Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեծ փոփոխություններ է նախատեսում սոցիալական պաշտպանության ոլորտում: 2012-ից սկսած` նախարարությունն ինտեգրում է տարածքային կենտրոնները, քաղաքացիների սպասարկումը դարձնում է մեկ պատուհանից, ընդհանուր առմամբ նախարարությունը գնում է սոցիալական ծառայությունների մատուցումն առցանց դարձնելու ճանապարհով: Պարզվում է՝ վերջին փոփոխությունները մեկ ընդհանուր փաթեթ ունեն, սոցիալական պաշտպանության ոլորտում ներդրվող նոր մոդելը կոչվում է Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ;
Մեր զրույցն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանի հետ այն մասին է, թե ինչ է տվել նախարարության կողմից ներդրվող համակարգը, ինչ խնդիր է լուծում քաղաքացիների համար, պետական համակարգի և, մասնավորապես, սոցիալական ծառայություններ մատուցող գերատեսչության համար:
– Այս համակարգի ներդմամբ մեր մեծագույն նպատակը երկրում սոցիալական ծառայությունները մատչելի և ավելի հասցեկան դարձնելն է, իսկ այդ մեկ միասնական նպատակին ծառայելն արդեն իսկ շահեկան է թե՛ քաղաքացու համար, և թե՛ պետության ու մեր համակարգի դիտանկյունից: Հատկապես վերջին տարիների ընթացքում կառավարությունը փորձում է վարվող քաղաքականությամբ ավելի հասցեական դարձնել ու որակապես բարելավել բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունները:
Մեր երկիրն էլ սահմանափակ ռեսուրսներ ու մեծաքանակ կարիքավորներ ունեցող երկրներից է, հետևապես՝ պետական համակարգը միշտ խնդիր ունի առավել խոցելի խմբերին ուղղված սոցիալական ծրագրերը մատչելի դարձնելու:
Օրինակ, մեր աջակցության ամենամեծ ծրագրերից մեկը` ընտանեկան նպաստի համակարգը, նույնիսկ դրսի փորձագետների գնահատականներով՝ 75 տոկոսից ավելի հասցեականություն է ապահովում, բայց դա մեզ չի բավարարում, որովհետև մեծաթիվ աղքատ, անապահով ընտանիքներ, նույնիսկ ծայրահեղ աղքատներ դուրս են մնում համակարգից:
Ահա այսպիսի դեպքերի համար ու շատ ավելի ընդգրկուն մասշտաբներում էական խնդիր է լուծում ինտեգրված ծառայութունների համակարգը (ԻՍԾՀ): Ներդրվող նոր համակարգի շնորհիվ նախարարության համար տեղեկատվական հզոր բազա է ձևավորվում, որը հնարավորություն կտա իրականացվող ծրագրերը համարյա անշեղորեն հասցնել հասցեատերերին, օգնել այն քաղաքացուն, որն իրականում կարիքավոր է, և ծառայությունները մատուցել՝ ըստ անձի գնահատված կարիքների: Բացի այդ, ԻՍԾՀ-ն հնարավորություն է տալիս՝ երկրի, պետական գանձարանի սահմանափակ ռեսուրսների վրա հենվելուց զատ, իրականացնել հանրության մեջ ունեցած բոլոր ռեսուրսների մոբիլիզացիա:
Սա մեր առանցքային մոտեցումներից մեկն է, որ մեր երկրում առկա սոցիալական պաշտպանության խնդիրը միայն պետությանը չէ, սա նաև հասարակության անելիքն է: Հասարակության տարբեր շերտերում կան, այլ կերպ ասած, թափառող կամ ոչ նպատակային վատնվող ռեսուրսներ, և երբ պետության միջոցները չեն բավարարում, շատ կարևոր է մասնավոր սեկտորին բերել համագործակցության դաշտ:
Սոցիալական համագործակցության փայլուն օրինակ է, երբ պետության հետ մեջք մեջքի կանգնած` անապահովների համար սոցիալական խնդիր է լուծվում բիզնես միջավայրում սոցիալական միջոցառումների ու զանազան ծրագրերի միջոցով: Մեր ուզածն էլ հենց դա է` համախմբել պետական և մասնավոր հատվածի ռեսուրսները և առավել նպատակային դարձնել աջակցությունը:
Վերջերս մեր բոլոր կառուցակարգերի վերանայումն ուղղված է նաև այս փիլիսոփայությանը, վկան` անցած տարի նախարարության կողմից ձևավորված պետական և հասարակական սեկտորի համագործակցության մեծ հարթակն է` Ազգային մակարդակում:
Ինստիտուցիոնալ հիմքերի վրա է այս ամենը, և մեր փոխգործակցությունը տվել է արդյունքներ: Դրանցից մեկը մարզային աջակցող ցանցն է: Սա նույնատիպ մի հարթակ է, որն ունի մարզային պոտենցիալի մասշտաբների ընդգրկում: Ցանցում իրենց կարողություններով ու հայեցողաբար ներգրավված են այն մարզային գերատեսչական հիմնարկները, որոնք սոցիալական ծառայություն են իրականացնում, գործարարներ, բարերարներ, հմտություններ ունեցող մասնագետներ և պարզապես բարի կամքի տեր մարդիկ: Աջակցող ցանցի ներուժը մարզերում գործի է դրվում սոցիալական աշխատողի միջամտությամբ և այն դեպքերում, երբ պետության կողմից անապահով ընտանիքներին տրվող աջակցությունը նվազ է համարվում:
– Կարելի՞ է ենթադրել, որ հիմնովին փոխվել է նաև սոցիալական աշխատողի կատարած աշխատանքի բովանդակությունն ու փիլիսոփայությունը, կմանրամասնե՞ք՝ ի՞նչ է արվում այս ուղղությամբ:
– Ոչ վաղ անցյալում քաղաքացին դիմում էր և ասում՝ անապահով ընտանիք եմ, նպաստ եմ ուզում, փաստաթղթերը ձեռքից վերցնում, ստուգում էին ու նպաստ էին նշանակում: Հիմա սոցիալական ծառայություն անձին ու ընտանիքին մատուցվում է ոչ թե ըստ պահանջմունքի, այլ իրական կարիքների հիման վրա, որտեղ պետական աջակցությանը գալիս է փոխլրացնելու նաև աջակցող ցանցի ռեսուրսները:
Սոցաշխատողն անձի դիմումի հիման վրա սկսում է դեպքի վարումը, համակողմանիորեն ուսումնասիրում է ընտանիքի կարիքները, կազմում է նրա անհատական ծրագիրը, և ըստ գնահատված կարիքների՝ մոբիլիզացնում է պետական և ոչ պետական ռեսուրսները:
Իսկ եթե դեպքի վարման ընթացքում սոցիալական աշխատողը բացահայտում է, որ քաղաքացին ունի սոցիալական իրավունքն իրացնելու խնդիր մեկ այլ պետական հիմնարկի հետ, ապա վերջինիս միջամտությամբ կամ ուղղորդմամբ լուծում է գտնում անձի նաև տվյալ խնդիրը, չէ՞ որ ԻՍԾՀ-ի ներդրմամբ մեր նախարարությունը համագործակցում է իրենց գործառույթներում սոցիալական ծառայություն ունեցող նաև մյուս նախարարությունների հետ: Միջգերատեսչական համագործակցությունն ԻՍԾՀ-ի առանցքային ֆունկցիաներից մեկն է համարվում:
– Փաստորեն նման դեպքերում գլխավոր պատասխանատուն համարվում է սոցիալական աշխատողը, այո՞:
– Այո, ընտանիքին կյանքի դժվարին իրավիճակից դուրս բերողը և այդ գործընթացը կազմակերպողը հենց սոցիալական աշխատողն է: Նա պիտի բացահայտի ոչ միայն սոցիալական պաշտպանության դաշտից դուրս մնացած անձին կամ ընտանիքին, նա պիտի կարողանա կոորդինացնել նաև ցանցի աշխատանքները, այդ ընտանիքին ծանր վիճակից դուրս բերելու ծրագրերը թիմային կազմով մշակի և իրականացնի:
– Սոցիալական աշխատողը մի՞շտ է տիրապետում սոցիալական օրենքներին, արդյո՞ք հնարավոր է քաղաքացու իրական կարիքների մասին ամբողջական և հավաստի տեղեկատվություն ունենալ:
– Անձի իրական կարիքները հասկանալու համար բավարար չէ ՏԻՄ-ի հետ համագործակցությունը, ընտանիքի անդամների կարողությունները, կարիքները գնահատելու համար պարտադիր պայման է տունայցերն և կենդանի շփումները:
Իսկ որպեսզի հասկանաս, թե է՞լ ինչ կա, որի մասին քաղաքացին գուցե նաև լռում է՝ իր շահերից ելնելով, այդ դեպքում սոցաշխատողին լիարժեք ինֆորմացիա է տալիս նախարարության կողմից ստեղծված միասնական տեղեկատվական բազան: Այստեղ ներառված է գրեթե ամբողջական տեղեկատվություն անձի ու ընտանիքի, և թե հնարավորությունների, ունեցվածքի, առողջական վիճակի մասին: Բազայում այլ պետական համակարգերի տեղեկատվական շտեմարաններն էլ են ներառված, իսկ դա նշանակում է, որ ցանկացած անձի սոցիալական կարգավիճակը հնարավոր է արագ որոշել հենց այս բազայի շնորհիվ:
Ստացվում է, որ ԻՍԾՀ-ն տեղեկատվական հզոր բազայի ձևավորման միջոցով լուծում է սոցիալական պաշտպանության ոլորտում մեկ միասնական տեղեկատվական համակարգի գործարկման խնդիրը, իսկ դա էլ իր հերթին՝ օպտիմալացնում է և՛ ժամանակային, և՛ ծախսային ռեսուրսները՝ քաղաքացու շահերի և նախարարության գործառույթների տեսանկյունից:
Մի քանի տարի հետո, երբ համակարգն ամբողջովին ներդրված կլինի օրենսդրական մակարդակում, տեղեկատվականում և միջգերատեսչական համագործակցության մակարդակում, ապա մենք վստահաբար կարող ենք պնդել, որ Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը բեկում մտցրեց երկրի սոցիալական պաշտպանության ոլորտում:
Աղբյուրը՝ 168.am