Մարզերում շարունակվում են ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների վերաբերյալ սեմինարները

0
196

Հոկտեմբերի 11-12-ին Վայոց Ձորի և Սյունիքի մարզպետարաններում Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շրջանակներում անցկացվել են սեմինար-խորհրդակցություններ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ սկսվել է սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների 2-րդ փուլը և նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրման աշխատանքների համակարգող Մելս Հարությունյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Արամ Շահնազարյանը, ովքեր կարևորել են Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության մեթոդական օգնության բաժնի պետ  Արտակ Հարությունյանը ներկայացրել է տնային այցելությունների և սոցիալական դեպքի վարման վերաբերյալ մեթոդական ցուցումները, միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը, համագործակցության ձևաչափերը, համագործակցող կողմերի միջև փոխանակվող տեղեկությունների ծավալը, ինչպես նաև խնդրահարույց դեպքերի և ազգային մակարդակում տարածաշրջանային ֆորումների կազմակերպմանն առնչվող այլ հարցեր:

Հանդիպումների ընթացքում մասնակիցների կողմից տրվել են հարցեր, որոնք պարզաբանվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանի և նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների կողմից:

Հանդիպումների վերջում մարզերի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների մեկական աշխատողներ ներկայացրել են դեռևս ընթացքում գտնվող սոցիալական դեպքեր: Մանրամասն ներկայացվել են նաև գնահատված սոցիալական կարիքները և այդ ուղղությամբ սոցիալական աշխատողի կողմից ձեռնարկված բոլոր միջոցառումները:

Ներկայացված սոցիալական դեպքերը ինտերակտիվ կերպով քննարկվել են հանդիպման մասնակիցների կողմից:

Սեմինար-խորհրդակցություններին մասնակցել են մարզպետարանների աշխատակազմերի առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների, ՀՀ ոստիկանության համայնքային և անչափահասների գործերով բաժինների, կրթական և առողջապահական հաստատությունների, զինվորական կոմիսարիատների ներկայացուցիչները, ինչպես նաև մարզերի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) աշխատողները: