողի ինստիտուտը:
Սոցիալական աշխատանքը ողջ աշխարհում միտված է մարդու բոլոր խնդիրների և կարիքների վերհանմանը և գնահատված կարիքի հիման վրա անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը: Շատ դեպքերում, իհարկե, սոցիալական աշխատողները չեն ունենում այն գործիքակազմը, հնարավորությունները, ծրագրերը, որոնց միջոցով կարող են լուծել բոլոր խնդիրները, բայց լինում են դեպքեր, երբ միայն սոցիալական աշխատանք կատարելով սոցաշխատողը շփվում է մարդու հետ, կիսում նրա հոգսերը, լսում նրան և դրանով իսկ հնարավորություն տալիս կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն ինքն իրենով գտնել անհրաժեշտ ռեսուրսներ և ինքնուրույն լուծել իր խնդիրները:
Իրականացնելով այս քաղաքականությունը՝ մենք տարանջատում ենք դրամական վճարումը սոցիալական աշխատանքից: Այն բոլոր խնդիրները, որոնք վերաբերում են քաղաքացու իրավունքի իրացմանը և չկա սոցիալական աշխատանքի անհրաժեշտություն, այդ իրավունքը իրացվում է ինքնաշխատ համակարգով, իսկ այն բոլոր խնդիրները, որոնք վերաբերում են կարիքի գնահատմանը և այդ գնահատված կարիքի հիման վրա համապատասխան սոցիալական ծառայությունների մատուցմանը՝ սա արդեն բուն սոցիալական աշխատանքն է:
Սոցիալական աշխատող ունենալը արդեն ոչ միայն զուտ ցանկություն է, այլ՝օրենսդրական պահանջ, օրինակ՝ 5000-ից ավել բնակիչ ունեցող համայնքը պետք է ունենա սոցիալական աշխատող: Այս համատեքստում ընթացող բոլոր գործընթացները ներկայում գալիս են տրամաբանական այն հանգուցալուծմանը, որ սոցիալական աշխատողի ինստիտուտը թե օրենսդրորեն, թե կիրառական և թե գործիքակազմի առումով պետք է լիարժեք ներդրվի մեր երկրում:
Նշեմ, որ այս ընթացքում նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը սոցիալական աջակցության վարչության աշխատակիցների հետ միասին շրջել են մարզերով, կազմակերպել քննարկումներ մարզերում ոլորտի պատասխանատուների հետ ՝ փորձելով դեպքի վարման ինստիտուտը տեղերում «ամրացնել»:
Իհարկե բացերը շատ են, օրինակ՝ սոցիալական աշխատանքի համար անհրաժեշտ գործիքակազմը, տունայցերի համար անհրաժեշտ փոխհատուցումը, ընտանիքի կարիքի գնահատումից հետո անհրաժեշտ ծրագրերի առկայությունը:
Սակայն մյուս կողմից մենք ունենք արդեն իսկ ձևավորված աջակցման ցանց , որտեղ 40-ից ավելի կազմակերպություններ են ընդգրկված և մենք հիմա այդ ցանցը լիարժեք ձևավորելու խնդիր ունենք այն առումով, որ գործնականում հանրապետության բոլոր հատվածներում լիարժեքորեն օգտագործենք ոչ պետական հատվածի հնարավորությունները:
Այն գործիքներն ու մեթոդաբանությունը, որն այսօր ներդրվում է, վերցրել ենք նման փորձ ունեցող երկրներից, մեր հանրապետությունում գործող կազմակերպություններից: Հիմա ինստիտուցիոնալացման առումով ձեզանից յուրաքանչյուրից մասնակցություն ենք ակնկալում:, Մեր երկրի հնարավորությունները սահմանափակ են և թույլ չեն տալիս լուծել բոլոր խնդիրները միանգամից, բայց այն որ առկա հնարավորությունները պետք է լիարժեք և հասցեական օգտագործենք՝ դրանում ես երկրորդ կարծիք չունեմ :
Գործընթացները, որոնք այսօր ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներքո իրականացնում ենք, մեկ տեսլական ունեն՝ քաղաքացիներին մատուցվող սոցիալական ծառայությունները դարձնել համայնքային, ինչը դրված է մեր քաղաքականության հիմքում: Նախարարությունն, իհարկե իր հիմնական գործառույթը՝ ոլորտի քաղաքականությունը մշակումը, իրականացնում է, բայց որպեսզի այս միասնական համակարգը ներդրվի ամբողջ հանրապետությունում, պետք է լիարժեք ներդնենք միասնական ընդունարանները՝ ապահովելով դրանց պայմաններն ու տեխնիկական ապահովվածությունը, տեղեկատվական բազաները, գույքը և հետո միայն համակարգը պատրաստի փոխանցենք համայնքներին:
Առաջիկայում ակնկալում ենք, որ Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում սոցիալական աշխատողներին իրենց աշխատանքն առավել արդյունավետ իրականացնելու համար կապահովենք համակարգչային գործիքներով: Ասենք օրինակ՝ տուն այցերի, հարցումների ժամանակ ընտանիքի կարիքները անմիջապես մուտք արվեն բազա:
Վստահ եմ, որ նախընթաց ժամանակահատվածում կատարված աշխատանքները ի մի բերելը, ճիշտ որոշումների կայացումը շատ կարևոր նշանակություն ունի, և, կարծում եմ, որ մեր բոլոր գործընկերները ակտիվորեն կընդգրկվեն գործընթացներում՝ բերելով թեկուզ մեկ խնդրի լուծում կամ կառուցողական առաջարկ:
Այսպիսով, առաջիկայում ունենալով ձեր կողմից ամփոփված առաջարկությունները, նախարարության կատարած աշխատանքների ամփոփ արդյունքները, վստահ եմ, որ ունենալու ենք կոնկրետ գործնական քայլեր:
Մեկ անգամ ևս ողջունում եմ այս նախաձեռնությունը, հատկապես կարևորելով ոլորտի պատասխանատուների ներկայությունը այս աշխատաժողովին, քանի որ յուրաքանչյուրիդ ներդրումը այս գործընթացում չափազանց կարևոր է:
Շնորհակալություն»: