Քննարկվել են զարգացման բազմակի խնդիրներ ունեցող երեխաների խնդիրները

0
141

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը նոյեմբերի 17-ին մասնակցել է «Ինստիտուցիոնալիզացիայից դեպի ներառում» խորագրով համաժողովի աշխատանքներին:

Նախարարության համակարգում գործող Խարբերդի մասնագիտացված մանկատունը, ԱՄՆ-ի «Պերկինս կույրերի դպրոցը», «Ձեզ համար» հասարակական կազմակերպությունը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը տարիներ շարունակ համատեղ իրականացրել են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են եղել Հայաստանի Հանրապետությունում ներառական կրթության համակարգի խնդիրներին ու զարգացմանը:

Հերթական համաժողովի նպատակն էր ի մի բերել համատեղ կատարած աշխատանքների առանձնահատկությունները, քննարկել զարգացման բազմակի խնդիրներ ունեցող երեխաների ներառման հարցերը, նրանց սոցիալական հավասարության երաշխիքները:

Ողջունելով ներկաներին Արայիկ Պետրոսյանը նշել է, որ նախարարության  և Պերկինսի անվան կույրերի դպրոցի համագործակցությունը սկսվել է 2006 թվականից և արդյունավետ գործունեություն է ծավալել Գյումրու «Երեխաների տուն», «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» և «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» հաստատություններում:

«Մասնագիտացված մանկատներին և ներառական կրթության համակարգի կայացմանն ուղղված այս աջակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի նախարարության համար: Կիրառվող  արդիական մեթոդաբանությունը դրական արդյունքներ է արձանագրում հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքն առավել արդյունավետ  կազմակերպելու և անհրաժեշտ ծառայություններ տրամադրելու գործում»,- ընդգծել է Արայիկ Պետրոսյանը:  

Տարիներ շարունակ «Պերկինս կույրերի դպրոցի» մասնագետների կողմից մասնագիտացված մանկատների աշխատակիցների համար իրականացվել են միջոցառումներ, սեմինարներ, մասնագիտական խորհրդատվություններ՝ տեսողության խնդիրներ ունեցող և կույր երեխաների խնամքի, բժշկական և սոցիալական սպասարկման և վերականգնման գործընթացի, նրանց զարգացման և կրթական հիմնախնդիրների լուծման առավել արդյունավետ կազմակերպման նպատակով:

Համաժողովի ընթացքում քննարկվել են ներառական ծրագրերի զարգացման միտումները, շուրջօրյա խնամքի հաստատությունների բեռնաթափման հարցերը, հաշմանդամություն ունեցող երեխաների կարողությունների վերականգնման ու իրավահավասարության խնդիրները:

Համաժողովի ավարտին նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը բազմամյա համագործակցության և մասնագիտական մանկատների գործունեությանն ուղղված աջակցման համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի անունից շնորհակալագիր է հանձնել «Եվրոպայի և Եվրասիայի Պերկինս միջազգայինի» տարածաշրջանային ղեկավար Դեննիս Լոլլիին: