Նախարար Արտեմ Ասատրյանը շնորհավորել է «Փրկություն» ՀԿ-ին 20-ամյա գործունեության կապակցությամբ

0
209

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 17-ին մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն հասարակական կազմակերպության 20-ամյակին նվիրված միջոցառմանը:

Նախարարը շնորհավորել է կազմակերպությանը 20-ամյա գործունեության կապակցությամբ և նշել, որ այն չափազանց կարևոր առաքելություն է իրականացնում: «ՀՀ կառավարության կողմից մշակված քաղաքականության տեսանկյունից «Փրկություն» ՀԿն արդեն 20 տարի է, ինչ իրականացնում է մի առաքելություն, մի գործընթաց, որն այսօր ՀՀ կառավարությունը հռչակել է առաջնահերթություն՝ հիմնական խնդիր դիտարկելով այլընտրանքային ծառայությունների զարգացումը: Այլընտրանքային ծառայությունները թույլ են տալիս մեր երեխաներին, դեռահասներին, երիտասարդներին իրենց կյանքը շարունակել իրենց ընտանիքներում, իրենց հարազատ միջավայրում և շրջապատում՝ առանց մեկուսանալու»,-իր խոսքում ընդգծել է նախարարը:

Արտեմ Ասատրյանի խոսքով, նույնիսկ լավագույն պայմանները շուրջօրյա խնամքի հաստատություններում չեն կարող փոխարինել ընտանեկան ջերմությանը և մթնոլորտին: «Մեկ անգամ ևս շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում ձեր կատարած աշխատանքի համար, որն իսկապես այսօր շատ բարձր է գնահատվում և ցանկանում եմ, որպեսզի ձեր գործունեությունը շարունակեք նույն հունով և ոգևորվածությամբ, քանի որ այն իսկապես շատ կարևոր է մեր հասարակության համար»,-ասել է նախարարը:

Միջոցառման պաշտոնական մասն ավարտվել է պարգևների հանձնման հանդիսավոր արարողությամբ: Երկարատև ու բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ նախագահի հրամանագրով «Փրկություն» ՀԿ նախագահ Արփենիկ Աբրահամյանը պարգևատրվել է «Երախտագիության» մեդալով: ՀՀ նախագահի պարգևը հանձնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Այնուհետև կազմակերպության երեք աշխատակիցների տրվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շնորհակալագրեր: «Փրկություն» ՀԿ-ի կողմից ևս նախարար Արտեմ Ասատրյանին տրվել է շնորհակալագիր և հուշանվեր կազմակերպության 20-ամյա գործունեության ընթացքում իրականացված ծրագրերում գործուն աջակցության համար:

Միջոցառման ընթացքում կազմակերպության շահառուների մասնակցությամբ փոքրիկ բեմադրություն է ներկայացվել ապրիլյան պատերազմի թեմայով: Այնուհետև ներկայացվել է կազմակերպության գործունեությունը ներկայացնող տեսաֆիլմ: