Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Այսօր յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր քայլերով, մեր նախաձեռնություններով և ոլորտում իրականացվող բազմաթիվ ծրագրերով պետք է իրականացնենք հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելուն ուղղված կարևոր քաղաքականությունը:
Մենք պետք է մեր ամենօրյա աշխատանքով ապահովենք նրանց՝ լիարժեք ապրելու, երկրի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը:
Թեև մեր պետությունը երկար ճանապարհ է անցել հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանն ու մատչելիության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում, սակայն արդյունքները բավարար համարել չի կարելի. անելիքները շատ ավելին են, քան արձանագրած ձեռքբերումները:
Մեծապես կարևորում եմ ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը որդեգրած քաղաքականության իրականացման գործում, և պետք է նշեմ, որ համագործակցության լավագույն արդյունքներից մեկը «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ մշակումն է, որը կյանքի կոչելուց հետո նախադրյալներ կստեղծվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ապահովելու գործում:
Առաջնորդվելով օրվա խորհրդով՝ հորդորում եմ յուրաքանչյուր քաղաքացու ականջալուր լինել մեզ շրջապատող հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին և պատկան մարմինների հետ համատեղ ջանքերի և նպատակաուղղված աշխատանքի համադրմամբ ապահովել նրանց իրավունքների իրացման հնարավորությունները: