Եթե «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն Ազգային Ժողովն ընդունի, ապա ծրագրի իրականացման առաջին տարում աշխատանքի վերադառնալու դեպքում պետական աջակցության կստանա շուրջ 200 շահառու:
Ավելի պարզ ասած, խոսքը մինչև 2 տարեկան երեխաների՝ աշխատանքի վերադարձող մորը դայակ վարձելու հարցում օգնելու մասին է: Կառավարությունն այդ նպատակի համար նախատեսում է յուրաքանչյուր աշխատող մորը ամսական տրամադրել մինչև 55 հազար դրամ գումար:
Հստակեցնենք, եթե աշխատող մայրը որոշում է մնալ տանը, անձամբ խնամել երեխային, ապա ստանում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար նախատեսված 18 հազար դրամը:
«Սա նոր ծրագիր է: Մենք հաշվի ենք առել այն օբյեկտիվ իրավիճակը, որ աշխատանքի վերադառնալու որոշում կայացրած մորը նման աջակցության տրամադրման անհրաժեշտություն կա, պետք է խրախուսել և օգնել, որ աշխատանքի վերադառնալու ցանկություն ունեցող մայրերը կարողանան այն անել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությայն աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:
Նախագիծը հիմնավորելիս մասնագետները նշել են՝ զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ ծնելիությունը ներկայումս ավելի բարձր է այն տարածքներում, որտեղ աշխատող մայրերի տոկոսն ավելի բարձր է, որտեղ կանանց կրթական մակարդակն ավելի բարձր է և որտեղ գործազրկության մակարդակն ավելի ցածր է: Օրինակ՝ Իսլանդիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում և Դանիայում, որտեղ ծնելիության մակարդակը տատանվում է 1.9-2.2 երեխայի ծնունդ մեկ կնոջ հաշվով սահմաններում, 25-54 տարեկան բոլոր մայրերի 75-85 տոկոսը զբաղված են: Նման երկրներում մինչև երեք տարեկան երեխաներ ունեցող մայրերն ավելի հաճախ են վերադառնում աշխատանքի, քան ցածր ծնելիության մակարդակ ունեցող երկրներում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում չունեն վիճակագրական տվյալներ, թե Հայաստանում քանի աշխատող մայրիկ երեխայի խնամքի կազմակերպման գործում պետական աջակցության բացակայության պայմաններում չի կարողացել վերադառնալ աշխատանքի: Չկան նաև տվյալներ, թե այս պահին քանի դայակ է խնամում աշխատանքի վերադարձած ծնողների երեխաներին:
«Առաջին տարվա համար նախատեսվում է, որ ծրագիրը կունենա 200 շահառու: Սա նախնական թիվ է, մյուս տարիներին, հաշվի առնելով արդյունքները, առաջարկ-պահանջարկը, ֆինանսական միջոցները, հնարավոր է այդ թիվն ավելանա»,-ասաց վարչության պետը:
Ժ. Սարգսյանի խոսքով, նախագիծը ներկայացնելով իրենք նպատակ ունեն լուծել կայուն զբաղվածության ապահովման հարցը, խրախուսել, որ աշխատողները վերադառնան աշխատանքի, այն դրական ազդեցություն կարող է ունենալ և տնտեսության, և ընտանիքների բերակեցության առումով:
«Սա ոչ թե վիճակագրությունից բխող փոփոխություն է, այլ ժամանակի թելադրանք: Դա հնարավորություն է տալիս, որ նրանք տնտեսության մեջ որոշակի արդյունք ստեղծեն, իրենց ընտանիքի բարեկեցությունն ապահովեն»,-ասաց նախարարության պաշտոնյան:
Հայաստանում աշխատանքի վերադարձող մայրիկների երեխաներին հիմնականում խնամում են տատիկները: Նրանց վարձատրելու հարցում կօգնի՞ պետությունը: Նախարարության ներկայացուցիչն այս առումով նշեց՝ օրինագծի ընդունումից հետո կառավարության որոշմամբ դեռ ընթացակարգ պետք է սահմանվի, որը պատասխան կտա այդ ու այլ հարցերի:
«Մեր մոտեցումն այն է, որ պետք է լինի պայմանագիր, որի շրջանակում է այդ ծառայությունը մատուցվելու: Այս պահին մենք որևիցե բացառություն չենք սահմանել, այդ թվում ընտանիքի անդամի հետ կապված: Բայց էլի եմ ասում, որ ընթացակարգը պետք է սահմանվի, ամեն դեպքում կարծում եմ՝ այդ մասով որևէ խոչընդոտ չի կարող լինել»,-պարզաբանեց վարչության պետը:
Ենթադրենք օրենքի ընդունման հենց առաջին տարում 400 ծնող է հայտ ներկայացնում՝ օգտվելու պետության աջակցությունից: Շահառու կարող են լինել 200-ը: Ինչպե՞ս են ընտրվելու նրանք: Այս հարցի պատասխանը նախարարությունում դեռ չունեն, կառավարության որոշմամբ են սահմանվելու առաջնահերթություններն ու շահառու դառնալու ընթացակարգը: Նախնական տվյալներով, յուրաքանչյուր շահառուի համար պետությունը երեխայի խնամքի 1-ին տարում կվճարի մինչև 11×55. 000 դրամ գումար:
«Մեկ ամիս մայրը գտնվում է իր ամենամյա արձակուրդի մեջ և կարող է իր երեխային խնամել»,-պարզաբանեց վարչության պետը:
Օրինագծի հեղինակներն ակնկալում են, որ փոփոխությունների ընդունումից հետո երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունների մեծացում՝ աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների համատեղման հնարավորությունների ապահովման միջոցով: