Քննարկվել են անչափահաս աշխատողների աշխատանքային իրավունքները

0
256

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը հոկտեմբերի 14-ին մասնակցել է «Անչափահասը որպես աշխատանքային իրավահարաբերությունների սուբյեկտ, անչափահասի աշխատանքի առանձնահատկություններն ու դրա նկատմամբ իրականացվող վերահսկողության մեխանիզմները» թեմայով քննարկմանը, որի նպատակը անչափահասների գործերով զբաղվող բաժանմունքների ծառայողների գիտելիքների բարձրացումն է:

Ժորա Սարգսյանը քննարկմանը ներկայացրել է ՀՀ սահմանադրությամբ, ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով անչափահասներին աշխատանքի ներգրավելու դեպքերում նախատեսված կարգավորումները, առանձնահատկություններն ու սահմանափակումները, որոնք վերաբերում են աշխատանքի, աշխատաժամանակի և հանգստի ռեժիմներին, հերթապահությանը և  ծանր, վնասակար, գիշերային, արտաժամյա աշխատանքներում չներգրավելուն:

Ներկայացվել են անչափահասների աշխատանքի կարգավորումներին առնչվող՝ ՀՀ կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններն ու դրանց իրացման շրջանակները: Քննարկվել են նաև անչափահաս աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀՀ-ում գործող վերահսկողական մեխանիզմները, իրավակիրառ պրակտկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Հանդիպման վերջում ՀՀ ոստիկանության ԱԳ ծառայողների կողմից տրվել են մի շարք հարցեր, ինչպես նաև ներկայացվել անչափահասների աշխատանքային իրավունքների խախտման դեպքերի բացահայտման գործնական խնդիրներ:

Քննարկումը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ս. Մարտիրոսյանի հրավերով նույն վարչության ԱԳԲ պետ, ոստիկանության փոխգնդապետ Մ. Մելիքսեթյանի ու ոստիկանության գնդապետ Ա. Վարդանյանի անմիջական մասնակցությամբ: