Նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

0
142

Հարգելի գործընկերներ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ: Նոյեմբերի 4-ը Սոցիալական աշխատողի մասնագիտական օրն է, ինչն իսկապես լավ առիթ է անդրադառնալու սոցիալական աշխատողի առաքելությանն ու նրա կարևոր դերակատարությանը մեր հասարակությունում:

Այսօր Հայաստանի Հանրապետությունում լայն թափով ընթանում են Սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման աշխատանքները, որտեղ փորձում ենք սոցիալական աշխատանքը տարանջատել սոցիալ-վարչարարական աշխատանքից: Այս գործընթացի կարևորագույն մաս է կազմում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը, որը ենթադրում է, որ մենք ստեղծում ենք միջավայր՝ ինտեգրելով տարբեր ծառայություններ, հնարավորություն տալով ծառայությունների մատուցումն ապահովել մեկ պատուհանից կամ չկա «սխալ դուռ» սկզբունքով: Այստեղ է, որ մենք պետք է ստեղծենք ու ձևավորենք այնպիսի միջավայր, որտեղ սոցիալական աշխատանքի միջոցով, գնահատված կարիքի հիման վրա, մեր քաղաքացիներին տրվեն համապատասխան սոցիալական ծառայություններ:

Սոցիալական աշխատողի դերի բարձրացմանն ու գործունեության կանոնակարգմանն ուղղված մշակվել է նաև «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը միտված է սոցիալական աշխատողի գործունեությունը խթանելուն, նրա անվանը համապատասխան նախադրյալներ ստեղծելուն և սոցիալական աշխատանքի միջոցով մեր քաղաքացիների խնդիրներին համալիր լուծումներ տալուն:

Հարգելի սոցիալական աշխատողներ, ցանկանում եմ, որ երբևէ չկորցնեք հավատը Ձեր կարևոր աշխատանքի նկատմամբ, միշտ լինեք դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների կողքին՝ նրանց մեջ հույս և վստահություն արթնացնելով սեփական ուժերի և վաղվա օրվա նկատմամբ:

Պահպանեք Ձեր մարդասիրությունն ու գթասրտությունը, որի կարիքն այնքան շատ ունի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ Ձեր պատվաբեր աշխատանքում: