Հարգելի գործընկերներ,
ԱԺ պատգամավորներ, սոցիալական աշխատողներ, համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ես իսկապես շատ կարևորում եմ այսօրվա միջոցառումը և հատկապես պարոն Բաբլոյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել իր ներկայությամբ այս հանրային լսումները պատվելու համար, քանի որ օրենքի նախագիծը, որը մշակվել և ներկայացվում է հանրային քննարկման, իսկապես, շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակականությունը ապահովելու գործում:
Վերջին տարիներին իրականացված բարեփոխումները սոցիալական պաշտպանության ոլորտում ունեցել են մի կարևոր նպատակ՝ ստեղծել իրավիճակ, նախադրյալներ, որպեսզի աստիճանաբար մեր ունեցած հնարավորությունների շրջանակներում մատուցվող ծառայություններից անցում կատարենք գնահատված կարիքի հիման վրա ծառայությունների տրամադրմանը: Բնականաբար մեր հիմնական կապիտալը մարդն է, Հայաստանի քաղաքացին, և սոցիալական պաշտպանության ոլորտն այս առումով էական նշանակություն ունի յուրաքանչյուրի կարողությունների գնահատման, յուրաքանչյուր քաղաքացու հնարավորությունների հաշվառման և գնահատված կարիքի հիման վրա համապատասխան ծառայությունների տրամադրման համատեքստում, որպեսզի մենք կարողանանք յուրաքանչյուր քաղաքացու ներուժը, պոտենցիալը օգտագործենք առավելագույնս հենց իր, իր ընտանիքի և ընդհանրապես հասարակության խնդիրների լուծման առումով:
ՀՀ-ում վերջին տարիներին իրականացվում է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը, որը ենթադրում է, որ մենք ստեղծում ենք միջավայր՝ ինտեգրելով տարբեր ծառայություններ, հնարավորություն տալով ծառայությունների մատուցումը ապահովել մեկ պատուհանից կամ չկա սխալ սկզբունքով, որը ենթադրում է, որ քաղաքացին իր ցանկացած սոցիալական խնդրով պիտի հնարավորություն ունենա այցելել ընդամենը մեկ տեղ և դրա շրջանակներում ստանա սոցիալական ծաառյություններ: Իրականացվում է տեղեկատվական ինտեգրում. այսօր ունենալով տարբեր տեղեկատվական հոսքեր՝ քաղաքացուն վերաբերող տարբեր տեղեկատվությունները համադրելով մեկ միասնական համակարգի ներքո հնարավորություն ենք ստեղծում աստիճանաբար տարանաջատել սոցիալական աշխատանքը սոցիալ-վարչարարական աշխատանքից:
Մենք ունենք բազմաթիվ սոցիալական ծառայություններ, քաղաքացիներին վերապահված իրավունքներ, որոնք չեն ենթադրում սոցիալական աշխատողներ, այլ ենթադրում են ուղղակի իրավունքի իրականացում համապատասխան օրենքի դրույթների կատարումն ապահովելու հիման վրա և բավարար է ընդամենը մեկ դիմում քաղաքացու սոցիալական իրավունքն իրացնելու համար:
Վերջին փոփոխությունների շրջանակներում գիտեք, որ մենք ստեղծել ենք առցանց դիմելու հնարավորություն, մասնավորապես ծննդյան միանվագ նպաստների դեպքում: Նախընթաց 8 ամսվա ընթացքում շուրջ 15 000 քաղաքացի ՀՀ-ում այդ իրավունքից օգտվել է առանց որևէ տարածքային կենտրոն այցելելու, առանց որևէ սոցիալական աշխատողի հետ առնչվելու, քանի որ այս դեպքում միանշանակ է, որ սոցիալական աշխատանքի կարիք չի եղել, կա օրենքով սահմանված իրավունք, կա համապատասխան ընթացակարգեր իրավունքի իրացման համար:
Եվ այս քայլերի տրամաբանությունը նաև մեզ թույլ է տալիս հասնել այն իրավիճակին, որ ստեղծենք ու ձևավորվենք այնպիսի միջավայր իրական սոցիալական աշխատողի գործունեությունը խթանելու, նրա համար անվանը համապատասխան նախադրյալներ ստեղծելու և սոցիալական աշխատանքի միջոցով մեր քաղաքացիներին խնդիրներին համալիր համապարփակ լուծումներ տալու նպատակով:
«Սոցիալական աշխատանքի մասին» օրենքի նախագիծը ներկայումս դրված է քննարկման: Մեր նախարարության աշխատակազմը օրենքի նախագծի մշակման աշխատանքները առաջնորդել է, բայց նախաձեռնությունը եղել է Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայինը:
Մենք կարծում ենք, որ սոցիալական աշխատողների ինստիտուտի ներդրման շրջանակներում առավելապես պիտի կարևորենք հենց իրենց՝ սոցիալական աշխատողների դերակատարումը: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ օրենքի նախագիծը դեռևս պետք է քննարկվի. կլինեն տարբեր առաջարկություններ մոտեցումներ, բնականաբար դրանք ամփոփելով, ի մի բերելով օրենքի նախագիծը կներկայացնենք արդեն Ազգային Ժողովի քննարկմանը:
Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում և կարևորում եմ բոլորիդ մասնակցությունը այս նոր ինստիտուտի կայացման գործում: