«Կանաչ գոտի» ծրագրի իրականացման նպատակով կնքվել է համագործակցության հուշագիր

0
131

Սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից «Կանաչ գոտի» ծրագրի իրականացման շրջանակներում նոյեմբերի 8-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում իրականացվել են ծառատնկման աշխատանքներ:

Կոթի և Բարեկամավան համայնքների ծառատնկման աշխատանքներին մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, նախարարության աշխատակիցներ, համայնքների վարչակազմի ղեկավարներ, համագյուղացիներ, զինվորականներ, ինչպես նաև սոցիալական աջակցության Նոյեմբեյանի տարածքային գործակալության աշխատակիցներ:

«Կանաչ գոտի» ծրագրի իրակացման նպատակով սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված հանձնաժողովի՝ ի դեմս նախարարի առաջին տեղակալի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի՝ ի դեմս համայնքի ղեկավարի միջև կնքվել է համագործակցության հուշագիր:

Ծառատնկման աշխատանքներից հետո համալիր սոցիալական ծառայությունների Նոյեմբերյանի տարածքային կենտրոնում, սոցիալական դեպքի վարման ներդրման ծրագրի շրջանակներում, նախարարի առաջին տեղակալ Ա. Պետրոսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Նոյեմբերյանի սոցիալական տարածքային գործակալության աշխատակիցների կողմից ներկայացված սահմանամերձ համայնքների բնակիչներին վերաբերող երկու սոցիալական դեպք:

Բուռն քննարկման ընթացքում հնչել են բազմաթիվ առաջարկություններ և տրվել համապատասխան հանձնարարականներ դեպքի վարման մեթոդաբանության առավել ճիշտ լուծումների և անհրաժեշտ ռեսուրսների հայթայթման ուղղությամբ: Քննարկմանը մասնակցել են Տավուշի փոխմարզպետը, Նոյեմբերյան համայնքի ղեկավարը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների ներկայացուցիչները: Աշխատանքային այցի ավարտին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի սոցիալապես անապահով ընտանիքներին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրվել է մարդասիրական օգնություն՝ սննդի և հագուստի տեսքով: